Որոնել
Արխիվ
13.03.2019  19:16

ՉԼ. Հարձակվողական խաղի խոստում և արևակենտրոն Մեսսիի

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր՝ կեսգիշերին, կկայանան «Բավարիա» - «Լիվերպուլ» և «Բարսելոնա» - «Լիոն» հանդիպումները։

«Բավարիա» - «Լիվերպուլ»

Առաջին խաղում (0:0) թիմերը շատ զգույշ էին գործում։ Չկար առաջ շարժվելու մեծ ցանկություն և չցուցադրեցին իրենց ուժեղ կողմերը։ Շատերը գոլառատ ու ռիսկային խաղ էին ակնկալում, բայց թիմերը որոշեցին ամեն ինչ թողնել պատասխան խաղի համար։

«Լիվերպուլն» այժմ այնքան էլ լավ մարզավիճակում չէ։ Հարձակման «մահացու» եռյակը (Սալահ-Ֆիրմինո-Մանե), որը «պատառոտում» էր մրցակիցների պաշտպաններին, այժմ չի տպավորում։ Դա է պատճառը, որ ԱՊԼ-ում «մերսիսայդցիները» կորցրեցին զգալի առավելությունը «Սիթիի» նկատմամբ ու այժմ երկրորդն են։ Բացի հարձակման գծից, կիսապաշտպանները նույնպես սկսել են շատ կորցնել գնդակն ու անհաջող փոխանցումներ կատարել։ Տպավորություն է ստեղծվում, որ «կարմիրները» պատրաստ չեն համատեղ պայքարել երկու նշանակալի տիտղոսների համար (ԱՊԼ-ում և ՉԼ-ում)։  

Այնուամենայնիվ, հյուրընկալվելիս «Լիվերպուլի» մեկ գոլին մրցակիցը պետք է պատասխանի 2-ով։ Եթե հաջողվի անգլիական ակումբին կարգավորել խաղը հարձակման գծում՝ «Բավարիան» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կունենա։ Բունդեսլիգայի 25 տուրից հետո մյունխենցիները բաց են թողել 27 գոլ։ Ստացվում է, որ ամեն խաղում, միջինը մեկ գոլ բաց են թողնում։ Սա խոսում է պաշտպանական գծում լրջագույն խնդիրների մասին։ Բոատենգն ու Հումելսն այն չեն, Զյուլեն դանդաղ է կողմնորոշվում և այլն։ Թիմը restart-ի կարիք ունի, ընդ որում, ոչ միայն պաշտպանությունում։ Գերմանիայի հավքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը վերջերս հայտարարեց, որ Մյուլերը, Հումելսն ու Բոատենգն այլևս չեն հրավիրվի հավաքական։ Լյովն արեց իր քայլը, բայց ակումբն այդպես էլ չի ցանկանում սերնդափոխություն սկսել։ Դա վախ է, որ թիմը կկորցնի նախկին մակարդակն ու արժանի փոխարինողներ չեն գտնվի, թե պարզապես գումարների խնայում՝ դժվար է ասել։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նման պաշտպանությունով «Բավարիան» այսօր գոլ բաց թողնի, ինչից հետո վերականգնվելը ծայրահեղ բարդ կլինի։

Թիմերը պատասխան խաղից առաջ ունեն կորուստներ։ «Լիվերպուլի» կազմում բացակայում են Չեմբերլենը, Գոմեսը և Կեյտան։ Եթե Օքսլեյդ-Չեմբերլենի կորուստի հետ արդեն հարմարվել էր թիմը և արժանի փոխարինողներ էր գտել, ապա Գոմեսի բացակայությունը լուրջ է։ Նա Կլոպի բացահայտումներից մեկն է։ Երիտասարդ անգլիացին կարղանում է գրեթե անսխալ գործել պաշտպանության կենտրոնում, բայց եզրերում նույնպես կարողանում է փայլել։ Լավ փոխանցումներ է կատարում, միշտ պայքարի մեջ է ու, չնայած երիտասարդ տարիքին, սառնասրտություն ունի։ Նման ֆուտբոլիստը ցանկացած թիմում կգտնի իր տեղը, բայց այսօր Կլոպը ստիպված է առանց նրա կառուցել խաղը։ Նաբի Կեյտան երբեմն մեկնարկային կազմում չի հայտնվում, բայց խաղի ընթացքում մտնում է և թարմություն հաղորդում կիսապաշտպանությանը, որտեղ վերջին խաղերում հենց թարմությունն է պակասում։ Ընդհանրապես, Կլոպը կառուցում է շատ էներգածախսատար ֆուտբոլ։ Դա է պատճառը, որ առաջատարների մոտ արդեն նկատելի է հոգնածությունը։

«Բավարիային» չեն կարող օգնել Կիմիխը, Մյուլերը, Ռոբբենն ու Տոլիսսոն։ Ամենազգալին կլինի Կիմիխի կորուստը, ով թիմի առաջատարներից է։ Խաղում է պաշտպանության եզրում, բայց կարող է նաև տեղ զբաղեցնել կիսապաշտպանության կենտրոնում։ Երիտասարդ, արդեն կայացած աստղը հաճախ է գրոհների կառուցման հատվածում գնդակ ստանում, որովհետև տիրապետում է լավ փոխանցումների։ Նրա կարիքը գերմանական թիմը կզգա։ Տոլիսսոն արդեն երկար ժամանակ բացակայում է և, ինչպես Չեմբերլենի դեպքում, առանց նրա Կովաչի սաները հարմարվել են։ Մյուլլերը վերջին շրջանում ոչ միշտ է 90 րոպե խաղում, որովհետև կորցրել է արագությունը, այնքան էլ շատ չի աշխատում դաշտում ու հաճախ է կորցնում գնդակը։ Բայց, խաղն ուժեղացնելու համար երբեմն Կովաչը նրան դաշտ է դուրս բերւմ։ Այնուամենայնիվ, նա մեծագույն վարպետ է՝ կուտակած հսկայական փորձով և մեկ հարվածը կամ փոխանցումը կարող է վճռել խաղի ելքը։

Կորուստները լրջագույն ազդեցություն չեն ունենա խաղի վրա, բայց կարող են ընթացքում զգացնել տալ։

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ասաց, որ այս անգամ զրոներ չենք տեսնի ցուցատախտակին։ Սա նշանակում է՝ չեն երկյուղի և անհրաժեշտության դեպքում մեծ ուժերով առաջ կշարժվեն։ Առաջին խաղում, որը մրցակցի դաշտում էր, գլխավոր խնդիրը չպարտվելն էր, իսկ տանը թիմը պարտավոր է պատասխանատվություն ստանձնել ու փորձել արդյունավետ գործել։

Ստացվում է, որ Կլոպի գլխավոր խնդիրը հարձակումը կարգավորելն է, իսկ Կովաչը պետք է ինչ-որ կերպ շտկի պաշտպանությունում առաջացած բացթողումները։ Հզոր հարձակման գիծ («Բավարիա»)-լավ պաշտպանություն («Լիվերպուլ») և թույլ հարձակում («Լիվերպուլ»)-վատ պաշտպանություն («Բավարիա»)։ Այս ամենի համադրումն էր, որ առաջին խաղում ապահովեց 0-0 հաշիվը։ Մարզիչներից մեկը պետք է կարողանա գտնել հակադրումը։ Կլոպը կփորձի օգտագործել այն թույլ կողմը, որը կա «Բավարիայում» (արագություն հետին գծում), իսկ  Կովաչը պիտի փորձի այնպես անել, որպեսզի «մերսիսայդցիներն» առաջ շարժվեն ու դիմեն պրեսինգի։ «Լիվերպուլը» սիրում է մրցակցին դիմավորել նույնիսկ նրա տուգանային հրապարակի մատույցներում։ Սա դաշտի կենտրոնում ազատ տարածություն է առաջացնում և, արագ գործելու դեպքում, հակառակորդը կարողանում է վտանգ ստեղծել։ Ենթադրվում է, որ «զսպանակի էֆեկտը», այսինքն մրցակցի ֆուտբոլիստներին ստիպելը, որպեսզի դաշտում ավելի տարածական տեղակայվեն, լինելու է Կովաչի հիմնական խնդիրը։ Դրա համար պետք են վարպետներ, ովքեր դաշտի կենտրոնում անդադար կխաղարկեն գնդակն ու անիմաստ, ճակատագրական կորուստներ թույլ չեն տա։ Գերմանական ակումբն ունի այդպիսի ռեսուրս, իսկ առաջ շարժվելու համար ունի արագ ֆուտբոլիստներ եզրերում։ Սա ճիշտ օգտագործելու դեպքում «Բավարիան» կկարողանա մրցակցին հոգնեցնել ու հասնել նպատակին։

«Բարսելոնա» - «Լիոն»

Ֆավորիտը, ինչպես առաջին խաղում, համարվում է կատալնական թիմը։ Ֆրանսիացիները տանը կարողացան չպարտվել, չնայած «Բարսելոնան» անհամեմատ ավելի վտանգավոր էր գործում (0-0):

«Լիոնը» լուծեց իր նվազագույն խնդիրն ու չպարտվեց աշխարհի ամենահզոր թիմերից մեկին, իսկ «Բարսելոնան» չհաղթեց, որովհետև Մեսսին այնքան էլ լավ չխաղաց։ Այո, Մեսսիից կախվածությունն այժմ ավելին է, քան երբևէ։ Սա Վալվերդեի կռուցած թիմի գլխավոր խնդիրն է։ Իհարկե, արգենտինացին թիմի առաջատարն է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ու նրանից կախվածությունը բնական է, բայց ոչ նման աստիճանի։ Թիմում կան այնպիսի խաղացողներ, ովքեր կարող են երբեմն խաղը վերցնել իրենց վրա, բայց չեն անում դա։ Սեփական ուժերին հավատալու խնդիր կա ֆուտբոլիստների մոտ։ Օրինակ, Կոուտինյոն, ով «Լիվերպուլում» տիեզերական վարպետություն էր ցուցադրում, խաղն անընդհատ վերցնում էր իր վրա ու այն դրայվը, որը կար սեփական գործողություններում՝ ներարկում էր խաղընկներներին, «Բարսելոնայում» մարել է։ Նախկին Կոուտինյոյից, որին համեմատում էին Մեսսիի հետ, մնացել է միայն ստվերը։ Սկսել է հաճախ ազատվել գնդակից, անցումներ չի կազմակերպում, ֆիրմային հարվածներ չի կատարում ու անվստահ է։

Ընթացիկ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյում կատալոնացիները հաղթեցին 5-1 հաշվով, որովհետև Մեսսիի բացակայության պայմաններում գտնվեց այն ֆուտբոլիստը, ով խաղը վերցրեց իր վրա։ Լուիս Սուարեսն այդ խաղում արեց այն, ինչն այժմ թիմի գլխավոր թերություններից է։ Նույնիսկ երբ արգենտինացին դաշտում է՝ թիմի մնացած ֆուտբոլիստները պետք է կարողանան հանդես գալ նախաձեռնողի դերում։ Երբեմն նման խաղ ցուցադրում է 21-ամյա Դեմբելեն, բայց նրան կայունությունն է պակասում։ Ապագայում միգուցե հենց նա հանդիսանա առաջատարը, բայց դրա համար ճանապարհ ունի անցնելու։

«Բարսելոնան» այլևս գերհարձակվողական ֆուտբոլ չի ցուցադրում և գործում է ավելի բալանսավորված։ Անհրաժեշտության դեպքում հետ են քաշվում ու կենտրոնանում պաշտպանական գործողությունների վրա։ Կատալոնացիների խաղային փիլիսոփայությունը գնդակ պահելն էր, անդադար գրոհելն ու արագ փոխանցումները, բայց Վալվերդեն կոտրեց այդ կարծրատիպը։ Նման խաղաոճով թիմը հաղթում է ներքին առաջնությունում ու Իսպանիայում գերազանցում գլխավոր մրցակիցներին։ Սա յուրահատուկ թեստ է մարզչի համար, թե արդյո՞ք այդ խաղային փիլիսոփայությամբ թիմը կկարողանա հաջողության հասնել նաև միջազգային ամենահեղինակավոր մրցաշարում։

«Լիոնը» գիտի, թե ինչպես խաղալ հզոր մրցակիցների դեմ և դա ապացուցել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում. 2 հաղթանակ խմբային փուլում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և ոչ-ոքի «Բարսելոնայի» հետ։ Թիմը պատասխան խաղին մոտեցել է գերակումբներին չպարտվողի կարգավիճակով։ Սա կարող է դրական ազդել թիմի խաղի վրա։ «Լիոնից» զգուշանալ պետք է։ Բրունո Ժենեզիոն թիմին հիանալի է համակարգում և տրամադրում կարևորագույն խաղերին։ Եթե չի ստացվում մարտավարական տեսանկյունից հաղթել, ապա թիմը սկսում է խաղը կառուցել առաջատարների վրա, որոնց զինանոցում կա ամեն ինչ՝ արագություն, հարվածներ, կտրող փոխանցումներ և այլն։ Այդպիսի ֆուտբոլիստների շարքին են դասվում Ֆեկիրը և Դեպայը։ Նրանք անչափ վտանգավոր են անգամ «Բարսելոնայի» համար։ Կիսսապաշտպանության կենտրոնում նույնպես թիմում քիչ չեն վարպետները։ Նդոմբելեն գլխավոր բացահայտումներից մեկն է, ով կարողանում է կառավարել ամբողջ դաշտի կենտրոնը։ Հիանալի է քանդում մրցակցի գրոհները, անհրաժեշտության դեպքում նույնիսկ ստանձնում դիրիժորի պարտականությունն ու կառուցում գրոհները։ Բազմաֆունկցիոնալ ու տաղանդավոր այս ֆուտբոլիստին արդեն ցանկանում են ձեռք բերել մի շարք գրանդ ակումբներ։ Այսինքն, թիմը նվիրված է ու կայուն, իսկ, դրա հետ մեկտեղ, չունի նաև բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս։

Երկու թիմերի կողմից էլ յուրաքանչյուր չնչին սխալը կարող է ճակատագրական լինել։ «Բարսելոնան» ավելի հզոր է և միանշանակ ֆավորիտն է, բայց «Լիոնն» ընթացիկ մրցաշրջանում գլխացավանք է հանդիսանում հզորների համար։ Նրանք հաղթեցին ՊՍԺ-ին, երկու անգամ չպարտվեցին «Սիթիին» և ոչ-ոքի խաղացին «Բարսելոնայի» հետ։ Նույնիսկ անակնկալ դժվար կլինի համարել, եթե ֆրանսիացիները կարողանան հաղթել «կապտանռնագույններին» նման հաջողությունների շարքից հետո։     

Գուշակեք, թե որ թիմերը դուրս կգան հաջորդ փուլ քվեարկության միջոցով կայքի աջ հատվածում՝ ՀԱՐՑՈՒՄ բաժնում։

Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000