Որոնել
Արխիվ
16.04.2019  10:00

Կայուն հայկական ֆուտբոլը. Մարզչական փոփոխությունների թիվը սահման չունի

Հայաստանի առաջնությունում վերջին օրերին մարզչական փոփոխությունների տարափ է: Ընդհանրապես, հայկական ֆուտբոլի համար գլխավոր մարզիչների հաճախակի փոփոխությունը սովորական երևույթ է դարձել, սակայն ընթացիկ մրցաշրջանը ռեկորդային թվերի է հասնում:

Բարձրագույն խմբի 9 թիմերից 8-ը մրցաշրջանի ընթացքում արդեն փոխել են գլխավոր մարզչին: Ինչպես միշտ, անվրդով է մնում «Շիրակը», որը 2011 թվականից վստահում է միայն Վարդան Բիչախչյանին:

«Ալաշկերտը» մրցաշրջանը սկսել է Վարուժան Սուքիասիանի գլխավորությամբ, բայց արդեն սեպտեմբերի վերջին նրա տեղը զբաղեցրել է «Բանանցից» հեռացած Արամ Ոսկանյանը: Վերջինիս գլխավորությամբ «Ալաշկերտը» խաղաց մինչև այսօր, երբ հայտնի դարձավ, որ Ոսկանյանին փոխարինել է ակումբի բոլոր չեմպիոնությունների հետ անմիջական կապ ունեցող Աբրահամ Խաշմանյանը: Ալաշկերտի սեփականատեր Բագրատ Նավոյանն իր ոճով` առաջին իսկ որոշակի անհաջողությունից հետո փոխում է մարզչին: Այդ հարցում նա նույնիսկ Ֆլորենտինո Պերեսից անհամբեր է:

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանը սկսեց Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ, չնայած նրան, որ թիմը մինչև այդ նախապատրաստել էր Անդրանիկ Բաբայանը: Բելառուս մասնագետը նույնպես երկար չաշխատեց: 2018 թվականի հոկտեմբերի 1-ին նորաստեղծ թիմի ղեկը վստահվեց Հայաստանի հավաքականին պատմության լավագույն արդյունքներին հասցրած Վարդան Մինասյանին: Նա չտպավորող մեկնարկից հետո հիմա թիմին դուրս է բերել առաջին տեղ ու չեմպիոնության գլխավոր ֆավորիտը դարձրել:

Հայաստանի ամենահեղինակավոր թիմը` «Արարատն» ավանդույթի պես զերծ չմնաց սկանդալներից ու կադրային փոփոխութուններից: Թիմն առաջնությունը սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, ով եկել էր Իսպանիայից և հարձակվողական ֆուտբոլ էր ուզում դավանել: Այնուամենայնիվ, մի քանի պարտություններից հետո Ստեփանյանի փոխարեն թիմի ղեկը հոկտեմբերի 1-ին (կրկին այդ օրը) ստանձնեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս 2014 թվականին շատ մոտ էր եղել «Արարատին» չեմպիոն դարձնելուն, սակայն պաշտոնոնակ էր արվել առաջնության ավարտից չորս տուր առաջ, երբ թիմն ԱՌԱՋԻՆ տեղում էր: Խաշմանյանը միանգամից ասաց, որ նպատակը հաջորդ մրցաշրջանն է, սակայն նույնիսկ ընթացիկ առաջնության ավարտը չմնաց թիմում` հայտնվելով ֆուտբոլիստին ծեծելու մեղադրանքի սկանդալում: Այժմ «Արարատը» գլխավորում է Տիգրան Եսայանը:

«Արցախը» մեկնարկեց Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ: Թիմի կազմում իրենց լավ դրսևորեցին մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հետագայում ավելի ուժեղ առաջնություններ տեղափոխվեցին: Այնուամենայնիվ, Նազարյանը չշարունակեց աշխատանքն «արծիվների» հետ, քանի որ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն կատարվեց: Նրա հեռանալուց հետո «Արցախը» գլխավորում է Սևադա Արզումանյանը:

«Բանանցը» մրցաշրջանը մեկնարկեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, ով արդեն երկրորդ տուրից հետո հրաժարական տվեց` պատճառաբանելով, որ տվյալ կազմով իր առջև դրված չեմպիոնության խնդիրն անիրագործելի է: Նրան փոխարինեց ակումբի ակադեմիան գլխավորող Իլշատ Ֆայզուլինը, ով մի քանի տրանսֆերներից հետո ներկայումս լրջորեն հավակնում է այդ չեմպիոնական կոչմանը:

«Գանձասար-Կապանը» մրցաշրջանի ընթացքում մի քանի առաջատար խաղացողներից զրկվելուց հետո չկարողացավ Եվրոպա լիգայի խաղարկությունում իր ցուցադրած ֆուտբոլի մակարդակին վերադառնալ և գրեթե կորցրեց նույնիսկ եվրագավաթային գոտում հայտնվելու շանսերը: Խնդիրը լուծել չկարողանալու պատճառով գլխավոր մարզչի պաշտոնը փաստացի լքեց Աշոտ Բարսեղյանը, ում փոխարինեց նրա օգնական, կապանցիների նախկին ֆուտբոլիստ Արմեն Պետրոսյանը: Վերջինս երեկ հաստատեց, որ նա է ղեկավարում «արջերին», իսկ Բարսեղյանը միայն խորհրդատու է:

«Լոռին» սենսացիոն մեկնարկ ունեցավ առաջնությունում և որոշ ժամանակ նաև առաջին տեղում էր: Դա համարվում էր նաև գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ձեռքբերումը, սակայն հետո հիմնականում երիտասարդ լեգիոներներով կազմված թիմը դադարեց հաղթել, իսկ ձմեռային ընդմիջման ժամանակ, անսպասելիորեն, Ադամյանին փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Բարձրագույն խմբի ակումբներում ամենաանսպասելի մարզչական փոփոխությունը կատարվեց «Փյունիկում»: Եվրագավաթային հաջողությունից և առաջնությունում փայլուն մեկնարկից հետո սպասվում էր, որ Անդրեյ Տալալաևը դեռ երկար կաշխատի Հայաստանում, սակայն օրեր առաջ նա «ընտանեկան պատճառենրով» վերադարձավ Ռուսաստան: Ընդամնեը մեկ օր հետո նա գլխավորեց մերձմոսկովյան «Խիմկին», ինչը հաստատեց, որ Հայաստանից հեռանալու համար այլ պատճառ էլ կար: Ներկայումս թիմը մարզում է նրա օգնական Յուրի Նագայցևը, իսկ մի քանի օր հետո այդ պաշտոնը զբաղեցնելու է ռուս փորձառու մասնագետ Ալեքսանդր Տարխանովը: Ռուս մասնագետի հեռանալն ամենաջերմը ստացվեց ընթացիկ մրցաշրջանի մարզչական տեղատարափում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000