Որոնել
Արխիվ
25.12.2018  20:08

Լևոն Ջուլֆալակյան. «Չպետք է երես թեքենք արծաթե ու բրոնզե մեդալներից»

Այս պահին Երևանում ընթանում է հունահռոմեական ոճ ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարճ ժամանակ է գտել և հանդիպել է ArmFootball.com-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանել որոշ հարցերի:

- Մրցաշարի որակը բավարարե՞ց Ձեզ:

- Հայաստանի առաջնությունից հետո նաև Գավաթի խաղարկություն անցկացրեցինք, որովհետև ելնելով 2019 թվականին մեր ծանր գրաֆիկից, ուզում էինք հավաքականը նաև դրա հիման վրա ձևավորել:

- Երիտասարդ ըմբիշների ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Ընդհանուր առմամբ գոհ եմ: Կան նոր երիտասարդներ, որոնց մեջ պոտենցիալ եմ տեսնում: Կան թերություններ, սակայն լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ նորմալ կլինի: Մասնակիցների քանակը քիչ է, որովհետև 18 տարեկանից շատերը գնում են բանակ, նրանց այդպես կորցնում ենք: Ամեն դեպքում պետք է աշխատանքի շնորհիվ ձևավորենք լավ հավաքական և հզորացնենք մեր կազմը:

- Քանի՞ մասնակից կար մրցաշարում:

- 72

- Գավաթի այս խաղարկությունում Ձեզ համար անակնկալներ կայի՞ն:

- Կարելի է ասել` ոչ: Կային որոշ քաշային կարգեր, որոնցում նախորդ տարվա համեմատ առաջին տեղը փոխարինվեց երկրորդով: Եզրափակիչ դուրս եկած ըմբիշները հավաքականի հիմնական անդամներն են:

- Կա՞ն ըմբիշներ, ովքեր ազատված էին Հայաստանի ընթացիկ գավաթի խաղարկությունից:

- Այո: Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն ազատված էին վնասվածքների ու ծանր տարվա պատճառով: Արսեն Ջուլֆալակյանը մինչև վերջին օրը պատրաստվել էր մրցաշարին, սակայն Ֆրանսիայի իր ակումբից վերադարձավ վատառողջ, երեկ ատամի ցավերի պատճառով բուժման ենթարկվեց: Առավոտյան 39 աստիճան ջերմություն ուներ և բժիշկի թույլտվությամբ չմասնակցեց գավաթին:

- Իսկ Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակն ինչպե՞ս է:

- Արթուրը դեռ բուժվում է, գոհ է ապաքինման կուրսից: Հունվարի կեսերին, երևի, կվերադառնա և կմասնակցի հավաքներին: Մյուսներից Արթուր Շահինյանը մասնակցում է ընթացիկ մրցաշարին և 97 քաշային կարգում արդեն չեմպիոն դարձավ: Մաքսիմ Մանուկյանը դեռ չի ապաքինվել, որոշ խնդիրներ ունի: Հետագայում կկողմնորոշվենք, թե ինչ ենք անելու:

- 2018 թվականն ամփոփելով… այն գոհացնո՞ղ էր:

- Հաջողակ տարի էր ինչպես մեծահասակների, այնպես էլ պատանի ըմբիշների համար: Բոլոր տարիքային խմբերում մեդալներով ենք վերադարձել: Մեծահասակները 8 մեդալ են նվաճել: Կարելի է ասել, որ դա գերազանց հաջողություն է: Ճիշտ է ոսկե մեդալներն այդքան շատ չէին, բայց երբեք չպետք է երես թեքենք արծաթից կամ բրոնզից:

- 2019 թվականի մրցումներին հավաքականը սկսելու է նախապատրաստվել հունվարից: Ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հունվարի 17-ին Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմի մի մասը փետրվարի 1-ին կմեկնի Ֆրանսիա` միջազգային մրցաշարի: Մյուս հավաքը կլինի փետրվարի կեսերին: Դրանից հետո թիմի մյուս մասը Բուլղարիայում հանդես կգա միջազգային մրցաշարում: Մինչև 23 տարեկան ըմբիշներն էլ Սերբիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Սրանք առաջիկա ծրագրերն են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000