Որոնել
Արխիվ
21.02.2019  19:38

«Կայրաթ» - «Լոռի». Երկկողմ մեղադրանքներ, չկոտրված ծնոտ և վիճաբանություն, որը չտեսանք

Երեկ` փետրվարի 20-ին թուրքական Բելեկում ընկերական խաղ է կայացել «Լոռիի» և «Կայրաթի» միջև: 77-րդ րոպեին խաղադաշտում վիճաբանություն է սկսվել, որից հետո բելառուս մրցավարները որոշել են չշարունակել խաղը: Այդ պահի դրությամբ ղազախական թիմն առջևում է եղել 4:2 հաշվով:

ВКонтакте սոցիալական ցանցում հանդիպման տեքստային ռեպորտաժ անցկացնող «Կայրաթի» պաշտոնական էջն անմիջապես գրեց, որ խաղադաշտում հրմշտոց է, որի պատճառը հայկական կողմն է: Մեկ օր անց հայկական կողմին մեղադրելու մասը հանված էր:

Փոխարենը, ղազախական մամուլում նշվեց, որ վիճաբանության պատճառը ռասսայական հիմք է ունեցել: Ավելի ուշ Kazfootball.kz-ը կայքում չհաստատված լուր հրապարակվեց այն մասին, որ վիճաբանության ժամանակ կոտրվել է «Կայրաթի» լեհ կիսապաշտպան Կոնրադ Վրժեշչինսկու ծնոտը: Այդ տեղեկությունը պարզելու համար Sports.kz-ն կապնվել է 25-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնող Մարցին Միխալակի հետ, ով հերքել է կոտրվածքի լուրը.

«Կոնրադի ծնոտը կոտրված չէ: Բուժզննում է կայացել և պարզվել է, որ ամեն ինչ նորմալ է: Ինձ ավելի շատ նրա քթի վիճակն է անհագստացնում: Չգիտեմ նա քանի հարված է ստացել դեմքին, բայց մեկ ուժեղ հարված հաստատ եղել է»:

Վիճաբանության վերաբերյալ ավելի մանրամասն մեկնաբանություն տվել է «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը.

««Կայրաթն» առաջին րոպեներից շատ կոպիտ էր խաղում իմ ֆուտբոլիստների նկատմամբ, և հրմշտոցից առաջ մրցավարն այդ թիմին նվազագույնը պետք է երկու կարմիր քարտ ցույց տված լիներ: Բայց մրցավարը խաղի թելը ձեռքից բաց թողեց:

Չգիտեմ, թե դա «Կայրաթին» ինչու էր հարկավոր: Խաղն ընկերական էր, նրանց թիմն առանց այդ էլ ավելի ուժեղ է… Հետո էլ գրեցին, որ ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր: Հետևից միտումնավոր հարվածելը սխալ է: Լավ էր, որ ամեն ինչ ընդամենը հրմշտոցով ավարտվեց»,- sports.kz-ի հետ զրույցում ասել է գյումրեցի մասնագետը:

Շատերս հույս ունեինք, որ հրմշտոցի տեսանյութի ժամանակ կտեսնենք` ովքեր են եղել մեղավորները, սակայն երկու ակումբներն էլ հրապարակեցին միայն գոլերի ու վտանգավոր պահերի դրվագները: Հրմշտոցի մասին չկար որևէ խոսք կամ դրվագ:

ArmFootball.com-ը կանվեց «Լոռիի» մամուլի ծառայության հետ պարզաբանում ստանալու համար: Մեզ պատասխանեցին, որ վանաձորյան ակումբն այդ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն տալն անհրաժեշտ չի համարում: Դա ակումբի պաշտոնական դիրքորոշումն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000