Որոնել
Արխիվ
16.04.2019  14:10

ՉԼ. Դիմակայություն, որը միշտ որոշիչ է կամ գոլառատ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կկայանա «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը: Մեկ շաբաթ առաջ կատալոնական թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում` 1:0:

Պատմություն

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եվրագավաթներում հանդիպել են 12 անգամ և միշտ դրանք եղել է որոշիչ կամ դիտարժան հանդիպումներ: Երկու անգամ «բլաուգրանան» անգլիացիներին հաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում (2009, 2011), իսկ «կարմիր սատանաները» չեմպիոնական խաղում նրանց նկատմամբ առավելության են հասել Գավաթակիրների գավաթում (1991):

Երկու խաղերից բաղկացած դիմակայություններում այս թիմերը մրցել են երկու անգամ և երկու դեպքում էլ առավելությունը եղել է ՄՅՈւ-ի կողմը` Գավաթակիրների գավաթ (1983-84) և Չեմպիոնների լիգա (2007-2008):

Այնուամենայնիվ գեղեցիկ ֆուտբոլի սիրահարներին ավելի շատ տպավորել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում համաշխարհային այդ երկու գրանդների հանդիպումները: 1994-95 մրցաշրջանում Յոհան Կրուիֆի «երազանքի թիմը» սեփական հարկի տակ Ռոմարիոյի ու Խրիտստո Ստոիչկովի շնորհիվ ջախջախել է 4:0 հաշվով, իսկ «Օլդ Թրաֆորդում» գրանցվել է 2:2 հաշիվը: Էլ ավելի լեգենդար է դարձել 1998-99 մրցաշրջանի խմբային փուլում նրանց դիմակայությունը, երբ երկու խաղերում էլ գրանցվել է 3:3 հաշիվը, որոնց ժամանակ եղել տուգանային հարվածից գոլեր Ռիվալդոյի ու Դևիդ Բեքհեմի կողմից, ինչպես նաև շրջադարձ հարվածով գոլ նույն Ռիվալդոյի կատարմամբ:

Միջազգային չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի ի հայտ գալուց հետո «Բարսան» ու ՄՅՈւ-ն սկսել են հաճախ հանդիպել: Չորս խաղերում թիմերը երկուական հաղթանակներ են տոնել:

Ինչ սպասել այսօրվա խաղում

Ակնհայտ է, որ առաջին խաղում Օլե-Գունար Սուլշերի` 5-3-2 տակտիկական դասավորությունը նորվեգացին հաջողված է համարում, որովհետև նրանք կարողացան զգալիորեն բարդացնել «Բարսելոնայի» խաղը, որն իր հերթին արագ գոլից հետո չէր ձգտում մեծ ուժերով գրոհել: ՊՍԺ-ի դեմ հաղթական խաղն ապացուցել է, որ անգլիացիներին այժմ ավելի ձեռնտու է խաղալ հակագրոհների տակտիկայով և սպասել մրցակիցների սխալներին, նույնիսկ եթե նրանք են պարտվողի դերում: Նման պարագայում կարելի մեկնարկային կազմում սպասել արագաշարժ Մարսիալին, Ռեշֆորդին և Լինգարդին: Այլ հարց է, որ «Բարսելոնան» դեռ Անգլիայում ցույց տվեց, որ դեմ չէ հետ քաշվել և սպասել մրցակցի սխալներին: Նման պարագայում Ռոմելու Լուկակուի ներկայությունն ավելի օգտակար կլիներ «Յունայթեդին»: Խաղային դասավորությունը փոխելու պատճառ կարող է դառնալ այս թիմերի նախորդ մրցավեճում կենտրոնականներից ամենաձախ պաշտպանի դիրքում հանդես եկած Լյուկ Շոուի որակազրկումը, սակայն նրան կարող է փոխարինել վնասվածքից ապաքինված Մատեո Դարմիանը:

Հետաքրքիր է, որ Սուլշերը կարծում է` եթե բաց, գոլառատ խաղ ընթանա, նրա թիմը հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, չէր որ մեկ գոլ խփելուց հետո ամեն հաջորդ գնդակը ՄՅՈւ-ի համար հաղթականի կարգավիճակ կունենա:

«Կապտանռնագույնների» մարզիչ Էրնեստո Վալվերդեն արդեն հայտարարել է, որ փորձելու են ՄՅՈւ-ին թույլ չտալ նույնիսկ մեկ գոլ խփել, ինչը խոսում է սովորականից զգույշ գործելու մտքերի մասին: Կազմի հարցում Վալվերդեն վերջի շրջանում բարդ ընտրություն ունի միայն աջ պաշտպանի ու ձախ վինգերի դիրքերում: Արագաշարժ Նելսոն Սեմեդուի ներկայությունը Անտոնի Մարսիալի կամ մյուս արագ ֆուտբոլիստների դեմ կրկին ակտուալ է: Ֆիլիպե Կոուտինյոյի հետ մրցակցող Ուսման Դեմբելեն վնասվածքից հետո դեռ լավ մարզավիճակ չի հավաքել, իսկ Մալկոմին կարևոր խաղերում Վալվերդեն հազվադեպ է վստահում:

Կորուստներ

Տանտերերի կազմում վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնեն Թոմաս Վերմալեմն ու Ռաֆինյա Ալկանատարան, ովքեր մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ չեն: Հյուրերից խաղին չեն մասնակցի Լյուկ Շոուն, Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան ու Անդեր Էրրերան, ովքեր առողջ ժամանակ հաճախ են հայտնվում մեկնարկային կազմում: Վնասվածքից ապաքինվել ու Կատալոնիա են մեկնել Ալեքսիս Սանչեսն ու Նեմանյա Մատիչը:

Դեղին քարտ ստանալու դեպքում հաջորդ խաղը բաց կթողնեն «Բարսայից» Սերխիո Բուսկետսն ու Նելսոն Սեմեդուն, իսկ ՄՅՈւ-ից` Նեմանյա Մատիչն ու Էշլի Յանգը:

Խոսքեր խաղից առաջ

«1999 թվականի ՉԼ-ի եզրափակչից հիշողությունները հիասքանչ են: Միայն այդ օրն եմ խաղացել «Նոու Կամպում», բայց հաճախ եմ վերհիշում այդ երեկոն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» խաղի հաղթական գոլի հեղինակ դարձած Սուլշերը:

«Լավ լուրը նրանում է, որ մենք ՊՍԺ-ն չենք: Իրավիճակը վտանգավոր է, իսկ մեր առավելությունը փոքր: Կարիք չկա հիշեցնել մեկ տարի առաջ «Ռոմայի» դեմ խաղում տեղի ունեցածը: Չենք ուզում կրկնել նույն սխալները և օգտվելու ենք այդ խաղում կուտակած փորձից»,- ասել է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման մրցավարն է լինելու գերմանացի Ֆելիքս Բրիխը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000