Որոնել
Արխիվ
20.03.2019  15:48

Տալալաև. «Եկեք չպարտվենք Ջիբրալթարին, հետո նոր խոսենք սահմանափակման մասին»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հարցազրույց է տվել Sport24.ru-ին, որից ներկայացնում ենք հայկական ֆուտբոլի մասին հատվածը:

- Ինչպե՞ս են Ձեր գործերը հայերենը սովորելու հարցում:

- «Փող չկա». Հայաստանում դա իմ հիմնական պատասխանն է: Հայերենը սովորելու նպատակ չեմ դրել, բայց ֆուտբոլային տերմինները գիտեմ. «հարված», «առաջ», «հետ»: Հայերեն բոլոր պարզ նախադասությունները նույնպես սովորել եմ:

- Ի՞նչն է Հայաստանում ամենից շատ դուր գալիս:

- Մարդիկ: Նրանք բաց են, ինտելիգենտ, կրթված: Մշակույթն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքը նման է Իտալիային:

- Եվրագավաթներում հայկական պատմության մեջ ոչ ոք նման նվաճման չի հասել, ինչպես դուք: Ի՞նչ եք զգում:

- Դա «Փյունիկի» բոլոր աշխատակիցների շնորհիվ է: Սկսած մերսողից, ավտոբուսի վարորդից և վերջացած ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանից, ում հետ անմիջապես երկկողմանի վստահության հարաբերություններ հաստատվեցին: Նա շատ բան է անում հայկական ֆուտբոլի համար:

Իսրայելում կայացած խաղից հետո առաջին զգացմունքը հիասթափությունն էր: Մենք շատ մոտ էինք «Մաքքաբիի» պես շատ ուժեղ թիմին անցնելուն: Պատահական չէ, որ այդ թիմը հիմա 20 միավորի առավելությամբ Իսրայելի առաջնության առաջատարն է: Մեզ նույնիսկ 1:1 հաշիվը ձեռնտու էր: Այդ ամենին հասանք անմիջապես, դեռ չկայացած թիմի հետ: Տղաները հավատացին մեր փիլիսոփայությանը և այրվող աչքերով կռվեցին միմյանց համար, արդյունք ու որակյալ խաղ ցույց տվեցին, որը նախկինում չէին արել: Այդ մասին շատերն էին ասում ինձ: Զգում էի, որ կարող ենք այնպիսի հրաշք գործել, ինչպես նորվեգական «Սարպսբորգը» (մտավ Եվրոպա լիգայի խմբային փուլ-խմբ):  Այո, հաճելի է ինչ-որ բան հաղթել, թեկուզ և լոկալ մակարդակում: Բայց երբ հասկանում ես, որ ավելին կարող էիր, այդ զգացմունքը ներքուստ այրում է:

- Ձեր թիմը Հայաստանի առաջնությունում երկրորդ տեղում է: Գո՞հ եք 9 ամսում կատարած աշխատանքից:

- Վերջին խաղերից երևում է, որ տղաները հարմարվում են մեր պահանջներին: Ուրախ եմ երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի համար: Իմ ֆուտբոլիստները սկսել են հոգեբանորեն ճիշտ մոտենալ խաղերին, կարգապահությամբ նոր մակարդակի են դուրս եկել: Նման մոտեցմամբ Արմեն Մանուչարյանը և Արթուր Միրանյանը ժամանակի ընթացքում մրցունակ կդառնան Հայաստանի հավաքականում խաղալու մակարդակում:

- Ի՞նչ եք մտածում լեգիոներների սահմանափակման մասին:

- Եթե արհեստական սահմանափակում մտցվի, առաջնության մակարդակը կիջնի: Բոլորը նշում են նախորդ տարվա համեմատ առաջընթացը: Դա հնարավոր է դարձել որակյալ լեգիոներների գալու պատճառով, ինչից հետո հայ ֆուտբոլիստները ստիպված են ավելացնել իրենց խաղի նկատմամբ պահանջները, որպեսզի մեկնարկային կազմում հայտնվեն և մրցունակ լինեն:

Սահմանափակումը հարկավոր է, որպեսզի աբսուրդի չհասնենք, բայց դա պետք է մտածված որոշում լինի: Կարծում եմ` այն պետք է հայտացուցակի վրա տարածվի, այլ ոչ թե խաղերի: Երբ սահմանափակման մասին սկսում են խոսել ֆուտբոլիստները… Եկեք սկզբում չպարտվենք Ջիբրալթարին, հետո նոր խոսենք:

- Հայաստանում միշտ լավ տեխնիկայով ֆուտբոլիստներ են եղել, բայց հավաքականը երկար ժամանակ է չի կարողանում հաջողության հասել: Ինչո՞ւմ է պատճառը:

- Եվրոպական ֆուտբոլի մակարդակը նույնպես բարձրացել է: Չեմ կարծում թե խնդիրը հայկական մտածելակերպն է: Շատ բան կախված է ներքին առաջնությունից: Հայկական ֆուտբոլի մակարդակի բարձրացումն անմիջապես ազդելու է հավաքականի վրա: Ֆեդերացիան դա հասկանում է, այդ պատճառով հրավիրում է մասնագետների, որոնք կարող են համակարգորեն ազդել ֆուտբոլիստների դաստիարակման վրա: Նույնը նաև «Փյունիկում» է: Հնարավոր չէ մեկ րոպեում հասնել նման առաջընթացի:

- Ինչպե՞ս է Հայաստանում Հենրիխ Մխիթրայանի նման աստղ հայտնվել:

- Պատճառն աշխատասիրությունն ու տաղանդն է: Նա կարողանում է անել այն, ինչ մյուսները չեն կարողանում, ինչը միայն աշխատասիրությամբ հնարավոր չէր լինի: Այն մասին, թե նա ինչպես է մղել իր վարպետությունը, լսել եմ «Փյունիկի» մարզիչներից:

Հենրիխը եվրոպական ֆուտբոլի աստղ է: Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր խաղից հետո իմ ֆուտբոլիստներին մանրամասն ցուցադրում եմ Մխիթարյանի շարժական ակտիվությունը և մենապայքարների քանակը: Որևէ խաղում Հենրիխն իր խաղամակարդակից չի իջել: Միշտ ասում եմ. «Հենրիխը խելահեղ նվիրվածությամբ է խաղում: Որպեսզի հայտնվեք այնտեղ, որտեղ Մխիթարյանն է, պետք է երկու անգամ ավելի լավ խաղաք»:

- Հայկական ֆուտբոլն ինչի՞ վրա պետք է աշխատի:

- Ինտենսիվության, կարգապահության ու մտածելակերպի: Հարկավոր է հավատալ և հասկանալ, որ կարող ես հաղթել: Դա հայ ֆուտբոլիստներին մի փոքր չի բավարարում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000