Որոնել
Արխիվ
11.04.2019  20:30

Ըմբշամարտ. ԵԱ. Ջուլֆալակյանն ու Մանուկյանը մտնում են պայքարի մեջ. Վիճակահանություն, հնարավորությունները, ֆոտոշարք Բուխարեստից

Վաղը մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացված է բոլոր 5 քաշային կարգերում։

Մինչև 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսում է 1/8 եզրափակչից՝ մրցակիցը աշխարհի ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նուրգազի Ցուրցումիան է (Վրաստան)։ Հաջորդ փուլում այս գոտեմարտի հաղթողին, ամենայն հավականությամբ, սպասելու է աշխարհի չեմպիոն Էլդանիզ Ազիզլին (Ադրբեջան)։ Թուրք Կիլիչն ու ռուսաստանցի Կաբալոևը նույնպես Մկրտչյանի հետ նույն ցանցում են։ Մեդալների համար պայքարը այս քաշային կարգում անչափ բարդ կլինի։


63 կգ քաշային կարգում մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ստիգ-Անդրե Բերգեն է՝ Նորվեգիայից։ Նույն ցանցում մյուս վտանգավոր մրցակիցներից են թուրք Բիլիչին և մոլդովացի Դոնիոր Իսլամովը, որին Գալստյանը պարտվեց նախորդ աշխարհի առաջնությունում, ինչպես նաև ադրբեջանցի Տալեհ Մամադովը։ Ճիշտ է, բարդ մրցակիցներ ցանցում կան, բայց, պետք է նշել, որ քաշային կարգի ֆավորիտներից շատերը՝ Ռուսաստանը ներկայացնող աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանը, Մ-23 Եվրոպայի չեմպիոն վրացի Կավջարաձեն ցնացի մյուս հատվածում են։ Մեդալների համար պայքարելու դժվար պայքար է սպասվում, բայց եթե Գալստյանը կարողանա առաջին գոտեմարտը հաղթել, ապա լավ հնարավորություն կունենա շաբաթ օրը ևս գորգ դուրս գալու։


Մինչև 77 կգ քաշային կարգում գորգ է վերադառնում Արսեն Ջուլֆալակյանը։ Աշխարհի նախկին չեմպիոնը պայքարը սկսելուէ 1/16 եզրափակչից, և հոլանդացի մրցակցի արգելքը հաղթահարել պարտավոր է։ Իսկ ահա 1/8 եզրափակչում մեր ըմբիշը, ամենայն հավանականությամբ, կգոտեմարտի ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Վերջինիս Արսենը մի քանի անգամ հաղթել է, բայց վերջին տարիներին Մուրսալիևը նկատելիորեն առաջադիմել է, և հեշտ մրցակից չի լինի։ Քառորդ եզրափակչում հնարավոր մրցակիցներից է բելառուս Պավել Լյախը և շվեդ Կեսիդիսը, որին նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում պարտվեց Կարապետ Չալյանը։ Կիսաեզրափակչի հնարավոր մրցակիցներից են բուլղարացի Ալեքսանդրովը, որին Ջուլֆալակյանը պարտվեց Ռիոյի օլիմպիական խաղերում, վրացի Մամուկաշվիլին, Լեհաստանը ներկայացնող Էդգար Բաբայանը։ Իսկ ահա Արսենի հավերժ մրցակից Ռոման Վլասովը ցանցի մյուս հատվածում են, և նրանց միջև գոտեմարտ կլինի միայն այն դեպքում, եթե երկուսն էլ հասնեն եզրափակիչ։


Մինչև 87 կգ քաշային կարգում հանդես կգա 82 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը։ Մաքսիմը վերադառնում է օլիմպիական քաշ, և պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից։ Մեկնարկում նա կգոտեմարտի ֆինն Մետսոմեակիի հետ, հաղթելու դեպքում, կհանդիպի կամ ռումին Չարաշին կամ էստոնացի Ինտին։ Քառորդ եզրափակիչ դուրս գալը դժվար խնդիր չէ, իսկ ահա այդ փուլում մեր ըմբիշին, հավաաբար, կսպասի կամ օլիմպիական չեմպիոն Չակվետաձեն (Ռուսաստան) կամ ադրբեջանցի Աբասովը։ Նրանց հետ Մանուկյանի վիճակագրությունը այդքան էլ լավը չէ։ Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Մաքսիմը, հավանաբար, կհանդիպի թուրք Մետեհան Բաշարին։ Վտանգավոր մրցակիցներից ևս մեկը՝ ուկրաինացի Ժան Բելենյուկը ցանցի վերևի հատվածում է։


Մինչև 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներակայցնելու է երիտասարդ Դավիթ Օվասափյանը։ Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ աշխարհի չեմպիոն Սերգեյ Սեմյոնովի հետ գոտեմարտով։ Հավանականությունը, որ մեր ըմբիշը կանցնի հաջորդ փուլ, շատ քիչ է։ Այս ցանցում է նաև մեկ այլ վտանգավոր մրցակից՝ վրացի Կաջայան։ Օվասափյանը պետք է փորձի լավ գոտեմարտել Սեմյոնովի հետ, պարտության դեպքում էլ, պատրաստվի ու իր լավագույն որակները ցուցադրի սփոփիչ գոտեմարտերում, եթե Սեմյոնովը կարողանա հասնել եզրափակիչ։


Ավելացնենք, որ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12։30-ին։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000