Որոնել
Արխիվ
12.03.2019  19:14

ՉԼ. «Յուվենտուսի» ու Ռոնալդուի որոշիչ խաղը, շնչելու հույս Գվարդիոլայի «մեքենայի» դեմ

Չեմպիոնների լիգայում այսօր՝ կեսգիշերին, նախատեսսված են «Յուվենտուս» - «Ատլետիկո» և «Մանչեսթեր Սիթի» - «Շալկե» 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։

«Յուվենտուս» - «Ատլետիկո»

Առաջին խաղի արդյունքը դիմակայության ֆավորիտ է դարձնում իսսպանական ակումբին, որը տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց թուրինցիների դարպասը։ Սպասելի էր, որ Սիմեոնեն այդ խաղում ամրացնելու է պաշտպանությունը՝ մրցակցին հնարավորություն չտալով գոլի հեղինակ դառնալ, բայց զարմանալին այն է, որ դրա հետ մեկտեղ մարզիչը կարողացավ հարձակման գծում կարգավորել խաղը։ «Ատլետիկոն» տանը վերահսկում էր ամեն ինչ։ Հարձակումից չէր տուժում պաշտպանությունը և հակառակը, իսկ «Յուվենտուսը» կատարյալ մոտ նման խաղի դեմ ոչինչ չկարողացավ անել։

Դա առաջին հերթին մարտավարական հաղթանակ էր Ալեգրիի նկատմամբ, սակայն հաջորդ փուլի ուղեգրի հարցը դեռ լուծված չէ։ Պատասխան խաղում թուրինցիներն ունակ են հսկայական ճնշում գործադրել ցանկացած թիմի վրա՝ հատկապես սեփական հարկի տակ։ Բավական է հիշել միայն նախորդ տարի փլեյ-օֆֆ-ում «Ռեալի» դեմ պատասխան խաղը, որտեղ գերազանցում էին մրցակցին բոլոր գործոններով։ Քառորդ եզրափակչի առաջին խաղում 3 անպաստասխան գնդակ ընդունեցին, իսկ պատասխան խաղում մրցակցի հարկի տակ գրեթե կարողացան փրկվել՝ հաղթելով 3-1 հաշվով։ «Ռեալը» միակ գոլը խփեց հանդիպման վերջնամասում` 11-մետրանոցից։ Նախորդ տարվա «Յուվենտուսը» տարբերվում է ներկայիս թիմից, որովհետև համալրվել է առաջատարով (Ռոնալդու) և ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում։

Նախորդ հանդիպմանն իտալական ակումբը զգուշավոր խաղ էր նախապատրաստել, ինչի համար պատժվեց։ Ալեգրին թիմին առաջնորդել էր «կարևորը գոլ բաց չթողնենք» հոգեբանությամբ, բայց չստացվեց, իսկ գոլեր բաց թողնելուց հետո չկարողացան փոխել այն հոգեբանությունը, որով մտել էին դաշտ։

Եթե «Յուվեն» կարողանա դասեր քաղել նախորդ խաղից, ապա կկարողանա լուրջ խնդիրներ ստեղծել մադրիդցիների համար։ Նրանք չէին սպասում, որ «Ատլետիկոն» կարող է որակով ու գնդակի երկար խաղարկումների շնորհիվ գրոհներ կազմակերպել, իսկ այժմ պիտի պատրաստ լինեն ամեն ինչի։ Մայրաքաղաքայինները ֆանտաստիկ են կարողանում հաշիվ պահել, բայց անթերի ոչինչ չկա։ Ալեգրիի համար գլուխկոտրուկ է, թե ինչպես «ջարդել» մրցակցի պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ չկորցնելով զգոնությունը հետին գծում։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ֆունկցիոնալ անհավանական պատրաստվածություն, իսկ հետո մարտավարական ճկունություն։

Խաղում մեկ խփված գոլը շատ բան կարող է կտրուկ փոխել։ Եթե «Ատլետիկոյին» հաջողվի գրավել դարպասը, ապա ամեն ինչ գրեթե կվճռվի, իսկ թուրինցիների գոլի դեպքում դաշտի տերերը կարող են լիցքավորվել կրկնակի եռանդով և մրցակցի պաշտպանությունը հնարավոր է տեղի տա։

Սիմեոնեն, որքան էլ լավ է կարողանում պաշտպանական ֆուտբոլ թելադրել, պիտի թիմին տրամադրի նաև գրոհների։ Եթե ոչ, ապա կկրկնի առաջին խաղում «Յուվեի» սխալն ու չափից շատ զգուշությունը կարող է չար կատակ խաղալ։

Երկու թիմերն էլ զերծ չեն մնացել կորուստներից։ «Յուվենտուսի» կորուստները կարող են ավելի զգալի լինել, որովհետև բացակայում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սանդրոն, Դե Շիլյոն, Կոստան, Կուադրադոն և Խեդիրան։ Սրանք այն խաղացողներն են, ովքեր կարող են լրջագույն հզորացում հաղորդել թիմի խաղին։ Կոստան և Կուադրադոն ունակ են տեխնիկական վարպետության շնորհիվ ճեխքել ցանկացած պաշտպանություն ու թարմացնել հարձակման եզրերը, ինչը շատ պետք կգար դաշտի տերերին։

Իսպանացիների կորուստները համեմատաբար լուրջ չեն։ Չկա Դիեգո Կոստան, բայց նա այնքան էլ լավ մարզավիճակում չէ։ Բացի այդ, Մորատան հիանալի է ինտեգրվել թիմին և Կոստայից ավելի հաջող է խաղում։ Չեն մասնակցի նաև պաշտպան Ֆիլիպե Լուիսն ու Լուկասը։ Այս ֆուտբոլիստները պաշտպանության եզրերում մեծ օգուտ կարող են տալ։ 1/8 եզրափակչի առաջին խաղում Լուիսը մեկնարկային կազմում էր և հիանալի տպավորություն թողեց ձախ եզրում։ Այս կորուստները հնարավոր է այնքան էլ մեծ ազդեցություն չունենան թիմի խաղի վրա, սակայն հնարավոր է, որ ընթացքում զգացնել տան։

ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում տեսել ենք հիանալի քամբեքեր և ամենևին զարմանալի չի լինի այն, որ «Յուվենտուսը» կարողանա հետ բերել կորցրածը, բայց «Ատլետիկոյից» 2-3 գոլ «պոկելը», միևնույն ժամանակ բաց չթողնելով, բարդագույն, անմարդկային ջանքեր է պահանջում։

«Մանչեսթեր Սիթի» - «Շալկե»

Գերմանական ակումբն առաջին խաղում զարմացրեց։ Շատերը կարծում էին, որ «Սիթին» կհաղթի խոշոր հաշվով ու կապահովի հաջորդ փուլի ուղեգիրը, որովհետև «Շալկեն» Գերմանիայի առաջնությունում խայտառակ ֆուտբոլ է ցուցադրում՝ դառնալով հետնապահներից մեկը։

Ի զարմանս բոլորի, դաշտի տերերն իսկական ճակատամարտ էին պատրաստել անգլիական գրանդի համար։ Ի վերջո, «Սիթին» հաղթեց 3-2 հաշվով ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ, բայց «Շալկեն» ապացուցեց, որ կարող է ավելին, քան նրանից սպասում են։ Եթե թիմը Բունդեսսլիգայում տրամադրվի այնպես, ինչպեսս տրամադրվել էր 1/8 եզրափակչի առաջին խաղում՝ կհաղթի գրեթե բոլոր հանդիպումներում։ Պարզ չէ, թե ինչ է կատարվում «Շալկեի» հետ, որովհետև, ունենալով հիանալի ֆուտբոլիստներ, ներքին առաջնությունում չեն կարողանում ինչպես հարկն է տրամադրվել խաղերին ու զիջում են գրեթե բոլորին։

Գերմանական ակումբը կարող է խնդիրներ ստեղծել «Սիթիի» համար, բայց հաջորդ փուլ դուրս գալը հեքիաթների շարքից կլինի։ Մանչեսթերյան ակումբը համալրված է ֆանտաստիկ ֆուտբոլիստներով, փորձառու ու հանճարեղ մարզչով և համարվում է ՉԼ-ում հաղթելու գլխավոր ֆավորիտներից մեկը։  Բացի այդ, «քաղաքայինները» մրցակցի հարկի տակ հաղթել են և լուրջ առավելություն են ստեղծել։ Այս դիմակայությունում ամեն ինչ գրեթե պարզ է։ Հանդիպման ինտրիգը լինելու է այն, թե ինչպես է փորձելու «Շալկեն» դիմակայել անգլիական «մեքենային» և արդյո՞ք կկարողանա առաջին հանդիպման օրինակով  պայքարել մինչև վերջին վայրկյանները՝ ապացուցելով, որ դեռ «շնչում են»։

Գուշակեք, թե որ թիմերը դուրս կգան հաջորդ փուլ քվեարկության միջոցով կայքի աջ հատվածում՝ ՀԱՐՑՈՒՄ բաժնում։

 

Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000