Մահացել է 20-րդ դարի լավագույն սեյվ կատարած դարպասապահը (VIDEO)
Այսօր` փետրվարի 12-ին մահացել է Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Գորդոն Բենկսը: Անգլիացին 81 տարեկան էր: 2015 թվականից նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, գրում է BBC-ին:
Բենկսը 1966 թվականին Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: Ֆուտբոլիստի նրա կարիերան սկսվել է 1958 թվականին և ավարտվել 1977-ին: Այդ ընթացքում նա հանդես է եկել 7 ակումբներում, որոնց թվում են եղել «Լեսթերն» ու «Սթոք Սիթին»:
Ֆուտբոլի միջազգային պատմության ու վիճակագրության ֆեդերացիայի կողմից անգլիացին ճանաչվել է 20-րդ դարի երկրորդ լավագույն դարպասապահը (առաջինը` Լև Յաշինն է):
1970 թվականի Մունդիալի` Բրազիլիայի – Անգլիա խաղի ժամանակ Պելեի կատարած հարվածից հետո Բենկսի կատարած սեյվը ճանաչվել է լավագույնը 20-րդ դարում: