Որոնել
Արխիվ
24.03.2019  21:22

Հայաստանի հավաքական. ArmFootball.com-ի գնահատականները

ArmFootball.com-ը անդրադարձ է կատարել Եվրո-2020-ի J խմբի առաջին տուրում կայացած Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան խաղին (2:1)` գնահատելով մեր ընտրանու ֆուտբոլիստների խաղը 10 բալանոց համակարգում։

Արամ Հայրապետյան - 7,5

Դարպասապահն, անկասկած, լավագույնն էր Հայաստանի հավաքականում։ Նա կատարեց մի շարք փրկություններ, խաղաց անձնուրաց և կայուն։ Համոզվեցինք, որ Գյուլբուդաղյանցը դարպասապահի հարցում ճիշտ ընտրություն էր կատարել։ Բոսնիացիները 19 հարված են կատարել մեր դարպասի ուղղությամբ։ Հատկանշական է այն դրվագը, երբ Հայրապետյանը 3 ֆանտաստիկ սեյվ կատարեց մեկ գրոհի ընթացքում՝ նախ գնդակը հեռացնելով դեպի դարպասաձողը, հետո հեռացնելով մոտ տարածությունից կատարած գլխի հարվածը, իսկ երրորդ անգամ աջ անկյունից հանելով գնդակը։ 

Կամո Հովհաննիսյան - 6,5

Աջ պաշտպանն ընդհանուր առմամբ վատ հանդիպում չանցկացրեց։ Ինչպես միշտ, կատարում էր բազմաթիվ արագացումներ, միանում էր գրոհներին ու ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն էր դաշտում։ Պաշտպանվելիս կարողացել է 5 անգամ սեփական տուգանային հրապարակից հեռացնել գնդակը և հաղթել մենապայքարների 50%-ը։ Կարողացել է 2 անգամ խլել գնդակը, դիպուկ են եղել մրցակցի տուգանային հրապարակ կատարած 4 փոխանցումներից 3-ը։ Նրան կարողացել են շրջանցել ընդամենը մեկ դրվագում։ Բացի այդ, Կամոն փոքր խորամանկության շնորհիվ կարողացավ 11-մետրանոց վաստակել:

Վարազդատ Հարոյան - 5

Մեր կենտրոնական պաշտպանն այնքան էլ լավ տպավորություն չթողեց։ Նա հանդիպման ընթացքում ավելի շատ խաղում էր ձախ պաշտպանին՝ Գագիկ Դաղբաշյանին ավելի մոտ, բայց հենց նրանց կողքով ու միջով էր անցնում մրցակցի սրող փոխանցումները։ Հարոյանը երբեմն կորցնում էր ճիշտ դիրքն ու ազատ տարածություններ առաջացնում պաշտպանության կենտրոնում։

Անդրե Չալըշըր - 6,5

Կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Չալըշըրը, լավ տպավորություն թողեց։ Իհարկե, երբեմն ստիպված շուտ էր դիմավորում մրցակցին և ազատ տարածություն առաջացնում պաշտպանությունում, բայց դա հենակետայինների անուշադիր խաղի պատճառով էր։ Այդպես առաջացավ երկրորդ գոլը: Չալըշըրն այն հազվագյուտ ֆուտբոլիստներից էր Հայաստանի հավաքականի կազմում, ով ճիշտ էր ընտրում դիրքը, կարողանում էր փակել մրցակիցներին ու նրանց ոտքերի տակից անմիջապես հեռացնում գնդակը՝ շնչելու հնարավորություն չտալով։ Եթե մեր ընտրանին 2 գոլ բաց թողած չլիներ՝ նրա անհատական գնահատականը շատ ավելի բարձր կլիներ։ Նաև կարևոր պատճառ է այն, որ հենց նա էր հիմնականում պայքարում մրցակցի ամենավտանգավոր ֆուտբոլիստի` Էդին Ջեկոյի հետ:

Գագիկ Դաղբաշյան - 4,5

Արդեն նշվեց, որ նրա և Հարոյանի կողքով մի շարք սրող փոխանցումներ էին անցնում։ Սովորաբար, եզրային պաշտպաններն ակտիվորեն մասնակցում են հարձակման ու պաշտպանական գործողություններին, բայց Դաղբաշյանի մոտ չստացվեց ոչինչ։ Նա արագ էր ազատվում գնդակից, սխալներ էր թույլ տալիս դեպի առաջ փոխանցումներ կատարելիս և ակտիվ գործողություններով աչքի չէր ընկնում։ Ալաշկերտի ֆուտբոլիստը 90 րոպեի ընթացքում սրող փոխանցում կամ բաձրից դեպի տուգանային հրապարակ փոխանցում չի կատարել, ինչը վերջրես նրա մոտ հաջող էր ստացվում: Նա ամենաանհաջող խաղերից մեկն անցկացրեց։

Արտակ Գրիգորյան - 4,5

Մեր հենակետային կիսապաշտպաններն անհաջող խաղացին գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում։ Գրիգորյանը գրոհների կազմկերպման գործում աչքի չնկավ, իսկ հենակետայինի բուն պարտականության հարցում թերացավ։ Այդ դիրքում ֆուտբոլիստը պետք է «սևագործ» աշխատանք կատարի՝ հիմնականում կանխելով դաշտի կենտրոնում մրցակցի կտրուկ գրոհներն ու գնդակը կարողանա խլել։ Հատկանշական է այն դրվագը, երբ Էդին Ջեկոն Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ։ Ունեինք 2 հենակետային, բայց ոչ ոք չէր դիմավորում Պյանիչին և նա ազատ տարածություն ուներ։ Գնահատեց խաղընկերոջ դիրքն ու հանգիստ փոխանցեց նրան։

Կառլեն Մկրտչյան - 4,5

Արդեն նշվեց, թե ինչ սխալներ թույլ տվեցին մեր հենակետայինները, որոնցից մեկը հենց Մկրտչյանն է։ Նրա մասնակցությամբ կարելի է հիշել ընդամենը մեկ սրող փոխանցում Բալեկյանին։ Ընդհանուր առմամբ, Գրիգորյանից առանձնապես չտարբերվեց, ամբողջ խաղում միայն մեկ մենապայքար հաղթեց, բայց գոնե մի փոքր ակտիվ էր կազմակերպչական խաղում: Այնուամենայնիվ, ձախողված հանդիպում անցկացրեց։ 

Սարգիս Ադամյան - 5

Նա այն ֆուտբոլիստներից էր, որից սպասելիքներն այդ խաղի համար շատ մեծ էին։ Կարելի է ասել, որ չկարողացավ արդարացնել սպասելիքները։ Ադամյանը խաղում էր աջ վինգերի դիրքում և գրեթե ոչնչով աչքի չընկավ։ Առաջին խաղակեսում դաշտում շատ էր տեղաշարժվում, բայց գործողություններում խոտանը շատ էր (փոխանցումներից ընդամենը 40 տոկոսն են դիպուկ եղել)։ Երկրորդ խաղակեսում նրա եզրով գրոհներ մեր ընտրանին քիչ էր անցկացնում և Գյուլբուդաղյանցը որոշեց փոխարինել վերջինիս։

Գևորգ Ղազարյան - 5

Եթե Ադամյանը չարդարացրեց սպասելիքները, ապա պարզ էր, որ Ղազարյանը, մեղմ ասած, իր լավագույն մարզավիճակում չէր։ Նա վերջերս էր ապաքինվել վնասվածից և չէր հասցրել օպտիմալ մարզավիճակ հավաքել՝ ունենալով խաղային պրակտիկայի պակաս։ Նա սովորականի պես ձախ կիսապաշտպանի դիրքն էր զբաղեցրել, բայց չէր կարողանում ակտիվ գործել։ Նրա անցումները գրեթե չտեսանք, խնդիր ուներ նաև դաշտում ճիշտ դիրք զբաղեցնելու հարցում։ Առաջին խաղակեսում գրեթե չէր լինում գնդակով, իսկ երկրորդ խաղակեսում նրա եզրով գրոհները շատացան, բայց կրկին չտպավորեց։

Հենրիխ Մխիթարյան - 6,5

Մխիթարյանը նշված էր ենթահարձակվողի դիրքում, բայց, ինչպես միշտ, ամենուր էր։ Կարողանում էր ճիշտ բացվել խաղընկերների համար, տեսնում էր դաշտն ու խնդիրներ ստեղծում մրցակցի համար։ Նա այնքան էլ չէր կարողանում սրել խաղը հարձակման գծում, բայց պահեր ունեցավ և մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, երբ պարտվում էինք նվազագույն տարբերությամբ։ Այնուամենայնիվ, դաշտում կատարած աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը զգացնել տվեցին։ Նա այն եզակիներից էր, ով որակ էր ապահովում թիմում։

Ալեքսանդր Կարապետյան - 5

Մեր կենտրոնական հարձակվողը կարծես կտրված էր մնացած խաղացողներից։ Նրա ուղղությամբ շատ էին երկար փոխանցումները։ Կարողացավ մեկ հարված կատարել, որը քիչ թե շատ վտանգավոր ստացվեց։ Ընդհանուր առմամբ, լիարժեք չէր կարողանում մտնել խաղի մեջ։ Բացի այդ, բոսնիացիների առաջին գոլն ինչ-որ չափով նաև Կարապետյանի սխալն էր, որովհետև նրա թիկունքից դուրս պրծավ մրցակիցն ու գլխով գոլ խփեց։

Էդգար Բաբայան - 5,5

Նա 20 րոպեից մի փոքր ավելի խաղաց՝ մտնելով փոխարինման։ Էդգարը ձախ եզրում ակտիվ էր, անընդհատ փոխանցումներ էր պահանջում՝ երբեմն հիանալի դիրքում հայտնվելով։ Նա մեկ հաջող դրիբլինգի է դիմել 1 փորձից, 3 անգամ կարողացել հաղթել մենապայքարներում, 2 անգամ բարձրից անհաջող փոխանցում է կատարել, 1 անգամ վաստակել տուգանային, մեկ անգամ խլել գնդակը... Այս թվերը խոսում են նրա մասին, որ եզրում շատ ակտիվ էր ու կարճ ժամանակում զգալի աշխատանք կատարեց։ Գնահատականը համեմատաբար ցածր է, որովհետև երկար չխաղաց։

Նորբերտո Բրիասկո-Բալեկյան - 5,5

Նա, ինչպես Բաբայանը, դաշտ մտավ 67-րդ րոպեին։ Խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում ու ավելի շատ էր մասնակցում կոմբինացիաներին, քան՝ Կարապետյանը։ Թիմը նրա հետ ավելի հաջող էր կարողանում արագ փոխանցումների միջոցով որոշակի վտանգ ստեղծել։ Ունեցավ կես դրվագ և փորձեց իրացնել։ Կարապետյանից ավելի շատ էր ընդգրկվում թիմի մարտավարական գործողություններում։

Արաս Օզբիլիս - առանց գնահատական

Նա ընդամենը 10 րոպե անցկացրեց դաշտում:


Արմեն Գյուլբուդաղյանց - 6,0

Ընտրել էր 4-2-3-1 տակտիկական դասավորությունը: Հաշվի առնելով, որ խաղը կազմակերպման գործում հենակետայինները ձախողվեցին, մեր թիմը հարձակման մեջ մնացել էր 4 ֆուտբոլիստով, որոնց օգնում էր միայն Կամո Հովհաննիսյանը: Երկրորդ կեսում, երբ հաշիվը 0:1 էր, մարզչից ակնկալվում էր ավելի համարձակ փոխարինումներ, օրինակ, ոչ թե նույն դիրքի խաղացողների փոփոխություն, այլ հարձակվողական ոճի ֆուտբոլիստ դուրս բերել` մեկ հենակետայինի փոխարեն: Զարմանալի էր նաև անհաջող հանդես եկող Գևորգ Ղազարյանին այդքան երկար դաշտում պահելը:  Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կտրուկ ակտիվացումը ցույց տվեց ընդմիջման ժամանակ Գյուլբուդաղյանցի ճիշտ հուշումների հետևանքը, սակայն միաժամանակ հարց է առաջանում, թե ինչու դա չէր արվել խաղից առաջ: Հետևանքը եղավ անհաջող առաջին խաղակեսը:  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000