Որոնել
Արխիվ
28.03.2019  22:57

Պետրոս Ավետիսյան. Տեղափոխվեցի ««Արարատ-Արմենիա», որովհետև այստեղ կարևորում են ֆուտբոլիստի առաջընթացը»

«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ` երևանյան թիմ տեղափոխվելու, թիմակիցների ընդունելության և ազգային հավաքականի կազմում իր նորամուտի մասին:

- Շնորհավորում ենք ազգային հավաքականի կազմում նորամուտի կապակցությամբ, ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել և ինչին ձգտել եմ ողջ կյանքիս ընթացքում և շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։ Սակայն նորամուտս տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, որ միակ բանը, որն այդ պահին զգում էի այն էր, որ ցանկանում էի մտնել խաղադաշտ և օգնել թիմին վերջին րոպեներին խուսափել պարտությունից ու ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին։ Ցավոք, դա չստացվեց։

- Դուք շատ կարճ ժամանակ է ինչ գտնվում եք «Արարատ-Արմենիայի» կազմում, ինչպե՞ս ընդունեցին Ձեզ թիմում և ինչպե՞ս է անցնում ադապտացիան:

- Ինձ շատ լավ են ընդունել թիմում, ինչի հետևանքով ադապտացիան շատ արագ է անցնում։ Թիմը միայն հաղթանակներ է տարել այս ընթացքում և շատ ուրախ եմ, որ ինձ էլ է հաջողվում իմ լուման ներդնել այս հաջողություններում։

- «Արարատ-Արմենիայի» երկրպագուները մեծ ոգևորությամբ ընդունեցին Ձեր տրանսֆերը, հե՞շտ էր այդ որոշումը կայացնելը:

- Որոշումը կայացնելուն առաջին հերթին նպաստեց թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Այստեղ խաղում են այն ֆուտբոլը, որը հոգեհարազատ է ինձ, ինչպես նաև կարևորում են ֆուտբոլիստների առաջընթացը։ Բացի այդ հնարավորություն կա խաղալու բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին։ Թիմում նաև ունեմ ընկերներ, ովքեր պատմում էին, թե որքան պրոֆեսիոնալ է ամեն ինչ կազմակերպված ակումբում և ինչ լավ մթնոլորտ է տիրում։ Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ այստեղ աճ գրանցելու մեծ հնարավորություն ունեմ։

Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ և ամեն օր աշխատում եմ, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասելիքները և օգնեմ թիմին հասնել իր առջև դրված նպատակներին։

- Դուք թիմում հանդես եք գալիս ենթահարձակվողի դիրքում, ինչքանո՞վ է հարմար այդ դիրքում հանդես գալը:

- Այո, այն դիրքը, որում խաղում եմ «Արարատ-Արմենիայում» շատ հոգեհարազատ է ինձ։ Մանկուց խաղացել եմ հենց այս դիրքում և ինձ շատ լավ եմ զգում այստեղ:

- Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

- Ֆուտբոլային կուռք որպես այդպիսին չունեմ։ Մանուկ հասակում շատ էի սիրում Զիդանին և Ռոնալդինյոյին, իսկ ավելի մեծ հասակում շատ էի հավանում Ինյեստայի խաղը։

- Ի՞նչ կասեք թիմի երկրպագուներին:

- Երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին սատարելու համար։ Ցանկանում եմ կոչ անել, որպեսզի միշտ գան մարզադաշտ, աջակցեն թիմին, քանի որ երկրպագուների աջակցությունն անչափ կարևոր է։


Լուսանկարը` «Արարատ-Արմենիայի»

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000