Որոնել
Արխիվ
07.01.2019  20:24

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային գները փոխվել են

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները գնահատող Transfermarkt.com-ը վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար թարմացրել է Հայաստանի հավաքականի խաղացողների գները: Նախորդ կես տարվա համեմատ փոփոխման են ենթարկվել ազգային ընտրանու 17 ֆուտբոլիստների գները: Armfootball.com-ը համեմատական է անցկացրել նախորդ տվայլների հետ ու ներկայացնում է կատարված փոփոխությունները:

Հենրի Ավագյան («Ալաշկերտ») – 75 հազար եվրոյից բարձրացել է 100 հազար:

Ազգային հավաքականում նորամուտը նպաստել է դարպասապահի գնի բարձրացմանը:

Լևոն Հայրապետյան («Ալաշկերտ») – 200 հազար եվրոյից նվազել է 175 հազար:

Վնասվածքները տարափից հետո Լևոնին դժվար կլինի նույնիսկ նախկին մակարդակին վերադառնալ: Ավելի հեռուն գնալը սխրանք կհամարվի: Տրանսֆերային գնի հետզհետե նվազելու պատճառով այժմ այն գրեթե հասել է Հայաստանի առաջնության միջակ ֆուտբոլիստի արժեքին:

Արտյոմ Խաչատուրով («Լոռի») – 150 հազար եվրոյից բարձրացել է 175 հազար:

  «Լոռիի» կազմում մշտական ելույթներն ու Հայաստանի հավաքականում անկացրած հաջող խաղը մասնագետների համար համոզիչ է համարվել բարձրացնելու 26-ամյա ֆուտբոլիստի գինը:

Ալեքսանդր Կարապետյան («Պրոգրես Նիդերկորն») – 150 հազար եվրոյից բարձրացել է 200 հազար:

31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գնի տատանումը նման է ոլորաձև ճանապարհի: Այժմ այն իր բարձրունքում է, ինչին նպաստել է Հայաստանի ազգային հավաքականում և Լյուքսեմբուրգի առաջնությունում Կարապետյանի արդյունավետ խաղը:

Կառլեն Մկրտչյան («Փյունիկ») – 250 հազար եվրոյից նվազել է 225 հազար:

Հաշվի առնելով տարիքը (30) և անվերջանալի վնասվածքները, սպասելի է, որ Մկրտչյանի տրանսֆերային գինն իջնելու է: Այժմ այն նրա կարիերայի սկզբի համեմատ գրեթե նույն մակարդակում է: Կառլենի ռեկորդային տրանսֆերային գինը 2014 թվականին էր, երբ նա խաղում էր «Անժիում» (700 հազար եվրո):

Հրայր Մկոյան («Ալաշկերտ») – 300 հազար եվրոյից նվազել է 250 հազար:

Նախորդ կես տարվա ընթացքում «Արարատ-Արմենիայում», ապա նաև Հայաստանի հավաքականում անհաջող ելույթներ անհետևանք չեն մնացել:

Ալիկ Առաքելյան («Փյունիկ») – 225 հազար եվրոյից բարձրացել է 250 հազար:

Այն սակավաթիվ ֆուտբոլիստներից, ում գինը կայուն կերպով աճում է: Ալիկը 22 տարեկան է և սպասվում է, որ նրա արժեքը հետզհետե մեծանալու է:

Գոռ Մալաքյան («Արարատ-Արմենիա») – 400 հազար եվրոյից նվազել է 300 հազար:

Հայաստանի առաջնություն վերադարձը դրական չի ազդել Մալաքյանի տրանսֆերային գնի վրա: 1,5 տարի առաջ, երբ նա ուկրաինական «Ստալում» էր խաղում, այն կազմում էր կես միլիոն եվրո:

Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Նեոն») – 600 հազար եվրոյից նվազել է 400 հազար:

Մոտ երկու տարի աջ պաշտպանի գինը չէր փոխվում, սակայն վերջիվերջո զգացնել տվեց «Վարդարից» Կիպրոսի ոչ հեղինակավոր ակումբ տեղափոխությունը: Երեք տարի առաջ նրա տրանսֆերային գինը գրեթե երկու անգամ բարձր էր (750 000):

Արթուր Սարկիսով («Ենիսեյ») – 350 հազար եվրոյից բարձրացել է 450 հազար:

Վերջին կես տարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մշտական ելույթների շնորհիվ Սարկիսովի տրանսֆերային գինն աճել է:

Էդգար Մալաքյան («Առանց թիմ») – 400 հազար եվրոյից բարձրացել է 500 հազար:

Ղազախստանի առաջնության «Ժետիսուի» կազմում կայուն ելույթները բավարար են եղել, որ Մալաքյան եղբայրներից ավագի տրանսֆերային գինը սկսի բարձրանալ: Դա կարող է նրան օգնել ավելի լավ կամ ոչ թույլ թիմ գտնել:

Արաս Օզբիլիս («Վիլլեմ II») – 200 հազար եվրոյից բարձրացել է 500 հազար:

Վերջին վեց ամիսները բեկումնային էին Արասի համար: 2014 թվականի մարտից («Սպարտակ Մոսկվա») սկսած նրա տրանսֆերային գինը միայն նվազում էր: Այն ժամանակ գագաթնակետում էր` 7 միլիոն եվրո, այնուհետև հասել էր «սարսափելի»` 200 հազարի: Հոլանդիա վերադարձը շատ դրական ազդեց նրա խաղի վրա: Սա տրանսֆերային գնի քամբեքի սկի՞զբն է:

Յուրա Մովսիսյան (առանց թիմ) – 800 հազար եվրոյից նվազել է 500 հազար:

2014 թվականի հուլիսին Մովսիսյանը խաղում էր Մոսկվայի «Սպարտակում», իսկ նրա տրանսֆերային գինը տպավորիչ 10 միլիոն եվրո էր գնահատվում: Դրանից հետո այն կայուն իջնում է և այժմ հասել է դանիական «Ռանդերսում» խաղալու ժամանակների թվին: Երբ Յուրան նոր թիմ գտնի ու սկսի կրկին գոլեր խփել, ինչն արդեն անում է Հայաստանի հավաքականում, տրանսֆերային գինն անկասկած կսկսի բարձրանալ:

Կամո Հովհաննիսյան («Ժետիսու») - 500 հազարից բարձրացել է 700 հազար եվրո:

Կարծես թե Հովհաննիսյանն իր կարիերայի լավագույն ժամանակներն է ապրում: Ղազախստանում հաջող ելույնթերի շնորհիվ նրա տրանսֆերային գինն աճել է, իսկ նրա ծառայություններով սկսել են հետաքրքրվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայից:

Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ») – 650 հազար եվրոյից բարձրացել է 900 հազար:

Ընդամնեը 2 տարի առաջ Սարգիսը հանդես էր գալիս Գերմանիայի 4-րդ դիզվիզիոնում, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում էր ընդամենը 150 հազար եվրո: Այժմ այն վեցապատկվել է, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգայի հեղինակավոր ակումբները: Մոտ է այն օրը, երբ Ադամյանի տրանսֆերային գինը կանցնի 1 միլիոն եվրոն և նա կհամարվի Հայաստանի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Մարկոս Պիզզելլի («Ակտոբե») – 800 հազար եվրոյից` 1 միլիոն: 

Հայաստանի հավաքականի կազմում մեկ միլիոն եվրոն անցնող երկու ֆուտբոլիստներից մեկը: 33-34 տարեկանում կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնելու շնորհիվ Մարկոսը տրանսֆերային քամբեք է կատարել ու բարձրացրել իր արժեքը: Այնուամենայնիվ, «Կուբանում» խաղալու ժամանակների նրա անձնական ռեկորդն (3 միլիոն եվրո) անգերազանցելի է թվում:

Հենրիխ Մխիթարյան («Արսենալ») – 35 միլիոն եվրոյից նվազել է 30 միլիոն:

Ուշագրավ է, որ այժմ Մխիթարյանն կարիերայի ոչ լավագույն ժամանակաշրջանն է, սակայն Transfermarkt-ում նրա գինը հավասարվել է այն պահին, երբ նա իր կյանքի լավագույն մրցաշրջանն անցկացրեց Դորտմունդի «Բորուսսիայում»: Հինգ միլիոն եվրոյի տրանսֆերային գնի կորուստը Մխիթարյանի դեպքում այդքան էլ խոշոր չի թվում, սակայն այն գրեթե այնքան է կազմում, որքան վերևում նշված բոլոր 16 ֆուտբոլիստների արժեքների գումարը (բոլորինը միասին` 6,625 մլն):  Անկախ տարիքից` ընդամենը մի քանի ամսվա հաջող ելույթներ, և նրա տրանսֆերային գինը կարող կրկին բարձրանալ: Օրինակները բազմաթիվ են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000