Որոնել
Արխիվ
15.03.2019  00:02

Եվրոպա լիգա. Թրիլերային խաղ Ռուսաստանում, «Չելսին» 5 գոլ խփեց Ուկրաինայում (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում կայացան երեք դիմակայությունների պատասխան խաղերը:

Ամենաինտրիգային խաղը սպասվում էր Ռուսաստանում, որտեղ «Կրասնոդարն» ընդունել էր «Վալենսիային»: Իսպանիայում «չղջիկները» հաղթել էին 2:1 հաշվով, սակայն մրցակցի հարկի տակ շատ մոտ էին պարտությանը: 85-րդ րոպեին հիասքանչ հարվածով «ցլերին» առաջ մղեց Մագոմեդ Շապի Սուլեյմանովը: Մարսելինո Գարսիա Տորալի թիմը փրկվեց մրցավարի ավելացրած վերջին` 90+3 րոպեին: Աչքի ընկավ փոխարինման մտած Գոնսալու Գեդեշը: Գրանցվեց 1:1 հաշիվը և «Վալենսիան» մտավ քառորդ եզրափակիչ:

Ինչպես սպասվում էր, նրան այդ փուլում կմիանան նաև «Չելսին» ու «Նապոլին», որոնք առաջին խաղերում միևնույն 3:0 հաշվով հաղթել էին, համապատասխանաբար, Կիևի «Դինամոյին» ու «Ռեդ Բուլ Զալցբուրգին»:

Ուկրաինաում լոնդոնցիները կրկին խոշոր հաշվով առավելության հասան` 5:0: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկոս Ալոնսոն ու Կալամ Հադսոն Օդոին: Վերջինս փոխանցում կատարեց նույն Ժիրուն:

«Նապոլին» Ավստրիայում առաջին գոլը խփելուց հետո գործնականում ապահովեց ընդհանուր հաղթանակը: Կիսամկրատ հարվածով դարպասը գրավեց Արկադիուշ Միլիկը: Հետագայում առավելությանը տիրած «ցլերը» կարողացան երեք գոլ խփել ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել: Դիմակայության ընդհանուր հաշիվն է 4:3` հօգուտ Կառլո Անչելոտտիի թիմի:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000