Մարաշլյան. «Առաջարկ եմ ստացել Հայաստանի ընտրանուց, բայց երազում եմ խաղալ
Ուրուգվայի հավաքականում»
«Լոս-Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հաստատել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու լուրը և պատմել իր ապագա ծրագրերի մասին: 20-ամյա ռմբարկուն այդ մասին խոսել է Sputnik Mundo–ի աջակցությամբ Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
- Դուք հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի եք, ԱՄՆ–ում երկու երկիր եք ներկայացնում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկ ստացե՞լ եք։
– Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից. նա Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացել եմ արդյո՞ք հրավեր, թե՞ ոչ, ասեմ` այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ։
- Արդյո՞ք ճանաչում եք Սերխիո Մարգարյանին (հայտնի ֆուտբոլային մարզիչ, որը տարբեր տարիներին գլխավորում էր հարավամերիկյան և եվրոպական ակումբները, ինչպես նաև Ուրուգվայի, Պարագվայի և Պերուի հավաքականները` խմբ.)։ Ի՞նչ գիտեք նրա մասին, որպես մարդ և մարզիչ։
–Ոչ, չեմ ճանաչում, բայց ինչքան տեսել եմ հեռուստատեսությամբ, հասկացել եմ, որ լավ մարզիչ է և ակնհայտ է, որ նա համաշխարհային մակարդակով ճանաչված է:
- Ի՞նչ զգացումով եք խաղում Հյուսիսային Ամերիկայում, MLS–ում։
– Ինձ շատ դուր է գալիս, շատ գոհ եմ։ Իհարկե, շատ պահանջկոտ են, և դա ինձ շատ է օգնում: Այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ կան, և լիգայի մակարդակն, ինչպես տեսնում եք, բարձրանում է: Բայց, իհարկե, ես մեծ ցանկություն ունեմ վերադառնալ Ուրուգվայ, վերադառնալ իմ երկիր, խաղալ այնտեղ, սակայն առայժմ ես ինձ այստեղ լավ եմ զգում, դեռ իմ ֆուտբոլային կարիերան կառուցում եմ այստեղ: