Որոնել
Արխիվ
05.02.2019  14:43

Հարությունյան. ««Երևանի» կազմը 90 տոկոսով փոխվելու է, կունենանք Հայաստանի հավաքականների 5-6 թեկնածու»

«Երևանի» նախագահ Կարեն Հարությունյանը ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է ակումբի ապագա ծրագրերի մասին.

- Ինչպե՞ս է թիմը պատրաստվում 2018/19 մրցաշրջանի երկրորդ հատվածին:

-Նախ պետք է ասեմ , որ թիմի կազմը 90 տոկոսով փոխվելու է: Առաջնության մեկնարկից առաջ քիչ ժամանակ ունեինք և կարծում եմ՝ ֆուտբոլիստների լավ սելեկցիա չէինք արել: Մեր լեգիոներներից մնացել են ընդամենը երեքը՝ առաջնության լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովը, Իվան Լատիշևը և Եվգենիի Եվգենևը: Մնացած լեգիոներները լքել են ակումբը, խոսքը վերաբերում է Իվան Մամախանովին, որն ի դեպ ունի նաև Հայաստանի քաղաքացիություն, Ֆյոդոր Լիմոնովին, Մաքսիմ Եվստիգնեևին, Դենիս Լյուբիմովին, Ռոման Զավյալովին և Ալեքսանդր Ակիշինին:

Այս երեք ֆուտբոլիստների շուրջ կառուցելու ենք թիմ, հրավիրել ենք նոր ֆուտբոլիստների, որոնք արտասահմանում են հանդես եկել: Փորձելու ենք ստեղծել թիմ, որը առանց լուրջ փոփոխությունների կկարողանա հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբում:

Բարձրագույն խմբում հանդես գալու համար պետք է արտոնագրվել: Իսկ արտոնագրման պարտադիր պայմաններից մեկն այն է, որ թիմում պետք է լինեն երեք Pro արտոնագրով մարզիչներ: Այդ իսկ պատճառով, թիմը ունի նոր մարզիչներ, այդ թվում նաև գլխավոր մարզիչ: 4 թեկնածուներ կային, որոնցից ընտրել ենք նրան, ով ավելի լավ է աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Նախկին գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը ակումբում կզբաղեցնի այլ պաշտոն, իսկ նոր գլխավոր մարզչին մոտ օրերս պաշտոնապես կներկայացնենք:

-Լեգիոներներից բացի, նոր հայ ֆուտբոլիստներ կա՞ն «Երևանում»:

- Երբ ակումբը մարզադպրոց չունի, մի փոքր դժվարություններ են առաջանում: Մեր կազմում կունենանանք 5-6 հայ ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականների թեկնածուներ են: Նրանք, խաղալով ուժեղ լեգիոներների հետ, կզարգանան և աճ կգրանցեն:

-Կարելի է ասել, որ «Երևան» ՖԱ-ի նպատակը Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես գա՞լն է:

-Անպայման պետք է խաղանք Բարձրագույն խմբում և ամեն բան անում ենք ու քայլեր ենք ձեռնարկում դրան հասնելու համար:

-Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան, այնտեղ որտեղ մարզվում և խաղում է «Երևան» ՖԱ-ն, բաց մրցույթի է հանված, սա ինչ-որ կերպ փոխելո՞ւ է ակումբի պլանները:

-Ընդհանրապես դա ոչինչ չի կարող փոխել: Իհարկե, ի սկզբանե այն տրվել էր «Երևանին» շահագործման համար: Մեր հովանավորները մոտավորապես 7 ամիս ներդրում են կատարել: Սակայն ՀՖՖ-ն որոշում կայացրեց, որ պետք է մրցույթ հայտարարել: Օբյեկտիվ պատճառներով մենք մրցույթին չենք մասնակցել: Մենք նպատակ ունենք ՀՖՖ-ի հետ համատեղ նոր ակադեմիա կառուցել: Հիմա գործը բանակցությունների փուլում է:

Սա բարդ ծրագիր է, պետք է հաշվել ներդրումների չափը, լուծել հողատարածքի հարցը: Հույս ունեմ, որ մեր ծրագրերը կիրականանան:

-Ձեր կարծիքը օտարերկրացի ֆուտբիստների սահմանափակման մասին.

-Ֆեդերացիայում այս հարցը քննարկվել է: Քննարկմանը մասնակցել են ակումբների նախագահները: Ես կարծում եմ, որ լեգիոներների լիմիտ պետք է լինի, բայց դա պետք է անել քայլ առ քայլ:

Գիտեմ, որ ակումբներին թույլատրվելու է հայտավորել 23 ֆուտբոլիստի, ուստի պետք է սկսել ինչ-որ քանակից: Օրինակ ունենալ ամենաշատը 7 լեգիոներ, հետո՝ 6, հետո՝ 5: Սա կօգնի հասկանալ, թե ինչ արդյունք է տալիս սահմանափակումը:

Մեր առաջնությունը բավականին ուժեղացել է, պետք է այնպես անել, որ ոչ մի բան արհեստականորեն չազդի առաջնության որակի վրա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000