Որոնել
Արխիվ
23.01.2019  11:55

Տրանսֆերային քամբեք և ռեկորդային գումար. «Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին

«Բարսելոնան» համաձայնության է հասել «Այաքսի» հետ կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերի հարցում: Catalunya Ràdio-ն և հոլանդական De Telegraaf-ը տեղեկացնում են, որ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես բոլոր տարբերակներից վերջնականապես ընտրել է «բլաուգրանան»: Տեղափոխությունը կայանալու է ամռանը:

Այսօր «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, ակումբի տնօրեններ` Էրիկ Աբիդալը, Պեպ Սեգուրան ու Ռամոն Պլանեսը մեկնելու են Ամստերդամ, որպեսզի վերջնականապես ձևակերպեն գործարքը: Հոլանդական լրատվամիջոցները գրում են, որ այն կազմելու է 90 միլիոն եվրո, ինչը Դե Յոնգին դարձնելու է պատմության ամենաթանկարժեք հոլանդացին: Ներկայիս ռեկորդը պատկանում է Վիջիլ վան Դեյկին, ում համար «Լիվերպուլը» 84 միլիոն եվրո է վճարել: Միաժամանակ կատալոնական աղբյուրները նշում են, որ տրանսֆերը կազմելու է 80 միլիոն եվրո, իսկ մնացած գումարը նախատեսված է հնարավոր պարգևավճարի տեսքով:

Դե Յոնգի գործակալ Ալի Դորսունն արդեն զանգահարել է իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված ՊՍԺ-ին, «Մանչեսթեր Սիթիին» ու «Յուվենտուսին»`  տեղեկացնելով կիսապաշտպանի` «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: Տրանսֆերային պայքարում «քաղաքայիններն» ու «ծեր սինյորան» սկզբնական փուլում էին դուրս մնացել պայքարից: «Յուվենտուսը» գումարը չափազանց բարձր էր համարել, իսկ «Սիթին» որոշել է ՈւԵՖԱ-ի կողմից իր նկատմամբ ֆինանսական ֆեյր-փլեյի հետաքննության ժամանակ թանկարժեք գործարքներ չկնքել:

«Կապտանռնագույնների» գլխավոր մրցակիցը ՊՍԺ-ն էր, որը նախորդ շաբաթ շատ էր մոտեցել գործարքին և նույնիսկ նախնական համաձայնություն էր ստացել, սակայն վերջին օրերին «Բարսելոնան» բարձրացրել է իր առաջարկը, որը նախապես կազմում էր 75 միլիոն եվրո: Դրանից հետո ՊՍԺ-ն հանձնվել է:

Սպասվում է, որ «բլաուգրանան» գումարը վճարելու է երեք փոխանցումներով: Ընդհանուր գումարից 7 միլիոն ստանալու է Դե Յոնգի նախկին թիմը` «Վիլլեմ II»-ը, իսկ 4 միլիոն նրան ֆուտբոլային ուսուցում տված մյուս ակումբը` «Վալվեյկը», ում համար դա տարեկան բյուջեին հավասար գումար է:

Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 48 ժամում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000