Որոնել
Արխիվ
09.02.2019  13:56

Հայկ Իշխանյան. ««Լոռի» տեղափոխվելու պատճառը մարզիչն էր»

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը երեկ պաշտոնապես դարձավ «Լոռիի» ֆուտբոլիստ: ArmFootball.com-ի հետ զրույցում 29-ամյա ֆուտբոլիստը պատմեց «Գանձասար-Կապանից» հեռանալու և վանաձորյան թիմին միանալու պատճառների, ինչպես նաև հետագա ծրագրերի մասին:

- Ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիք «Լոռիում»:

- «Լոռիի» տարբերակը հենց հունվարի սկզբից կար: Նաև առաջարկներ ունեի հայկական այլ ակումբներից: Իմ հիմնական ծրագիրն արտասահման մեկնելն էր, սակայն դրա համար հարկավոր էր շարունակել սպասել բանակցությունների ավարտին, որոնք ձգձգվում էին: Հաշվի առնելով մրցաշրջանի երկրորդ կեսի մոտալուտ մեկնարկն ու Հայաստանի հավաքականի խաղերին պատրաստ լինելու անհրաժեշտությունը, որոշեցի արտասահման տեղափոխվելու մտադրությունը հետաձգել մինչև ամառ:

- Արտասահմանյան ո՞ր ակումբներից էին առաջարկները:

- Անուններ չէի ուզի տալ, բայց շատ տարբերակներ կային:

- Եթե հայկական այլ ակումբներից նույնպես առաջարկներ կային, ինչո՞ւ ընտրեցիք հենց «Լոռին»:

- Ցանկություն կար ավելի խելացի մարզչի հետ աշխատել: Արթուր Պետրոսյանն ինձ հրավիրել է Հայաստանի հավաքական, շատ լավ ծանոթ ենք միմյանց աշխատանքին:

- «Լոռիի» հետ տիտղոս նվաճելու շանսերը բա՞րձր եք դասում:

- Անչափ: Առաջին հերթին Հայաստանի Գավաթը… Այն նվաճելու համար ընդամենը երկու քայլ է հարկավոր: «Լոռին» արդեն կիսաեզրափակչում է: Հարկավոր է այդ փուլն անցնել և հաղթել եզրափակչում: Չեմպիոն դառնալու շանսերն էլ շարունակում են բարձր մնալ: Առաջատարից հետ ենք 8 միավորով, բայց դեռ 19 տուր կա: Դեռ շատ բան է փոխվելու:

- Ձեր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Հավանակա՞ն է, որ ևս մեկ տարի մնաք «Լոռիում»:

- Ինձ համար առաջնայինն արտասահման տեղափոխվելն է: Ամռանը նորից կդիտարկեմ տարբերակները և այդ ժամանակ կորոշեմ:

- Դուք արդեն 29 տարեկան եք և ձգտում եք արտասահման մեկնել: Ինչո՞ւ այսքան ուշ:

- Ցանկությունը միշտ կար, բայց առաջարկներ չկային: Տարբերակներ ի հայտ եկան միայն, երբ սկսեցի հրավիրվել Հայաստանի հավաքական:

- Ունե՞ք գործակալ, որ զբաղվի բանակցություններով:

- Այո, հայ և արտասահմանցի:

- «Գանձասար-Կապանից» Ձեր հեռանալը շատերի համար անակնկալ էր: Դուք դարձել էիք թիմի ավագը և հենց այնտեղից հրավիրվել Հայաստանի հավաքական: Ինչո՞ւ հեռացաք:

- Պատճառը գլխավոր մարզչն էր (Աշոտ Բարսեղյան-խմբ.): Դեկտեմբերին ասաց, որ չեմ մտնում նրա ծրագրերի մեջ: Ավելի մանրամասն կարող եք հենց նրանից հարցնել:

- Այդ պատճառո՞վ խզեցիք ակումբի հետ պայմանագիրը:

- Այո, բայց ես «Գանձասարի» հետ որևէ տարաձայնություն չունեմ: Ընդհակառակը` շատ շնորհակալ եմ այդ ակումբին, որն ինձ շատ բան է տվել: Ակումբի ղեկավարությանը շատ շնորհակալ եմ, ամեն ինչ արել են ինձ համար, իսկ թիմում բազմաթիվ ընկերներ են մնացել:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000