Բախտյարով. ««Արցախում» հեքիաթային մթնոլորտ էր, բայց պրոֆեսիոնալիզմը
բացակայում էր»
«Արցախի» կիսապաշտպան Ակմալ Բախտյարովը, ով ներկայումս Ղազախստանում է, հարցազրույց է տվել Prosports.kz-ին, որի ժամանակ անդրադարձել է նաև երևանյան ակումբում իր ելույթներին: «Ղազախստանյան Մեսսի» մականունով ֆուտբոլիստը մինչև այդ սկանդալով էր հեռացել «Կայրաթից» և պատրաստվում է կարիերան շարունակել Ռուսաստանում:
- Տեղեկություն է տարածվել, որ պայմանավորվածություն ունես «Սոչիի» հետ: Կարո՞ղ ես մեկնաբանել:
- Այո, դա ճիշտ է: Պայմանավորվածություն կա, բայց պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Կարծում եմ` դա ժամանակի հարց է: Մի քանի հարցեր պետք է համաձայնեցնել և ձմռանն արդեն պայմանագիր կկնքեմ:
- Ինչո՞ւ համաձայնվեցիր «Սոչիի» առաջարկին, չէ որ դա թոփ-ակումբ չէ և խաղում է Ռուսաստանում ուժով երկրորդ լիգայում:
- Ինձ համար դա ամեն դեպքում առաջ քայլ է: Այդ տարբերակն ավելի լավ է, քան հայկական լիգան: Այսինքն խաղամակարդակն ավելի բարձր է: Բացի այդ, «Սոչին» կոշտ, ուժային ֆուտբոլ է դավանում, ինչն ինձ հարկավոր է: Նման թիմում խաղն ինձ օգուտ կտա:
- Հայաստան էիր գնացել, որովհետև այլ տարբերակներ չունեի՞ր:
- Հաշվի առնելով այն ժամանակվա իմ դրությունը, «Արցախը» վատ տարբերակ չէր: Առաջին հերթին` խաղային պրակտիկա: Այն անհրաժեշտ էր, հատկապես երեք ամսվա դադարից հետո, որի ժամանակ մտածում էի ավարտել կարիերաս: Այն ժամանակ ցանկացած տարբերակի մասին մտածում էի. «Հիանալի է»: Այդ պատճառով որոշեցի, որ չեմ դժգոհի: Վերջիվերջո դա, ինչ-որ տեսակի, բայց բարձրագույն խումբ էր:
- Չէի՞ր անհանգստանում, որ տեղափոխվում ես Հայաստանի առաջնության վատագույն թիմերից մեկը:
- Այն ժամանակ չգիտեի, որ դա Հայաստանի վատագույն թիմերից է: Ճիշտն ասած, հիմա էլ չեմ կարծում: Դա միակ թիմն է, որը փորձում է միայն տեղացի ֆուտբոլիստներով խաղալ: Ակումբին պարզապես ֆինանսներ չեն բավարարում:
- Հայաստանի առաջնությունը Ղազախստանինից թո՞ւյլ է:
- Ես Ղազախստանում միայն Առաջին լիգայում եմ խաղացել (ուժով երկրորդ-խմբ), այնպես որ միայն դրա հետ կարող եմ համեմատել: Խաղամակարդակները համարժեք են: Միգուցե, Հայաստանում ավելի բարձր է: Մյուս կողմից, «Փյունիկը» Եվրոպա լիգայում հաղթահարեց «Տոբոլի» արգելքը: Ի դեպ, հիմնականում դա Կոնատեի շնորհիվ էր, ով ինձ հետ միասին «Կայրաթի» երկրորդ թիմում էր և նույնպես պահանջված չէր գլխավոր թիմում:
- Ի՞նչ խնդիրներ էին ծագում Հայաստանում:
- Սովորում էի միայնակությանը, որովհետև առաջին անգամ էի տանից այդքան հեռու տեղ մեկնել: Բայց թիմն ինձ լավ ընդունեց: «Արցախում» հեքիաթային մթնոլորտ էր: Տղաներն օգնում էին ադապտացվել: Մեկ այլ խնդիր էր պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Չկար այն, ինչին ես սովորել էի «Կայրաթում»: Ղազախստանում մեզ ավտոբուսով բերում և տանում էին, ամբողջ օրը նախապես ծրագրված էր: Իսկ երբ ֆուտբոլիստներին հետևող չկա, քեզ որոշ քմահաճույքներ ես թույլ տալիս և վատ պատրաստվում խաղերին:
- Քեզ հետ նման բան պատահե՞լ է:
- Այո, հաճախ: Կային որոշ գայթակղություններ:
- Ձերբազատվե՞լ ես այդ խնդրից:
- Դեռ ոչ (ծիծաղում է)
- «Կայարթից» հեռանալուց հետո աշխատավարձդ բարձրացե՞լ է:
- «Արցախում» աշխատավարձը շատ ցածր էր: Իսկ «Սոչիում» այդ հարցը դեռ որոշվում է: Հաստատ կարող եմ ասել, որ Ռուսաստանում ավելի բարձր կլինի, քան «Կայրաթում»: