Որոնել
Արխիվ
05.12.2018  13:32

Գևորգ Օհանյան. «Անկեղծ ասած`շատ երկար էի սպասում այդ գոլին»

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը զրուցել է «Գանձասար-Կապանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Օհանյանի հետ, ով խոսել էիր վերջին ելույթների ու ապագայի մասին:

- «Փյունիկի» հետ խաղում բավականին տպավորիչ հաղթանակ տոնեց «Գանձասար-Կապանը»։ Քո տպավորություններն ինչպիսի՞նն են։

- Շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար, որովհետև մրցաշրջանի հենց սկզբից մենք զգում էինք, որ քիչ միավորներ ունենք ու շատ ենք հետ մնում։ Պետք էր հաղթել ու միավորներ վաստակել։ 3 անընդմեջ հաղթանակից հետո շատ բարձր տրամադրությամբ էինք մոտեցել «Փյունիկի» հետ խաղին։ Տարվա վերջին հանդիպումն էր ու պետք է ամեն ինչ անեինք, որպեսզի բարձր նոտայի վրա ավարտեինք մրցաշրջանը։ Հուսով եմ, որ առաջնության հաջորդ կեսում մենք կկարողանանք բարձր հորիզոնականների համար պայքարել։ Պետք է շարունակենք այսպես։

- Ինչի՞ շնորհիվ «Գանձասարը» հաղթեց 4 անընդմեջ խաղում։

- Մենք գավաթի խաղարկությունում պարտվեցինք «Արարատ-Արմենիային», իսկ անմիջապես հետո էլ միջազգային դադար եղավ։ Այսինքն մենք ժամանակ ունեցանք հասկանալու թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ պետք է անենք, որպեսզի հաջող արդյունքներ գրանցենք։ Գավաթում կրած պարտությունը մեզ համար ահազանգի նման մի բան էր, որ պետք է հավաքվենք, կենտրոնանաք ու ամեն ինչ անենք, որպեսզի միավորներ վաստակենք։ Լավ է, որ այդպես էլ ստացվեց։ Հիմա թիմը գտնվում է շատ լավ վիճակում։ Դադարի ընթացքում բարելավեցինք նաև մեր ֆիզիկական մարզավիճակը։ Փոխվեց նաև տղաների հոգեբանությունը։ Միշտ հաճելի է, երբ հաղթում ես, ամեն հաղթանակից հետո պարտավորված ես լինում նոր հաջողություն գրանցել։

- Ի՞նչ տպավորություններ ես ունենում, երբ հիմա նայում ես մրցաշարային աղյուսակին։

- Առաջատարներին շատ ենք զիջում միավորներով, բայց այնպես չէ, որ երկրորդ շրջանում չենք կարողանա հասնել նրանց։ Պետք է լավ նախապատրաստվենք, այդ պարագայում հնարավոր է հաջողություններ գրանցել։ Մեր առաջնությունում 10 միավորը եղանակ չի փոխում, որովհետև բարձրագույն խումբն իսկապես անկանխատեսելի է։ Վերջին հորիզոնականով ընթացող թիմը հաղթեց առաջին տեղին, այնպես որ մենք էլ կարող ենք նորանոր հաղթանակներ ունենալ։

- Քո մարզավիճակի մասին ի՞նչ կասես։ Մրցաշրջանի մեկնարկում չէիր խաղում, իսկ վերջին խաղերում արդեն մեկնարկային կազմում ես լինում։

- «Գանձասարում» ելույթներս վնասվածքով սկսեցի, որը ստացել էի ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ապաքինվեցի, թվում էր թե պետք է խաղամ, բայց նորից վնասվածք ստացա արդեն մեջքիս հատվածում։ Չէի կարողանում իմ հնարավորությունների առավելագույնով խաղալ։ Բայց փառք Աստծո, ամեն ինչ անցավ, հիմա առողջ եմ։ Բժիշկների ու մարզիչների օգնությամբ լավ մարզավիճակ ձեռք բերեցի։ Չեմ ասի, որ հիմա գտնվում եմ իմ մարզավիճակի գագաթնակետին, բայց լավ է, որ այս վիճակում էլ կարողացա օգուտ տալ թիմին։ Վերջին խաղին կարողացա անգամ գոլ խփել, անկեղծ, շատ երկար էի սպասում այդ գոլին։ 2 տարի առաջ էլ էի խաղացել «Գանձասարում», բայց գոլ խփել չէի կարողացել։ Լավ է, որ «Գանձասարի» կազմում աչքի ընկա ու տարին ավարտեցի գոլով։ Այն շատ սպասված էր ինձ համար։

- Ապագայի ծրագրերի մասին, ի՞նչ կասես։

- Թիմը պատրաստվում է արձակուրդին, իսկ դրանից հետո կսկսենք նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ ապագան կապված է միայն «Գանձասար-Կապանի» հետ։ Պետք է շատ աշխատեմ, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ ու օգնեմ թիմիս նորանոր հաջողություններ հասնելու համար։ Երբ եկա «Գանձասար», նշեցի, որ եկել եմ թիմային հաջողության հասնելու համար, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի դա իրականություն դառնա։


Լուսանկարը` «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000