Որոնել
Արխիվ
27.03.2019  23:36

Հայաստանի հավաքական. ArmFootball.com-ի գնահատականները

ArmFootball.com-ը անդրադարձ է կատարել Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրում կայացած Հայաստան - Ֆինլանդիա խաղին (2-0)` գնահատելով մեր ընտրանու ֆուտբոլիստների խաղը 10 բալանոց համակարգում։

Արամ Հայրապետյան - 7

Երկրորդ խաղում անընդմեջ մեր դարպասապահը հիանալի տպավորություն թողեց։ Կրկին 2 գոլ ընդունեց դարպասը, բայց բաց թողած գոլերում մեղավոր չէր։ Նա գրեթե անսխալ էր գործում։ Հատկանշական է այն դրվագը, երբ մրցակցի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Հարոյանի գլխից ու փոխեց ուղղությունը, բայց դա չխանգարեց Հայրապետյանին ցատկ կատարելուց հետո անմիջապես վերադասավորել մարմինն ու նետվել հակառակ ուղղությամբ՝ կատարելով անչափ տպավորիչ փրկություն։ Հայրապետյանը 5 սեյվ կատարեց։ Որպես թերություն կարելի է նշել՝ վերևից եկած փոխանցումների ժամանակ դարպասից դուրս չգալը: Բայց դա խնդիր է բոլոր հայ դարպասապահների մոտ...

Կամո Հովհաննիսյան - 6,5

Կրկին շատ լավ ֆուտբոլ ցուցարեց Հայաստանի ընտրանու աջ պաշտպանը։ Նա շատ էր աշխատում՝ հասցնելով պաշտպանությունում և հարձակման գծում։ Հաճախ էր եզրից ճեղքում մրցակցի պաշտպանությունն ու սրող փոխանցում կատարում։ 3 անգամ սրող փոխանցում է կատարել տուգանային հրապարակ, որից ճշգրիտ է եղել մեկը։ 9 անգամ մտել է պայքարի մեջ մրցակցի հետ ու հաղթող դուրս եկել 6-ում։ Սա հերթական անգամ խոսում է ֆուտբոլիստի ակտիվության մասին։ Մրցակիցն էլ իր եզրում գրեթե ոչինչ չստեղծեց:

Վարազդատ Հարոյան - 5

Նա առանձին դրվագներում լավ էր խաղում, սակայն երբեմն շատ կոպիտ սխալներ էր թույլ տալիս։ Կենտրոնական պաշտպանի կայունության պակասը նպաստում էր մրցակցի խաղի որակի բարձրացմանը։ Հարոյանը ժամանակ առ ժամանակ ճնշում էր ֆինների հարձակվողական ոճի ֆուտբոլիստներին, սակայն թույլ էր տալիս նաև դիրքային սխալներ։ Մրցակիցը 2 գոլերն էլ խփեց եզրից փոխանցում կատարելով տուգանային հրապարակ։ Կենտրոնական պաշտպանների թերացման չափաբաժինն այդ դրվագներում կային։ 

Անդրե Չալըշըր - 4,5

Արդեն նշվեց գոլերի դրվագներում կենտրոնական պաշտպանների թերացման մասին։ Չալըշըրը 5 անգամ կարողացել է գնդակը հեռացնել տուգանային հրապարակից, բայց ընդամենը 4 անգամ է մրցակցի հետ անհատական պայքարի մեջ մտել և հաղթող է դուրս եկել ընդամենը 2-ում։ Նա իներտ էր գործում, հաճախ էր գնդակը պարզապես դուրս հանում դաշտից, մինչդեռ կարելի էր կասեցնել, նույնիսկ մտածել, հետո փոխանցում կատարել։ Եթե Հարոյանը 2 սրող փոխանցում կատարել էր, ապա Չալըշըրը նաև այդ հանգամանքով աչքի չի ընկել։

Գագիկ Դաղբաշյան - 4

Այն 2 ֆուտբոլիստներից մեկը, ով լիակատար ձախողվեց։ Ձախ պաշտպանի դիրքում հաճախ էր սխալվում, աչքի չէր ընկնում ոչ գրոհելիս, ոչ՝ պաշտպանվելիս։ Ոչ մի սրող փոխանցում չի կատարել, 3 անգամ գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ՝ բոլորն անհաջող։ Բացի այդ, մրցակցի խփած 2 գոլերն էլ ձևավորվեցին հենց նրա եզրից։ Դաղբաշյանն առանցքային նշանակություն ունեցավ հայերի ձախողման գործում՝ դիրքը կորցնելով ու երկու դեպքում էլ մրցակցին հնարավորություն տալով ազատ գործել։

Արտակ Գրիգորյան - 5

Նա առանձնապես լուրջ սխալներ թույլ չտվեց, բայց հաջող չխաղաց։ Դրա վառ ապացույցն այն է, որ հենակետային կիսապաշտպանը ոչ մի սրող փոխանցում չի կատարել։ Հաճախ էր գցում տեմպն այն ժամանակ, երբ պետք էր արագ գրոհներ անցկացնել։ Հետ փոխանցումներ էր կատարում ու ավելորդ զգուշություն ցուցաբերում։ Ոչ մի հարված չի կատարել դարպասին և ոչ մի անգամ չի շրջանցել մրցակցին։ Այնուամենայնիվ, 6 անգամ խլել է գնդակը մրցակցից և մեծ աշխատանք է կատարել դաշտում։

Հենրիխ Մխիթարյան - 6

Թիմի ավագը ֆինների հետ խաղում հանդես էր գալիս հենակետայինի դիրքում։ Գնդակը խլելու գործում թերացել է, բայց գրեթե բոլոր գրոհների կազմակերպիչն էր։ Կատարել է 11 երկար փոխանցում, որից 9-ը հասել են նպատակին։ Լավ էր փոխում գրոհի եզրերը, կարողանում էր ճիշտ դիրք ընտրել ու սառնասիրտ գործել։ Մեր ավագի թերություններից մեկն այն էր, որ խաղը չէր վերցնում իր վրա, չէր դիմում դրիբլինգի օգնությանը և քիչ էին սրող փոխանցումները (1): Մեծ մասամբ դա պայմանավորված էր նրա դիրքի հետ: Զգույշ էր գործում, որովհետև, մարզչի առաջադրանքով ավելի խորքից էր խաղում ու սխալները կարող էին ճակատագրական լինել։ Դա է պատճառը, որ քիչ էր առաջ շարժվում։ Ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին։

Էդգար Բաբայան - 6,5

Մեր ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը, ով հանդես էր գալիս ձախ վինգերի դիրքում։ Վիճակագրությունն այնքան էլ տպավորիչ չէ, բայց ակտիվության առումով ֆանտաստիկ էր գործում՝ տանջելով Ֆինլանդիայի ընտրանու ֆուտբոլիստներին՝ ստիպելով առանց գնդակի մեծ տեղաշարժեր կատարել։ Անընդհատ բացվում էր ու առաջարկում իրեն և կարողանում լավ դիրք զբաղեցնել։ Հատկանշական է այն դրվագը, երբ հրաշալի, «փափուկ» փոխանցումով աջ եզր ուղարկեց գնդակը՝ հիանալի պահ ստեղծելով Գևորգ Ղազարյանի համար։ Բաբայանը փոխարինվեց հանդիպման ավարտից 15 րոպե առաջ։

Արաս Օզբիլիս - 7

Նա լավագույններից էր դաշտում։ Անկախ պարտությունից՝ աջ կիսապաշտպանը տպավորիչ հանդիպում անցկացրեց։ Խաղային պրակտիկայի պակաս ուներ, բայց դա չխանգարեց գրեթե 70 րոպե հսկայական աշխատանք կատարել՝ ցույց տալով վարպետությունը։ Լավ էր տեսնում խաղադաշտը՝ կատարելով ճշգրիտ փոխանցումներ, ճիշտ ժամանակին փոխում էր հարձակման եզրը և քիչ թե շատ սրում խաղը։ Կարողացել է 3 սրող փոխանցում կատարել, 2 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել մրցակցին, կատարել 6 երկար փոխանցում, որոնցից ընդամենը մեկն է անհաջող եղել։ Երբ նահանջում էր պաշտպանություն՝ երբեմն մրցակցին հաջողվում էր շրջանցել նրան, բայց առջևի գծում մեր ընտրանու այն եզակի խաղացողն էր, ով անհանգստացնում էր պաշտպաններին։

Գևորգ Ղազարյան - 5.5

Նախորդ հանդիպման ընթացքում Գևորգը ձախողվեց, բայց Ֆինլանդիայի դեմ հանդիպման ընթացքում որոշակի ակտիվություն ցուցաբերեց։ Հաճախ էր հեռու տարածությունից հարվածներով փորձում սպառնալ դարպասին և երբեմն հաջողվում էր։ Նրան Գյուլբուդաղյանցը վստահել էր ենթահարձակվողի դիրքը, որտեղ վերջինս երբեմն խաղացել է ակումբում։ Ղազարյանը կազմակերպեց այդ խաղում հայերի ամենավտանգավոր պահը՝ խաղավերջում հաջող հարված կատարելով, բայց փայլուն խաղաց մրցակցի դարպասապահը։ Հաճախ հայտնվում էր նաև եզրերում և տուգանային հրապարակ ուղարկում գնդակը, բայց այդ առումով վատ ցուցանիշ ունի։ 6 փորձից ոչ մեկը չի հասել նպատակին։

Նորբերտո Բրիասկո-Բալեկյան - 4

Կենտրոնական հարձակվողը վատ հանդիպում անցկացրեց։ Չէր ստացվում նույնիսկ գնդակի հասարակ կասեցումը, լավ չէր համագործակցում խաղընկերների հետ ու թերանում էր գրեթե բոլոր առումներով։ Հայտնվեց նաև նպաստավոր դիրքում և թույլ հարվածեց, ինչից րոպեներ անց Հայաստանի ընտրանին գոլ բաց թողեց։ Ընդամենը 6 ճիշտ փոխանցում է կատարել 60 րոպեների ընթացքում։ Հենց այդ րոպեին էլ փոխարինվել է։

Ալեքսանդր Կարապետյան - 5

Նա 60-րդ րոպեին դաշտ մտավ հենց Բալեկյանի փոխարեն՝ զբաղեցնելով կենտրոնական հարձակվողի դիրքը, բայց ոչնչով աչքի չընկավ։ Չնայած դրան, խոտանը գործողություններում շատ չէր։ Կատարել է 2 հարված դարպասին 6 անգամ անհատական պայքարի մեջ մտել և հաղթել 3-ում։ Թարմություն մտցրեց հարձակման գծում, սակայն ֆինները կարողացան հաջող պայքարել նրա հետ ու հնարավորություն չտալ վտանգ ստեղծել։

Տիգրան Բարսեղյան - 5,5

67-րդ րոպեին դաշտ մտավ Օզբիլիսի փոխարեն ու տեղ զբաղեցրեց աջ եզրում։ Նա հոգնած պաշտպանների ֆոնին ակտիվացրեց խաղը, սակայն գրոհի վերջնամասում, ինչպես հավաքականի բոլոր խաղացողները, չէր կարողանում ճշգրիտ որոշում կայացնել։ Հասցրել է մեկ հարված կատարել դարպասին, բայց շեղ է ընթացել։ Հաճախ էր արագանում ինչը բնական է փոխարինման մտած ֆուտբոլիստի համար։ 

Պետրոս Ավետիսյան - 5

Գյուլբուդաղյանցի կատարած հերթական փոփոխությունը, որն արդյունք չտվեց։ Ավետիսյանը 74-րդ րոպեին դաշտ մտավ Բաբայանի փոխարեն և տեղ զբաղեցրեց կենտրոնում, իսկ Ղազարյանը վերջին րոպեներն անցկացրեց ձախ եզրում։ Նա ընդամենը մեկ հարված կատարեց, որը չափազանց անհաջող ստացվեց։ Փորձում էր նպաստավոր դիրք սստեղծել խաղընկերների համար և մեկ սրող փոխանցում կատարեց, բայց դա առանձնապես վտանգավոր չէր։

Արմեն Գյուլբուդաղյանց - 5,5

Մարզիչը հերթական անգամ ընտրեց 4-2-3-1 մարտավարությունը։ Նախորդ խաղի համեմատ մեկնարկային կազմում փոփոխություններ եղան, բայց կրկին մրցակիցն ավելի համակարգված էր գործում։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ընտրանին չի կարողանում կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրել մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Բացակայում են ոչ ստանդարտ գործողությունները, որոնք կստիպեն մրցակցի պաշտպաններին սխալվել։ Ամեն ինչ չափից շատ պարզ է գրոհի վերջնական հատվածում։ Դա է պատճառը, որ Ֆինալնդիայի հետ խաղում Հայաստանը հաճախ էր փորձում հեռու տարածությունից սպառնալ մրցակցի դարպասին՝ առաջ շարժվելու տարբերակ չունենալով։ Մարզիչը երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինեց այն ֆուտբոլիստներին, ովքեր ամենաակտիվն էին (Բաբայան, Օզբիլիս)։ Կարող էր փորձել խաղալ մեկ հենակետայինով, երբ պետք էր ռիսկի դիմել ու առաջ շարժվել։ Փոխարենը, նա կատարեց գրեթե համարժեք փոփոխություններ։ Անկյունայինների ժամանակ սաներին հրահանգել էր ուղիղ փոխանցում կատարել տուգանային հրապարակ, բայց ավելի նպաստավոր կլիներ գնդակը խաղարկելը, որովհետև մրցակցի բարձրահասակ պաշտպանների հետ պայքարում 6 անկյունայիններից ոչ մեկ վտանգ չառաջացրեց։   

 

Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000