Որոնել
Արխիվ
07.04.2019  20:47

Արթուր Պետրոսյան. «Այս երեք միավորը չենք գողացել»

«Լոռիի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից (2:1) հետո մեկնաբանեց խաղը:

- Խաղի մասին ձեր մեկնաբանությունը…

- Երկու թիմերի համար շատ ծանր խաղ ստացվեց: Ինձ թվում է այն ամենն ինչ նախապատրաստել էինք «Փյունիկի» համար, մեծամասնությությունը կարողացանք կատարել: Մինչև մրցակցի վաստակած 11-մետրանոցը, խաղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, բայց 1:2 հաշվից հետո «Փյունիկը» երկու շատ լավ հնարավորություն ուներ: Ինչ-որ տեղ մեր բախտը բերեց, բայց ընդհանուր խաղը հաշվի առնելով կարող ենք ասել, որ այս երեք միավորը չենք գողացել, այլ արդար քրտինքով վաստակել ենք:

- Նշեցիք, որ «Փյունիկի» համար հատուկ ծրագիր ունեիք: Այդ պատճառո՞վ էր Ջոնել Դեսիրեին աջ հարձակվողի դիրքում խաղում:

- Ոչ, Դեսիրեին հնարավորություն էինք տվել հարձակման գծում տեղաշարժվել, բայց նրա մոտ ցանկությունն ավելի մեծ էր աջ եզրում խաղալը: Գոհ եմ նրա ելույթից: Կարծում եմ` Ջոնելի լավագույնն խաղն էր մրցաշրջանի վերսկսումից հետո:

- Մոտ 80-րդ րոպեից զգացվում է, որ Ձեր թիմի ֆուտբոլիստները բավականին հոգնած են: Ինչպես եք գնահատում խաղացողների ֆունկցիոնալ պատրաստությունը:

- Շատ ծանր խաղ էր, ֆիզիկապես ուժեղ: Նրանք երկար փոխանցումներով ճնշում էին գործադրում: Մեր ֆունկցիոնալը լավ եմ գնահատում, բայց այստեղ այլ հարց կա: Մեր կատարած փոխարինումները, որոնք ուղղված էին խաղում թարմություն մտցնելուն, չաշխատեցին: Կարծում եմ` վերջին 10 րոպեի խնդիրը դա էր: Զարմանալի այն էր, որ երկար խոտածածկին երկար պառկող ֆուտբոլիստներից երկուսը փոխարինման մտածներն էին:

- «Լոռին» բավականին խիտ խաղացանկ ունեք: Ձեր կազմը թույլ տալի՞ս է, որ ռոտացիայի դիմեք:

- Դա մեր ամենամեծ խնդիրն է: Խաղացանկը կա, պետք է պատրաստվենք: Երեք օրից պետք է «Գանձասարի» հետ խաղանք, ուստի պետք է փորձենք ֆուտբոլիստներին նախապատրաստել: Ամեն դեպքում, այն պահեստայինների նստարանը, որ հարկավոր էր բարձր տեղերի ու գավաթի համար պայքարելու համար, չի բավականացնում: Եղածով պետք է առավելագույնին ձգտենք:

- Այսօր Ալիու Իսսան սովորականից ավելի առաջ քաշված էր գործում: Հաջողվա՞ծ քայլ էր:

- Կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղային սխեմայի մեջ չեն տեղավորվում: Ոչ թե չեն ուզում, այլ նրանց լավագույն խաղի համար պետք է ավելի շատ ազատություն ստանան: Որոշեցինք, որ հարձակման գծում նրան ազատություն տանք և իմ կարծիքով բավականին լավ ստացվեց:

- Այսօր առավոտվանից «Փյունիկը» 27-ամյակն էր նշում, տոնակատարություն էր: Վերջում գցեցինք նրանց տրամադրությունը…

- Շնորհավորում եմ «Փյունիկին»: Մեր ամենատիտղոսակիր ակումբն է: Ցանկանում եմ` շատ-շատ 27 տարիներ ունենա: Ֆուտբոլային առումով շնորհավորել չէինք կարող, եկել էինք հաղթելու:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Red Eagles-ի ակցիային, որը եղավ խաղի ժամանակ, ինչպես նաև նրանց` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արմեն Գյուլբուդաղյանցի հեռացման պահանջին:

- Կներեք, այդ հարցին չէի ցանկանա պատասխանել: Որպես հավաքականի նախկին մարզիչ, գեղեցիկ չէր լինի: Ակցիան չեմ էլ հասկացել ինչի համար էր:

- Նաև Գյուլբուդաղյանցի պաշտոնանկության պահանջ էր:

- Ամեն դեպքում, ֆուտբոլային խաղադաշտում տենց ակցիաներին լավ չեմ վերաբերվում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000