Որոնել
Արխիվ
06.12.2018  22:56

Գեղամ Հարությունյան. «Կարիերաս շարունակելու տարբերակներ կան Հայաստանից, Ղազախստանից ու Ֆինլանդիայից»

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Հարությունյանը վերջին կես տարին վարձավճարով անցկացրել է Կարագանդայի «Շախտյորում» (7 խաղ, 1 գոլ): Ղազախստանից վերադառնալուց հետո հարձակվողը կրկին միացել է «Գանձասար-Կապանին», որի կազմում է հանդես գալիս 2014 թվականից: ArmFootball.com-ը զրուցել 28-ամյա ֆուտբոլիստի հետ նրա ապագա ծրագրերի և մի քանի այլ թեմաների մասին:

- Այս պահին վերադարձել եք «Գանձասար»: Որքա՞ն ժամանակ եք մնալու թիմում:

- Պայմանագրիս ժամկետի ավարտին դեռ կես տարի կա:

- Այդ թիմում ելույթները շարունակելու հեռանկարին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մի կողմից լավ է անընդհատ նույն թիմում խաղալ, մյուս կողից` ոչ:

- Դուք «Գանձասարից» հեռացաք, երբ թիմը տպավորիչ ելույթներ էր ունեցել Եվրոպա լիգայում և թվում էր պատրաստ է Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել: Կարծում եք այդ պահին հեռանալը ճի՞շտ էր:

- Այո, որովհետև ֆուտբոլիստը պետք է ձգտի ավելի բարձրակարգ լիգայում խաղալ և այնտեղ իր ուժերը փորձել: Հնարավորությունն այդ պահին ընձեռնվեց և օգտագործեցի այն:

- Ձեր դեպքում այդ փորձարկումը հաջողվա՞ծ էր: Հարմարվեցի՞ք ղազախական ֆուտբոլին:

- Կարելի է ասել այո: Այնտեղ հիմնականում ուժային ֆուտբոլ է: Որոշ ժամանակ վնասվածք ունեի, սակայն վերջում արդեն կանոնավոր կերպով խաղում էի:

- Օրերս Կարագանդայի «Շախտյորի» տնօրենը հայտարարեց, որ բանակցում են թիմի մի քանի լեգիոներների հետ, որպեսզի շարունակեն համագործակցությունը: Դուք այդ լեգիոներների թվո՞ւմ եք:

- «Շախտյորի» հետ բանակցում եմ, բայց հստակություն դեռ չկա:

- Իսկ այլ ակումբներից առաջարկներ ունե՞ք:

- Տարբերակներ կան Հայաստանի ու Ղազախստանի այլ ակումբներից, ինչպես նաև Ֆինլանդիայից:

- Երբ պարզություն կլինի:

- Կարծում եմ` առաջիկա 15-20 օրվա ընթացքում:

- Հայտնի է, որ դուք գործակալ չունեք: Ինքնե՞րդ եք բանակցում այդ ակումբների հետ:

- Ոչ, կա մի արտասահմանցի, ում հետ համագործակցում եմ, սակայն նա իմ գործակալը չէ: Նա է բանակցություններ վարում:

- Ղազախստան տեղափոխվելուց հետո այլևս Հայաստանի հավաքական չեք հրավիրվել: Ինչի՞ հետ եք դա կապում:

- Անմիջական կապ չեմ տեսնում: Պարզապես դա մարզչի որոշումն է եղել: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000