Որոնել
Արխիվ
01.02.2019  03:20

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը

Այսքանով ավարտում ենք տրանսֆերային դեդլայնի լուսաբանումը: Շնորհակալություն, որ ArmFootball.com-ի հետ էիք: Բարի գիշեր:

________________________________________________

03:17. Sky Sports-ին «Կրիստալ Փելասը» հայտնել է, որ հասցրել է «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին վարձակալելու փաստաթղթերն ուղարկել ԱՊԼ-ի գրանցման կենտրոն: Գործարքի մասին կհայտարարվի ավելի ուշ:

03:00. ՎԵՐՋ: Եվրոպական ֆուտբոլային ուժեղագույն բոլոր առաջնություններում տրանսֆերային պատուհանը փակվեց: Այլևս նոր տրանսֆերներ չեն կարող լինել, սակայն մինչև այդ գրանցվածների մասին կարող է հայտարարվել ավելի ուշ: 

02:54. Միշի Բատշուայիի` «Կրիթալ Փելաս» տեղափոխությունից դեռ լուր չկա...

02:51. Դիեգո Սիմեոնեի հավատարիմ մարտիկ Մաուրիո Սուարեսը Չինաստանից վերադարձել է Իսպանիա: Նոր հանգրվանը` «Ռայո Վալեկանոն» է:

02:49. Դոնեցկի «Շախտյորի» նախկին ռմբարկու Ֆակունդո Ֆերեյրան այդպես էլ չհարմարվեց «Բենֆիկային» և կփորձի վերականգնվել «Էսպանյոլում»:

02:33. Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային պաշտպան Ժերեմի Տոլյանը վարձակալությամբ կխաղա «Սելթիկում»:

02:30. Մեծ տաղանդ համարվող, «Բարսելոնայում» իրեն այդպես էլ չդրսևորած Ալեն Հալիլովիչը «Միլանից» տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ»: Վարձավճար 1,5 տարով:

02:05. ՊՍԺ-ի համար բուժզննում անցած Ակոստայի («Դի Սի Յունայթեդ») տրանսֆերը խափանվել է: Դրան դեմ է եղել Թոմաս Տուխելը: Ակումբի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն առանց գերմանացուն տեղյակ պահելու փորձելէ  ձևակերպել այդ գործարքը:

01:54. Իդրիսա Գույեի համար ՊՍԺ-ի վերջին առաջարկն «Էվերթոնին» կազմել է 30 միլիոն եվրո և ավարտվել է մերժումով: Կիսապաշտպանը ծանր է տարել այդ լուրը: 

01:52. Sky Sports News-ը հայտնում է, որ «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային մոտ է «Կրիսթալ Փելաս» տեղափոխվելուն: Բելգիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը: Ակումբները բանակցում են մշտական տրանսֆերի շուրջ:

01:43. Մեծ տաղանդ համարվող Գանսոն անհաջողության մատնվեց Եվրոպայում և կրկին վերադառնում է Բրազիլիա: Նա 5 տարվա պայմանագիր է կնքել «Ֆլումինենսեի» հետ: Բրազիլացու տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Սևիլյային», բայց վարձակալությամբ խաղում էր «Ամյենում»:

01:33. Սինձի Կագավան Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվեց «Բեշիկթաշ»: Վարձակալություն:

01:30. Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ֆյոդոր Կուդրյաշովը պաշտոնապես դարձավ Թուրքիայի առաջնության առաջատար «Իստամբուլ Բաշեկշեհիրի» ֆուտբոլիստ: Նա ազատ գործակալ էր:

01:26. «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսը բուժզննում է անցել «Զենիթի» համար: Նրան հենց ակումբի ավտոբուսից էին վերցրել ու տարել փաստաթղթեր ստորագրելու: Բարիոսը պետք է դառնա Լեանդրո Պարեդեսին փոխարինողը:

01:11. Կենտրոնական պաշտպան-կիսապաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն «Թուլուզից» տեղափոխվեց «Բարսելոնա» և ստացավ Չավիի լեգենդար 6 համարը: Ֆրանսիացին պետք է ամռանն անվճար տեղափոխվեր Կատալոնիա, բայց «բլաուգրանան» որոշել է 1-2 միլիոն եվրոյի դիմաց նրան հիմա հրավիրել: Շնորհանդեսը կկայանա վաղը:

01:00. Տրանսֆերային պատուհանի փակվելուն մնաց մեկ ժամ:

00:21. «Ատլետիկոն» թիմ վերադարձրեց իր 18-ամյա պաշտպան Նեուեն Պերեսին: Մադրիդցիներն արգենտինացուն վարձակալության էին տվել նրա նախկին թիմին` «Արգենտինոս Խունիորսին»:

00:18. «Մոնակոն» ու «Լեսթերն» ուշագրավ վարձավճարային փոխանակում կատարեցին: Կես տարով Անգլիա է մեկնել Յուրի Տիլեմանսը, իսկ հակառակ ուղղությամբ գնացել Ադրիեն Սիլվան:

00:02. «Բարսելոնան» ու «Բետիսը» խառը գործարք են կնքել: Կատալոնացիների ապագա նորեկ, աջ պաշտպան Էմերսոնը, ում տրանսֆերի մասին հայտարարվեց քիչ առաջ, մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացնելու է «Բետիսում»: Ի սկզբանե սպասվում էր, որ բրազիլացին մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի իր նախորդ թիմում` «Ատլետիկո Մինեյրոյում»:

23:59. Հավանաբար հիշում եք «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ջոել Օբիին: Նա դեռ 27 տարեկան է, բայց արդեն գնաց Թուրքիայի առաջնություն` «Ալանյասպոր»: «Կիևոն» նրան բաց է թողել վարձավճարի հիմունքներով:

23:48. Ժամանակին Ուիլֆրիդ Բոնին խաղում էր «Մանչեսթեր Սիթիում», իսկ հիմա արդեն... քաթարյան «Ալ Արաբիում»: Չեմպիոնշիփում գտնվող «Սուոնսին» վարձավճարով բաժանվեց 30-ամյա հարձակվողից, ով տեսականորեն պետք է նրան ԱՊԼ վերադարձներ: 

23:40. «Արսենալի» տաղանդավոր կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն վարձակալությամբ տեղափոխվեց «ՌԲ Լեյպցիգ»: Գերմանացիները տրանսֆերը գնելու իրավունք չեն ունենա: 

23:30. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Պետեր Կրաուչը դարձավ «Բարնլիի» ֆուտբոլիստ: Մինչև այդ նա խաղում էր «Սթոք Սիթիում», որը Չեմպիոնշիփում է: Հակառակ ուղղությամբ է մեկնել հարձակվող Սեմ Վոուկսը:

22:54. Չզարմանաք, բայց այսօր «Մոնակոյից» արդեն 5-րդ ֆուտբոլիստը հեռացավ: Կիսապաշտպան Ադամա Տրաորեն վարձակալությամբ կխաղա բելգիական «Սերկլ Բրյուգեում»:

22:37. «Բարսելոնան» հայտարարեց «Ատլետիկո Մինեյրոյի» աջ պաշտպան Էմերսոնի ապագա տրանսֆերի մասին: Բարզիլացին կատոլանական ակումբին կմիանա ամռանը: Տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո:

21:48. ParisUnited-ը տեղեկացնում է, որ Վիլիանը չի տեղափոխվի ՊՍԺ: «Չելսիի» հետ պայմանավորվել չի ստացվել: Շուտով ֆրանսիացիները պայմանագիր կկնքեն «Դի Սի Յունայթեդի» ֆուտբոլիստ Լուսիանո Ակոստայի հետ: Հենց նա տեսականորեն կդառնա վնասվածք ստացած Նեյմարին փոխարինողը:

21:45. Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Սինձի Կագավային սպասում էինք Իսպանիայում (ասում էր երազում է) կամ «Մոնակոյում» (ակումբներն էին պայմանավորվել), բայց նա ժամանել է Ստամբուլի օդանավակայան: Ճապոնացին սպասում է «Բեշիկթաշ» տեղափոխվելուն: 

21:37. Վերջին ժամերին «Վալենսիան» նույնպես ակտիվացավ: «Սելտայից» կես տարով վարձակալվել է փորձառու պաշտպան Ֆակունդո Ռոնկալյան, ով հայտնի է «Ֆիորենտինայում» խաղալով և Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 14 հանդիպումով:  

21:27. Հիշո՞ւմ եք «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ռոմուլոյին: Նա արդեն 31 տարեկան է և թվում էր անվանի թիմում այլևս չի խաղա: Բայց` ոչ: «Լացիոն» նրան վարձակալել է «Ջենոայից»: 

21:19. Մինչև Նեյմարի` Ֆրանսիա գալը, Լիգա 1-ի դրիբլինգի արքան Ռիյադ Բուդեբուզն էր: Հետո նա գնաց «Բետիս», որտեղ այդպես էլ չփայլեց: Հիմա նա տեղափոխվեց «Սելտա», որտեղ խաբքերին ավելի շատ տեղ են տալիս: 

21:00. Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակվեց:

20:43. Կլաուդիո Ռանյերիին կատաղության հասցրած Աբուբակար Կամարան «Ֆուլհեմից» վարձավճարով տեղափոխվեց թուրքական «Էնի Մալատյասփոր»: Օրեր առաջ նա թիմից հեռացվել էր ծեծկռտուքի պատճառով: Այդ միջադեպի հետևանքով նույնիսկ ոստիկանություն էին կանչել:

20:40 Լեո Բապտիստաոն Չինաստան գնաց փող աշխատելու: «Վուհան Զալը» նրա տրանսֆերի համար 5,8 միլիոն եվրո է վճարել «Էսպանյոլին»:

20:38. Չիչարիտոյի տրանսֆերի խափանումից հետո «Վալենսիան» գնեց «Ալավեսի» հարձակվող Ռուբեն Սոբրինոյին: Գործարքն արժեցել է 5 միլիոն եվրո:

20:32. «Արսենալի» մասին տեղեկությունների ամենավստահելի աղբյուրը համարվող Դևին Օրնշտեյնը տեղեկացնում է, որ Իվան Պերիշիչը և Յանիկ Կարասկոն չեն տեղափոխվելու լոնդոնյան ակումբ: Հարձակման եզրն ուժեղացնելու միակ տարբերակ է մնացել ՊՍԺ-ի վինգեր Կրիստոֆեր Նկունկուն:

20:30. ՊՍԺ-ն այլընտրանք է գտել Իդրիսա Գույեին, ում «Էվերթոնը» չի ուզում բաց թողնել: Փարիզցիների մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն բանակցում է «Լիլի» կիսապաշտպան Տյագո Մենդեսի տրանսֆերի շուրջ:

20:27. Ահա և այսօր «Մոնակոյից» հեռացած ՉՈՐՐՈՐԴ ֆուտբոլիստը: Ալմամի Տուրեն տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»:

20:22. Միշի Բատշուայիին դուր չի եկել Իսպանիայի առաջնությունը: Ամեն ինչ «Վալենսիայում» անցկացրած անհաջող կես տարվա պատճառով: «Չելսին» «Բետիսի» հետ համաձայնեցրել է բելգիացու տեղափոխությունը, սակայն նա ուզում է ԱՊԼ-ում խաղալ: Թեկնածուներ են համարվում «Էվերթոնն» ու «Տոտենհեմը»: 

20:16. «Բարսելոնայի» ապագա նորեկ Ժան-Կլեր Տոբիդոն արդեն մեկնել է Կատալոնիա: Նա կես տարուց պետք է անվճար միանար «բլաուգրանային», սակայն ակումբը որոշել է նրան արդեն հիմա գնել: Պաշտպանի համար «Թուլուզը» կստանա 1-2 միլիո եվրո:

19:55. «Գալաթասարայը» խելագարվել է ու ևս մեկ հարձակվող գնել: Թուրքիայի առաջնության լավագույն և բացահայտ ռմբարկու Մբայե Դիանեն արդեն ստամբուլյան թիմում է: «Կասիմպաշայում» նա 17 խաղում 20 գոլ է խփել: Առաջնության երկրորդ ռմբարկուն 9 գոլ է խփել: Ժամեր առաջ «Գալաթասարայը» վարձակալել էր Մարսելի Օլիմպիկի հարձակվող Կոստաս Միտրօղլուին:

19:16. Ռուսաստանում տրանսֆերային խոշոր տեղափոխություն է մոտենում: «Զենիթը» մոտ է 12 միլիոն եվրոյով «Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունին գնելուն: Իրանցու տեղափոխությունը «Վուլվերհեմփթոն» խափանվել է: Ակումբները համաձայնության չեն հասել, իսկ եթե նույնիսկ հասնեին, Ազմունը չէր հասցնի Անգլիա մեկնել բուժզննման համար: «Զենիթն» էլ նոր հարձակվող է փնտրում, որովհետև իր ռմբարկուներից մեկը բանտում է:

19:14. Օրվա ամենաակտիվ ակումբի մրցանակը ստանում է «Մոնակոն»: «Կարմրասպիտակները» հիմա էլ վարձակալեցին են «Տոտենհեմի» վինգեր Ժորժ-Կևին Նկուդուին:

18:59. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ «Շալկե 04»-ը շարունակում է ամրապնդվել: «Վոլֆսբուրգից» վարձակալվել է պաշտպան Ջեֆրի Բրուման:

18:47. «Նյուքասլն» իր տրանսֆերային պատմության ռեկորդը սահմանեց: 20 միլիոն ֆունտով «Ատլանտա Յունայթեդից» գնվել է պարագավայցի Միգել Ալմիրոնը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր հեռավոր 2005 թվականին, երբ Մադրիդի «Ռեալից» ձեռք էր բերվել Մայքլ Օոունը: Ահա այդ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալմիրոնը:

18:00. Տրանսֆերային պատուհանը Գերմանիայում փակվելու է Երևանի ժամանակով 21:00-ին, Իտալիայում` 23:00-ին, իսկ ահա Իսպանիայում, Անգլիայում և Ֆրանսիայում` 02:00-ին:

17:35. «Բետիսը» մտադիր է ակտիվացնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջիովանի Լո Չելսոյի տրանսֆերը գնելու իրավունքը: Այն կկազմի 22 միլիոն եվրո: Անդալուսիայում վարձավճարով հանդես եկող արգենտինացին ակումբին տպավորել է իր հիանալի խաղով:

17:30. «Նյուքասլը» վարձակալել է պաշտպան Անտոնիո Բարեկային: Նա դարձավ «Մոնակոյից» այսօր հեռացած երրորդ ֆուտբոլիստը:

17:19. «Բավարիայի» եզրային պաշտպան Ռաֆինյան մոտ է «Ֆլամենգո» տեղափոխվելուն: Դրա համար նա պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ:

16:56. Նույն աղբյուրը վստահեցնում է, որ «Էվերթոնը» ՊՍԺ-ին չի վաճառելու հենակետային կիսապաշտպան Իդրիսա Գույեին: Լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան սպառնացել է հրաժարական տալ, եթե Գույեն հեռանա:

16:52. Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել խորվաթական «Հայդուկի» 18-ամյա կիսապաշտպան Անտե Պալևերսային: Գործարքը կազմել է 8 միլիոն եվրո: Կիսապաշտպանը վարձակալությամբ տրվելու է հենց «Հայդուկին»:

16:50. «Լաս Պալմասի» կիսապաշտպան Տանան վարձակալությամբ կխաղա չինական «Հանչժոու Գրինթաունի» կազմում:

16:47. «Բարսելոնան» «Թուլուզի» հետ համաձայնության է հասել կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոբիդոյի տեղափոխության շուրջ: Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստն ամռանը կմիանա կատալոնացիներին, սակայն «բլաուգրանան» կարողացել է գործարքը կես տարի շուրջ կազմակերպել: Շնորհանդեսը կկայանա վաղը: 

16:33: Կոստաս Միտրօղլուն Մարսելի «Օլիմպիկից» վարձավճարով տեղափոխվել է «Գալաթասարայ»:

16:13. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արսենալը» հաստատեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի վարձակալությունը: Նա խաղալու է 22 համարի մարզաշապիկով: Մինչև հեռանալը նա մեկ տարով երկարաձգել է կատոլանցիների հետ պայմանագիրը:


15:45. BBC-ն վստահեցնում է, որ Իվան Պերիշիչը («Ինտեր») չի տեղափոխվելու «Արսենալ»:

15:39. «Լեսթերը» շատ մոտ է «Մոնակոյի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին վարձակալելուն: Հակառակ ուղղությամբ կմեկնի Անդրիեն Սիլվան: Գերհզոր գործակալ Ժորժե Մենդեշը կրկին սկսում է իր թիմը հավաքել «Մոնակոյում»:

15:30. Փոխարենը, «Արսենալից» Գերմանիա կարող է տեղափոխվել կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն: «ՌԲ Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը հաստատել է, որ անգլիացին արդեն բուժննում է անցնում:

15:28. Խափանվել է «Արսենալի» հարձակվող Էդդի Նկեթիայի` «Աուգսբուրգ» տեղափոխությունը:

15:22. Լեոնարդու Ժարդիմի խնդրանքով «Մոնակոն» կրճատում է թիմի կազմը, որը հսկայական թվի է հասել: Այսօր արդեն կիսապաշտպան Պելե Գոմեշը վարձավճարով տեղափոխվել է  «Նոթինգհեմ Ֆորեսթ», իսկ միջին գծի մեկ այլ ֆուտբոլիստ Յուսեֆ Աիտ-Բենասերը` «Սենտ-էտիեն»:

15:18. Երկու նորություն Ռուսաստանից: «Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է հայտնվել «Վուլվերհեմփթոնում»: «Գայլերը» պատրաստ են 2 միլիոն եվրոյով վարձակալել իրանցուն, իսկ ամռանը գնել 13 միլիոնով:

Միաժամանակ Sport24.ru-ն գրում է, որ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ֆյոդոր Կուդրյաշովը մեկնել է Թուրքիա «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքելու համար: «Ռուբինից» հեռանալուց հետո նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

15:14. Քիչ առաջ, Դենիս Սուարեսն իր թվիթերյան էջով հրաժեշտ տվեց «Բարսելոնային»:

15:11. Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի հնարավոր հեռանալու պատճառով չինական «Դալյան Իֆանը» 70 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» վինգեր Նիկոլա Պեպեի համար, սակայն մերժում է ստացել ֆուտբոլիստի կողմից:

14:59. TalkSPORT-ը վստահեցնում է, որ ՊՍԺ-ն Վիլիանի տրանսֆերի համար 57 միլիոն եվրո է առաջարկել: «Չելսին» պահանջում է 85 միլիոն:

14:43. Կիսապաշտպան Վալենտին Էսսերիկը «Ֆիորենտինայից» վերադարձել է Ֆրանսիա: «Նանտը» նրան վարձակալել է կես տարով, իսկ ամռանը կարող է գնել 3 միլիոն եվրոյի դիմաց: 

14:40. Sky Sports. «Վալենսիան» Խավյեր «Չիչարիտո» էրնանդեսի համար 8 միլիոն եվրո է առաջարկել «Վեսթ Հեմին», սակայն մերժում է ստացել: 

14:37. Աշխարհի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկը` Պետեր Կրաուչը վերադառնում է ԱՊԼ: «Սթոք Սիթիի» 38-ամյա հարձակվողը բուժզննում է անցնում «Բարնլիի» համար: Հակառակ ուղղությամբ կմեկնի Սեմ Վոուկսը:

14:33. «Վուլվերհեմփթոնն» «Ատլետիկոյից» վերջնականապես գնել է պաշտպան Խոնի Կաստրոյի տրանսֆերը, ով մինչր այդ վարձավճարով էր խաղում «գայլերի» կազմում: Sky Sports News-ի տեղեկությամբ` գործարքը կազմել է 20,5 միլիոն եվրո:

14:21. MLS-ի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստ Սեբաստիան Ջովինկոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբ: Նրա տրանսֆերի դիմաց Տորոնտոն 1 միլիոն դոլար է ստացել, որովհետև պայմանագրի ժամկետը մոտենում էր ավարտին, իսկ նորի համար համաձայնության չէին հասել: Իտալացին «Տորոնտոյում» 142 խաղում 83 գոլ է խփել ու 51 գոլային փոխանցում կատարել:

14:19. Մարուան Ֆելայինին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվում է չինական «Շենդուն Լունեն»: Բելգիացին արդեն բուժզննում է անցել և շուտով 3 տարվա պայմանագիր կկնքի: Տրանսֆերը կազմելու է 10 միլիոն ֆունտ: 

________________________________________________________

14:00. Ի՞նչ սպասել գրանդ ակումբներից: 

«Բարսելոնան» երեկ տարօրինակ իրավիճակում հայտնվեց: Ակումբը հայտարարեց Դենիս Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության մասին, սակայն հետո ջնջեց այդ լուրը: Այունամենայնիվ դա չի նշանակում, որ գործարքը չի կայանալու: Լրատվամիջոցները պնդում են, որ ամեն ինչ նորմալ է և դա պարզապես տեխնիկական սխալ էր: Կատալոնացիները կարող են նաև համալրում ունենալ: Ակումբն արդեն պայմանագիր է կնքել «Թուլուզի» կենտրոնական պաշտպան-կիսապաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ, որն ուժի մեջ է մտնելու ամռանը: Ֆրանսիական ակումբը դրա համար իր ֆուտբոլիստին պատժել է խաղաժամանակից զրկելով: «Բարսային» դուր չի եկել դա և նրանք ուզում են մի քանի միլիոնի դիմաց արդեն հիմա գնել ֆուտբոլիստին:

Մադրիդի «Ռեալից» վերջին օրը տրանսֆերներ կարելի է չսպասել: Նախկինում պայմանավորվածություն կար, որ «սերուցքայինները» ձմռանը Բրահիմ Դիասից զատ ձեռք են բերելու նաև «Ռիվեր Փլեյթի» կենտրոնական կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսին, սակայն իսպանական ակումբի սաներ Ֆեդերիկո Վալվերդեի և Մարկոս Լյորենտեի հաջող խաղից հետո «Ռեալի» համար այդ տրանսֆերն այլևս առաջնային չէ: 

Ալվարո Մորատայի տրանսֆերից հետո «Ատլետիկոն», հավանաբար, կբաժանվի մեկ այլ հարձակվող Նիկոլա Կալինիչից: «Հնդիկներն» արդեն առաջարկ ունեն «Շալկեից», իսկ ավելի վաղ շշուկներ կային խորվաթի նկատմամբ «Մոնակոյի» հետաքրքրության մասին:

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է մասնակցել 4 մրցաշարերի և բոլոր ֆուտբոլիստներն էլ բավարար խաղաժամանակ են ստանում: Դա նշանակում է, որ հեռանալու ցանկություն ունեցողներ թիմում չկան: Իսկ ահա նորեկների վերաբերյալ «քաղաքայինների» շուրջ նույնիսկ շշուկներ չկան, քանի որ ակումբը զգուշանում է ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: Այնուամենայնիվ շեյխերը ցանկացած պահի կարող են մտափոխվել և կլորիկ գումար ծախսել: 

«Լիվերպուլի» մոտ հիմա ամեն ինչ նորմալ է և նա ցանկանա կազմն ամրապնդել, ապա դա, հավանաբար, կլինի ամռանը:

«Մանչեսթեր Յունայթեդից» սպասվում է Մատեո Դարմիանի հեռանալը, սակայն նրա համար պայքարող «Ինտերը», «Լացիոն» և «Յուվենտուսը» դեռ լռում են: Կրկին ի հայտ են եկել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը, սակայն այդ գործարքը, մեղմ ասած, անչափ դժվար կլինի ձևակերպել: Ամենայն հավանականությամբ «Յունայթեդում» վերջին օրն է անցկացնում կիսապաշտպան Մարուան Ֆելլայինին, ով Չինաստանից գրավիչ առաջարկ է ստացել:

«Չելսին» ամեն ինչ անում է Կալում Հադսոն-Օդոիին թիմում պահելու համար և արդեն չգիտի ինչպես վերջ դնի «Բավարիայի» առաջարկների տարափին: Ակումբն արդեն մերժել է անգլիացուն` տրանսֆերի հանելու խնդրանքի վերաբերյալ: «Չելսին» հայտարարել է, որ նվազագույնը մինչև ամառ չի բաժանվի տաղանդավոր վինգերից: Հիմա էլ լուրեր են պտտվում, որ ՊՍԺ-ն այսօր առաջարկ է կատարելու Վիլիանի տրանսֆերի վերաբերյալ: Նաև սպասվում է, որ «հավերժ» վարձակալության մեջ գտնվող Լուկաս Պիազոնը կմիանա իտալական «Կիևոյին»: Բացի այդ, ամենայն հավանականությամբ նոր թիմ կտեղափոխվի Միշի Բատշուային: Ֆավորիտն «էվերթոնն» է:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրն անգլիական գրանդներից ամենամեծ ուշադրությունն «Արսենալի» կողմն է: Լոնդնոցիները շուտով կհաստատեն Դենիս Սուարեսի տրանսֆերը: Նրանք զուգահեռաբար աշխատում են նաև վինգեր հրավիրելու շուրջ: Հիմնական թեկնածուն Յանիկ Ֆերեյրա Կարասկոն («Դալյան Իֆան») է, իսկ պահեստայինը (գնային պատճառով)` Իվան Պերիշիչը («Ինտեր»): Պահեստայինի պահեստայինը Կրիտոֆեր Նկունկուն (ՊՍԺ) է:

«Տոտենհեմն» ամռանը տրանսֆերներ չէր կատարել և նույնը կարող է ձմռանն անել: Նույնիսկ թիմի առաջատարների վնասվածքները կարող են դրա վրա չազդել: Ակումբից արդեն հեռացել է Մուսսա Դեմբելեն, ում օրինակին կարող է հետևել Ժորժ-Կևին Նկուդուն. նրա գործարքը համաձայնեցված է «Մոնակոյի» հետ: Լոնդնոցիներն իրար հետևից առաջարկներ են ուղարկում ՊՍԺ-ից հեռանալու մտադրություն ունեցող Ադրիեն Ռաբյոյին և իրար հետևից մերժումներ ստանում: 

«Յուվենտուսը» երեկ 20 միլիոն եվրոյով «Սամպդորիային» է վաճառել դարպասապահ Էմիլ Ադուրոյի ապագա տրանսֆերը (ամռանը), իսկ ավելի վաղ ձեռք բերել «Լացիոյի» պաշտպան, իր հին ծանոթ Մարտին Կասերեսին: Բայց լուրեր կան, որ կենտրոնական պաշտպանների վնասվածքների համաճարակի պատճառով «ծեր սինյորան» կարող է 2 միլիոն եվրոյով «Պարմայից» գնել 37-ամյա պորտուգալացի Բրունու Ալվեշին: 

«Միլանն» ու «Ինտերը» կրկին իրարից են կախված: «Ինտերը» դեմ չէ խոշոր փոխհատուցման դմաց բաժանվել Պերիշիչից, ում ծառայություններով «Արսնեալն» է հետաքրքրված: Լոնդոնցիների համար այս պահին գլխավոր նպատակ է դարձել Կարասկոն, ում համար պայքարին միացել է «Միլանը»: «Ռոսոներին» կարող է օգնել (կամ հակառակը) «ներաձուրիին», եթե հաղթի բելգիացու համար պայքարը և դրանով «զինագործներին» ստիպի վերադառնալ խորվաթի հետևից:

«Ռոմայի» ու «Լացիոյի» վերաբերյալ դեռ լռություն է, իսկ «Նապոլին» հիմնականում մտածում է ամեն գնով առանցքային խաղացողներին թիմում պահելու  մասին:

«Բավարիան» կարծես թե սկսեց հանձնվել ձմռանը Հադսոն-Օդոիին ձեռք բերելու պայքարում և նոր ուժով նրա հետևից կվերադառնա ամռանը: BILD-ը գրում է, որ մյունխենցիների ծրագրերն ամռան հետ են կապված, երբ ակումբը 255 միլիոն եվրո կծախսի: 

Դորտմունդի «Բորուսսիան» այսօր, հավանաբար, կբաժանվի Սինձի Կագավայից: Ճապոնացին ուզում էր Իսպանիա տեղափոխվել, որտեղից առաջարկ կար «Ժիրոնայից», սակայն ակումբը նրան ուզում է «Մոնակո» ուղարկել: Այդ գործարքն ավելի հավանական է: «Բորուսսիան» հետաքրքրված է նաև Ուիլֆրիդ Զահայի («Կրիսթալ Փելաս») և Հակիմ Զիեշի («Այաքս») ծառայություններով, բայց դրանք ձմռանն անհնարին թվացող գործարքներ են:

ՊՍԺ-ն Լեանդրո Պարեդեսի տրանսֆերով չի հանգստացել: Փարիզցիները ևս մեկ կիսապաշտպան են ուզում ձեռք բերել: Նախընտրելի, բայց գրեթե անհնարին տարբերակ է Ալլանը («Նապոլի»), իսկ հավանականը` Իդրիսա Գույեն («Էվերթոն») է: Վիլիանին ձեռք բերելու մտադրության մասին արդեն խոսել ենք, իսկ Մեսութ Օզիլն անձամբ է մերժել փարիզցիներին: Բացի այդ, ՊՍժ-ն մոտ «Դի Սի Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուսիանո Ակոստային ձեռք բերելուն, ով արդեն Փարիզ է մեկնել: Նրա տրանսֆերի համար վճարվելու է 10 միլիոն եվրո:

________________________________________________________________

Բարև ձեզ հարգելի ընթերցողներ: ArmFootball.com-ը սկսում է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա լուսաբանումը: Այսօր տրանսֆերային պատուհանը փակվում է Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Թուրքիայում և մի քանի ավելի թույլ ֆուտբոլային երկրներում: Կփորձենք ձեզ ներկայացնել ամենահետաքրքիր գործարքների շուրջ տեղեկատվությունը: Սկսեցինք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000