Որոնել
Արխիվ
01.04.2019  12:38

Հայ մեծահարուստը բանակցում է Վենգերի հետ. Մխիթարյանն ու Վանեցյանը կողմ են, Մելենդեսը` ոչ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոփոխություն կատարվել: ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ մեծահարուստը, ով դեռ չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի, Եվրո-2020-ի մեկնարկում Հայաստանի հավաքականի անհաջող նորամուտից հետո որոշել է ֆինանսապես օգնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, եթե գլխավոր մարզչի պաշտոնում հռչակավոր մասնագետ հրավիրվի: Նա կվճարի ամբողջ աշխատավարձը:

Արդեն բանակցություններ են վարվում «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ, ով մոտ 10 ամիս առանց աշխատանքի է: Բանակցություններում միջնորդի դեր է կատարել և Փարիզում արդեն երկու հանդիպում ունեցել Հենրիխ Մխիթարյանը, ով ֆրանսիացու հետ հիանալի հարաբերությունների մեջ է լոնդոնյան ակումբից, որտեղ հենց Վենգերն էր նրան հրավիրել:

69-ամյա մասնագետը ցանկություն է ունեցել եվրոպական գրանդ-ակումբ գլխավորել, սակայն այդպես էլ առաջարկ չի ստացել: Նա հրավերներ ունի ասիական ու հյուսիսամերիկյան բազմաթիվ ակումբներից և հավաքականներից, սակայն ընտանեկան պատճառենրով նախընտրում է Եվրոպայում մնալ և ազգային ընտրանի գլխավորելու շնորհիվ տարվա մեծ մասը տանն անցկացնել: Այդ պատճառով նա հետաքրքրվել է Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակով, բայց դեռ համաձայնություն չի տվել:

ՀՖՖ-ում մեր աղբյուրից տեղեկացանք, որ Վենգերի տարբերակը շատ է ոգևորել ֆեդերացիաի նախագահ Արթուր Վանեցյանին, ով համաձայն է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին ֆրանսիացու օգնականներից մեկը դարձնել: Փոխարենը, այդ մտքին դեմ է ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ով դա նախնական պայմանավորվաությունների խախտում է համարում: Նա կարծում է, որ միայն Գյուլբուդաղյանցի կամ իրեն լավ ծանոթ իսպանացի մարզչի պարագայում իր մշակած զարգացման ծրագիրը կարող է ճիշտ աշխատել:

Մելենդեսն ասել է, որ եթե այդքան կարևոր է հռչակավոր մարզչի հրավիրելը և հայ մեծահարուստը վճարելու է գումարը, ապա կարելի է Խուլեն Լոպետեգիին նշանակել, ով նրա աշակերտներից մեկն է եղել և հիմա առանց աշխատանքի է: Այդ տարբերակը ՀՖՖ-ն պահեստային է համարում, եթե Վենգերի հետ չհաջողվի պայմանավորվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000