Որոնել
Արխիվ
13.03.2019  18:44

Հայկական ֆուտբոլում ընդլայնված վիճակագրությունը հասանելի է դառնալու

ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ազգային հավաքականի ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև autocrop համակարգով, որը հնարավորություն է ընձեռում ստանալ դաշտում ծավալվող իրադարձությունների ամբողջական պատկեր:

Ամբողջական վերլուծության կենթարկվեն նաև ՀՖՖ կողմից անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերի (Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Հայաստանի Գավաթ, Հայաստանի սուպերգավաթ) բոլոր հանդիպումները։ ՀՖՖ կողմից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակից բոլոր ակումբների համար ձեռք են բերվել Instatscout համակարգի անձնական հաշիվներ, որոնց միջոցով ակումբների մարզիչները հնարավորություն կունենան ավելի պրոֆեսիոնալ կերպով վերլուծելու իրենց թիմերի և մրցակիցների ելույթները, ֆուտբոլիստների առաջադիմությունը և այլն։

ՀՖՖ պաշտոնական կայքում շուտով կտեղադրվի ՀՀ Բարձրագույն խմբի, Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների «վիճակագրական բազան», որը մեր կայքի այցելուներին հասանելի կդարձնի վերոնշյալ մրցաշարերի բոլոր հանդիպումների մասին ընդգրկուն վիճակագրական ինֆորմացիա թե՛ ակումբների և թե՛ առանձին ֆուտբոլիստների ելույթների հետ կապված։

Instat Limited-ի կողմից վերլուծության կենթարկվեն նաև ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների գործողությունները, ինչը կնպաստի մրցավարության որակի բարձրացմանը։

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000