Որոնել
Արխիվ
05.12.2018  18:37

Գյուլբուդաղյանց. «Բարվոք վիճակահանություն է, որովհետև կարող էինք հայտնվել Իսպանիայի ու Ֆրանսիայի խմբում»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առանձին-առանձին վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում մրցակիցներին, ինչպես նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:

Իտալիայի մասին - «Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է»:

Բոսնիայի և Հերցեգովինայի մասին - «Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը»:

Ֆինլանդիայի հավաքականի մասին - «Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ»:

Հունաստանի հավաքականի մասին – «Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միևնույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը:  Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր»:

Լիխտենշտեյնի հավաքականի մասին - «Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ:  Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկչկնել նախորդ անգամվա սխալները»:

Ընդհանուր առմամբ, խմբի մասին - «Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել,  բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել»:

Խաղացանկի մասին - «Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000