Որոնել
Արխիվ
03.12.2018  18:44

Խորեն Քալաշյան. «Ըստ նախագծի` «Կոտայքը» 5 տարի հետո պետք է Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղար»

Legal Sport ֆուտբոլային գործակալությունը շարունակում է ակտիվորեն ներկայացնել հայ և արտասահմանցի խաղացողների շահերը: Այս տարի այդ գործակալությունը հավակնոտ նախագիծ էր մշակել Աբովյանի «Կոտայքի» հետ, որը սակայն չկայացավ: Այդ և այլ թեմաների մասին ArmFootball.com-ը զրուցել է Legal Sport-ի հիմնադիրներից մեկի` Խորեն Քալաշյանի հետ:

- Legal Sport-ը գարնանը հայտարարել էր Աբովյանի «Կոտայքի» հետ համագործակցություն սկսելու մասին, սակայն այդ ակումբն այդպես էլ չվերածնվեց: Ի՞նչ տեսակի էր լինելու համագործակցությունը և ի՞նչու այդքան վաղ խափանվեց:

- 2018 թվականի հունվար-փետրվար ամիսն էր, երբ աշխատանքի բերումով գտնվում էինք արտասահմանում: Ինձ զանգահարեց ընկերներիցս մեկը, ով ասաց՝ ցանկություն կա «Կոտայք» ֆուտբոլային ակումբ վերաբացել և մեզ հետ համագործակցել: Պատասխանեցի, որ եթե նախագիծը լուրջ է, մենք շատ հետաքրքրված ենք մասնակցություն ունենալ: Մյուս հեռախոսազրույցն արդեն սպորտի նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի հետ էր: Պայմանավորվեցինք Երևանում հանդիպել և քննարկել մանրամասները: Հայաստանում բանակցությունները շարունակվեցին և հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է:

- Ինչի՞ց հասկացաք:

- Երկրի սպորտի նախարարի հետ հանդիպումն ինքնին համոզիչ էր, բայց նաև ասացին, որ ակումբը ֆինանսավորելու է Գագիկ Ծառուկյանը, նախագիծն ամբիցիոզ է:

- Ինչո՞ւմ էր լինելու Ձեր գործակալության դերը:

- Ասացին որ սպորտային մասով ամեն ինչ մեզ է վստահվելու: Մեզ հանձնարարվեց կազմել բիզնես-ծրագիր, բրենդինգ անել… Բրենդինգը մեր գործընկերներից մեկին խնդրեցինք, որ դա բարձր որակով կատարի, ֆեյսբուքյան էջ բացվեց, վեբ-կայքը ստեղծվել էր, դոմեյնը գնվել: Բրենդինգի համար նրանք վճարեցին գումար: Ես և Կարեն Դոխոյանը (Legal Sport-ի տնօրեն-խմբ.) աշխատանքային այցով գտնվում էինք Մոսկվայում, որտեղ  թիմի համար մարզահագուստ  ընտրեցինք, «Ադիդասի» արտադրած մարզաշապիկի մեկ կոմպլեկտի տեղափոխություն կազմակերպեցինք դեպի Հայաստան: Դրա համար նույնպես նրանք վճարեցին: 

- Ակումբի կառավարումն ինչպե՞ս էր կազմակերպվելու:

- Մեր ներկայացրած նախագծում տեխնիկական տնօրենը պետք է լիներ Ֆլեմինգ Սերիցլևը, ում հետ մի քանի անգամ հանդիպել էր նաև սպորտի նախարարը: Մենք բանակցում էինք 5 մասնագետների հետ, Հայաստան հրավիրեցինք նրանցից չեխ Դուշան Ուհրինը, չնայած համոզված չէինք, որ հարկավոր է նրան վստահել թիմը: Դրանից հետո հրավիրեցինք Յակոբ Միկելսենին, ով մայիսից գլխավորում է «Օդենսե» թիմը, որը Դանիայի առաջնությունում երրորդ տեղում է: Ապրիլ ամսվա դրությամբ նրա հետ արդեն համաձայնություն ունեինք: Նաև հրավիրեցինք «Նապոլիում» 7 տարի աշխատած ֆիզպատրաստության մարզիչ Կորադո Սակոնեին: Նա իտալական այդ թիմում եղել է Վալտեր Մացարիի, Ռաֆայել Բենիտեսի ու Մաուրիցիո Սարրիի պես հռչակավոր մարզիչների շտաբում: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ նաև ակումբի նախագահի պաշտոնն առաջարկել Ռոման Բերեզովսկուն: Նա եկավ Հայաստան, միասին հանդիպեցինք նաև սպորտի նախարարի հետ: Բացի այդ, քննարկում էինք Ռոման Բերեզովսկու անվան դարպասապահների ակադեմիա բացել, որը նա կղեկավարեր: Դա հնարավորություն կտար նրան մշտապես բնակություն հաստատել Հայաստանում:  

- «Կոտայքն» ի՞նչ նպատակներ էր հետապնդելու:

 - Կազմել էինք 5 տարվա նախագիծ, որը զարգացման փուլերի էր բաժանված: Այդ ժամանակահատվածի հինգերորդ տարում «Կոտայքը» պետք է լիներ Եվրոպա լիգայի խմբային փուլում: Նաև պարտադիր պայման էր, որ ակումբն այնպիսի սաներ ունենար, որ նրանք այդ մրցաշարում հանդես գալու մակարդակի հասնեին:

- Սաներ ունենալու համար ակադեմիա պետք է կառուցե՞իք:

- Այո: Պայմանավորվածություն այնպես էր, որ առաջին տարում «Կոտայքը» պետք է հանդես գար Երևանի «Միկա» մարզադաշտում, իսկ Աբովյանի ստադիոնն այդ ընթացքում վերակառուցվեր: Այնտեղ նաև տարածք կար, որտեղ կառուցվելու էր ակումբի ակադեմիան: Այդ տարածքը մի քանի անգամ գնացել տեսել ենք, այդ թվում Ֆլեմինգ Սերիցլևի հետ, որովհետև նա ոչ միայն ակումբի տեխնիկական տնօրենը պետք է լիներ, այլ նաև ակադեմիայի գլխավոր տնօրենը: Ֆլեմինգի հետ ակադեմիայի համար հայկական մենթալիտետին շատ մոտ մոդել էինք մշակել, որը պետք է աշխատեր: Շատ հետաքրքիր նախագիծ էր:

- Սկզբնական շրջանում թիմն ինչպե՞ս էիք կազմավերելու:

- «Էրեբունի» ակումբը, որը հանդես էր գալիս Առաջին խմբում, պետք է վերանվանվեր «Կոտայք», որպեսզի միանգամից հանդես գար Բարձրագույն խմբում: Մենք մոտ 250 արտասահմանցի ֆուտբոլիստների էինք դիտարկում, որոնցից պետք է մոտ 10-15 հրավիրեինք: Օրեկան 24 ժամ աշխատում էինք, սելեկցիա կատարում, ունեինք նախնական պայմանավորվածություններ:

- Նման աշխատանքներից հետո ինչո՞ւ ծրագրերը չիրագործվեցին:

- Հայաստանում հեղափոխություն եղավ: Դրանից հետո մեկ անգամ հանդիպեցինք, հարցրեցինք` արդյո՞ք նախագիծն ուժի մեջ է: Մեզ ասացին` ուժի մեջ է: Շատ կարևոր էր ապագայի վերաբերյալ հստակություն ունենալ, որովհետև նույն Յակոբ Միկելսենի հետ նախնական պայմանավորվածություն կար, և նա սպասում էր պայմանագիր կնքելուն:  Այդ ժամանակ արդեն շատ դժվար էր դարձել ապագա ակումբի ղեկավարներից որևէ մեկի հետ կապնվել: Սպորտի նախարարն արդեն ԱԻՆ-ի նախարար էր նշանակվել: Այնուամենայնիվ, կարողացանք նրա նոր աշխատավայրում հանդիպել, որտեղ նա ասաց, որ այս նախագիծը լինելու է: Մոտ մեկ շաբաթ հետո փաստաթղթերը ստորագրելու ժամանակն էր, սակայն ձայն չկար, ևս մեկ շաբաթ` և կրկին նույնը… Որպեսզի պատասխանատվությունը մեզ վրա չմնար, Միկելսենին ասացի, որ ավելի լավ է նա այլ տարբերակներ փնտրի. այստեղ անորոշություն է: Նա շատ բարձր գնահատեց այդ անկեղծությունը և գնաց «Օդենսե»: Դրանից հետո մեզ ասացին, որ այս նախագիծը չի լինելու, անորոշ ժամանակով հետաձգվել է:

- Եթե հետագայում ձեզ կրկին առաջարկեն գլխավորել այդ նախագիծը, կհամաձայնվեք:

- Եթե մոտեցումը փոխվի, հնարավոր է` այո: Փաստն այն է, որ մեր երեք ամսվա ամենօրյա աշխատանքը ոչ միայն չիրագործվեց, այլ մենք դրա համար մինչև հիմա չենք վարձատրվել:

***

- Ամռանը «Փյունիկից» եվրոպական թիմ չկայացած տրանսֆերից հետո Էրիկ Վարդանյանը սկսել է համագործակցել Ձեր գործակալության հետ:  Հավանաբար տեղյակ եք, թե ինչու՞ չէր կայացել նրա տեղափոխությունը և որքա՞ն է հավանականությունը, որ այն կլինի մոտ ապագայում:

- Էրիկը դարձել է վատ գործակալների զոհ: Մարդիկ ներկայացրել են մի բան, բայց իրականում ուրիշ է եղել: Կարող եմ վստահեցնել, որ շվեյցարական «Սիոնն» իսկապես ուզեցել է նրա հետ պայմանագիր կնքել և համապատասխան առաջարկ է կատարվել: Այդ մանրամասները մենք հետո ճշտել ենք: Էրիկի մասով առաջարկներ հիմա էլ կան: Շատ լուրջ ակումբներ նրան պահում են իրենց տեսադաշտում: Ցավոք, Էրիկը երկար ժամանակ վնասվածք ուներ, ինչն ազդել է նրան արդեն հունվարին հրավիրելու ծրագրերի վրա:  Նա կես տարվա ընթացքում վնասվածքների պատճառով կարճ ժամանակահատվածներով է խաղացել: Չի բացառվում, որ ձմռանը նրան լուրջ առաջարկ միևնույն է կատարվի, բայց դա քիչ հավանական է: Ամենայն հավանականությամբ, նա 2019 թվականի ամռանը նոր կկարողանա տեղափոխվել արտասահման: Մենք առաջարկ ենք ունեցել Մոսկվայի ԲԿՄԱ-ից, որը պատրաստ էր նրան գլխավոր թիմ հրավիրել: Նրանք պատրաստվում էին վաճառել Ալեքսանդր Գոլովինին և փնտրում էին արտասահմանցի, ով կարող էր Գոլովինի ֆունկցիաները ժամանակի ընթացքում իր վրա վերցնել: Էրիկին փորձաշրջանի էին կանչում, սակայն նա այդ պահին «Սիոնում» էր:

- Կարծո՞ւմ եք` Էրիկին հնարավորինս շո՞ւտ է հարկավոր հեռանալ Հայաստանի առաջնությունից:

- Բնականաբար այո: «Փյունիկի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Անցած ամռանը ճիշտ ժամանակն էր, որ նա հեռանար, բայց որոշ պատճառներով դա տեղի չունեցավ: Վարդանյանի նոր թիմը պետք է շատ զգույշ ընտրվի, որովհետև այն մեծ ազդեցություն է ունենալու նրա զարգացման վրա: Եթե մենք խոսում ենք իսկական տաղանդի մասին, դա նաև բերում է հավելյալ զգուշություն:

- Գործակալական աշխատանքից բացի դուք հայտնի եք նաև երկար տարիներ Հայաստանի հավաքականի համար նոր, բարձրակարգ դարպասապահ գտնելու նպատակով: Որքանո՞վ եք այդ միսսիան հաջողված համարում:

- Հիշում եմ` երբ Արսեն Բեգլարյանին առաջին անգամ Հայաստան բերեցի, գնում էի թիմ առ թիմ, մարդկանց համոզում էի, որ այդ տղան ունի հեռանկար: Արդեն այդ ժամանակ հավատում էի, որ նա կարող է հավաքականին պիտանի լինել և փորձը ցույց տվեց, որ չսխալվեցի: Այն ժամանակ միայն «Գանձասարը» հավատաց, այն էլ՝ իմ ջանքերի շնորհիվ: Նա այստեղ ելույթները սկսեց «Գանձասարի» երկրորդ թիմից, խաղալով Առաջին խմբում: Հետհայացք գցելով կարելի է ասել, որ եթե իմ այդ համառությունը չլիներ, մենք նման դարպասապահ չէինք ունենա: Ինչու եմ այդ մասին խոսում, ուզում եմ զուգահեռներ տանել: Հիմա ունենք մեկ այլ դարպասապահ, ով 16 տարեկան է և նույնպես մեծ հեռանկարներ ունի` Թելման Մովսեսովը:

- Ինչո՞վ են նման իրավիճակները:

- Մենք նրան նկատել ենք Սամարայում, երբ նա 14 տարեկան էր: Թելմանն ուներ դարպասապահի խաղի տեխնիկա, ռեակցիա, ռուսական դարպասապահների դպրոց էր անցել, սառնասրտություն, երկու ոտքով խաղ և այլ տվյալներ, որոնք այսօրվա ֆուտբոլում շատ պահանջված են: Հանդիպեցինք և խոսեցինք նրա` «Կռիլյա Սովետովից» Հայաստան տեղափոխվելու մասին: Շատ ոգևորվեց: Սկսեց հրավիրվել Հայաստանի պատանեկան հավաքական: Բոլորն այստեղ հիացած էին, հիմա նույնպես: Նույնիսկ հիշում եմ, որ այն ժամանակ հասակով ինձնից ցածր էր, իսկ հիմա արդեն անցել է ինձ: Դա նշում եմ, որովհետև մեր ֆուտբոլային հասարակությունում կա կարծիք, որ նա կարող է ցածրահասակ մնալ:

- Հիմա որքա՞ն է հասակը:

- 175 սմ: Բայց նա դեռ 16 տարեկան: Սխալ է ասել, որ նա չի բոյովանա: Ամեն ինչ հեշտությամբ կարելի է պարզել ռենտգենով, որը ցույց է տալիս, թե մարդու հասակը որքանով կարող է բարձրանալ: Բացի այդ, նա ամեն օր ձողից է կախվում, լողավազանում լողում, որպեսզի հասակը բարձրանա: Բայց, ցավոք սրտի, Թելմանը մինչ օրս Հայաստանի Մ17 հավաքականում որևէ պաշտոնական խաղ չի անցկացրել, միայն` ընկերական: 

- Ինչի՞ հետ եք դա կապում:

- Մեզ հայտնի չէ, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: Մեկ տարի առաջ մենք Թելմանի ծնողների ու ՀՖՖ ներկայացուցչի հետ Վրաստանում էինք: Ֆուտբոլիստի ծնողը դեմ էր, որ նա Հայաստանի քաղաքացիություն ստանա, որովհետև բանակի հետ կապված մտավախություն կար: Մենք ծնողին վստահեցրեցինք, որ նրա որդին բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի, հնարավոր չէ հավաքականում չլինի: Մենք, որ նայում ենք այդ տարիքային խմբում ինչ դարպասապահներ ունենք, հասկանում ենք, որ բացահայտ լավագույնը Մովսեսովն է: Այդ հավաստիացումներից հետո, մեր ներկայությամբ, ծնողները ՀՖՖ-ի ներկայացուցչի ասացին, որ համաձայն են, որ ՀՀ քաղաքացիության ստացման հարցը սկսվի: Հիմա մեկ տարի անցել է և մենք չգիտենք, թե նա ինչու դեռ անձնագիր չունի:

- Անձնագրի ստացումը պետք է ՀՖՖ-ն կազմակերպե՞ր:

- Այո: Բայց միայն մի քանի օր առաջ ՀՖՖ-ն մեզ ասաց, որ անձնագրի հարցին ընթացք է տրվել, որից հետո մոտ 5 ամիս կպահանջվի մինչև փաստաթուղթը վերջնական ձևակերպվի:

- Հիմա նա «Արարատ-Արմենիայո՞ւմ» է գրանցված:

- Ոչ: Ինչպես գիտեք ՀՖՖ-ն ծրագիր ուներ մեկ թիմում հավաքել պատանեկան հավաքականի խաղացողներին, որպեսզի նրանք միասին մարզվեն: Երբ իմացանք այդ ծրագրի մասին, ՀՖՖ-ի այն ժամանակվա տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանին առաջարկեցինք, որ Թելմանը «Կռիլյա Սովետովից» գա Հայաստան և խաղա այդ թիմում («Ավան Ակադեմիա», որը վերանվանվեց «Արարատ-Արմենիա» - խմբ.): Հատկապես, որ նա նույնպես ցանկություն հայտնեց մշտական բնակություն հաստատել այստեղ, որտեղ արդեն ընկերներ ուներ հավաքականում և իրեն Հայաստանը շատ էր դուր եկել: Այդպես էլ եղավ: Բայց երբ սկսեցին պատանեկան ԵՎՐՈ-ի ընտրական խաղերը, և նա հրավեր ստացավ, պարզվեց, որ ՀՖՖ-ն այդպես էլ անձնագրի հարցի վերաբերյալ քայլեր չի արել: Մ17-ի հավաքականի  մարզիչը նշում էր, որ հիացած է նրա խաղով, թիմի հենասյունն է, բայց ցավոք իրավունք չունեն հայտավորել:

- Հիմա ակումբային հարցն ի՞նչ վիճակում է:

- Մենք պատրաստվում ենք ձմռանն այնպես անել, որ նա Առաջին խմբի թիմերից մեկում լինի: Անձնագրի պատճառով ստիպված սպասում ենք, որ նա 18 տարեկան դառնա և հայկական ակումբում խաղա, այլապես դա միջազգային տրանսֆեր կդիտարկվի, ինչը չի թույլատրվում: Դա հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ ծնողը ֆուտբոլիստի հետ տեղափոխվում է նոր երկիր ու այնտեղ անմիջապես աշխատանք ստանում:

- Իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Մեր գործակալության համար ֆուտբոլիստի ցանկությունն առաջնային է, իսկ Թելմանն ուզում է Հայաստանում մնալ: Մենք արդեն մի քանի առաջարկներ ունենք տեղական ակումբներից և նրանց միջև ընտրություն կկատարենք: Շատ ենք կարևորելու նաև այն, թե այդ թիմում ով է լինելու դարպասապահների մարզիչը:  Քանի որ թղթաբանության պատճառով նա երկար ժամանակ զրկվել է խաղային պրակտիկայից, հիմա նա մարզվում է «Արարատ-Արմենիա-2»-ում, բայց նաև գլխավոր թիմի հետ է մի քանի պարապմունքներ անցկացրել:

- Շարունակելով դարպասապահների թեման: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջին ասուլիսի ժամանակ դարպասապահների մասին խոսելիս նշեց Հենրի Ավագյանի, Արսեն Բեգլարյանի, Գոռ Մանուկյանի և Արամ Հայրապտյանի անունները: Ըստ Ձեզ` դրանք հենց այն դարպասապահնե՞րն են, որոնց հետ հարկավոր է հույսեր կապել:

- Ոչ միայն: Ըստ իս դա կարճաժամկետ ցուցակ է: Մի քանի տարի անց կարող են այլ թեկնածուներ հայտնվել: Բացի այդ, Գյուլբուդաղյանցը չնշեց Անատոլի Այվազովի անունը…

- Ինչի՞ հետ եք դա կապում:

- Ակումբում խաղաժամանակ չստանալու: Այվազովին տարան «Բանանց», որից հետո նոր մենք սկսեցին համագործակցել նրա հետ: Հիմա Անատոլին հայտնվել է տարօրինակ իրավիճակում: «Բանանցն» ասում է, որ ունի երկու հավասարազոր դարպասապահեր` Այվազովն ու Արամ Հայրապեյանը: Ես չեմ կարծում նրանք հավասար են, որովհետև նրանց միջև 10 տարվա տարբերություն կա:

- Ապագայի տեսանկյունից` այո, բայց այդ պահին կարող են հավասար համարվել:

- Ֆուտբոլային ակումբը շահույթ հետապնդող կազմակերպություն է և պետք է մտածի իր օգուտի մասին: Կարծում եմ` նման իրավիճակում հարկավոր է նախապատվություն տալ ավելի երիտասարդին, որպեսզի հետագայում նրանից բաժանվելու դեպքում ֆինանսական օգուտ ունենան: Ես Արամ Հայրապետյանի մասին որևէ վատ բան չեմ կարող ասել, ավելին` ես եմ նրան բերել Հայաստան, բայց երբ 23-ամյա խոստումնալից դարպասապահը չի խաղում, որի հետևանքով նույնիսկ ազգային հավաքականի մարզիչն է մոռանում նրա անունը, դա լավ չէ: Հիմա բանակցում ենք «Բանանցի» հետ: Եթե այդ ակումբը նույնկերպ շարունակելու է խաղաժամանակ չտրամադրել Այվազովին, ուրեմն մենք նրան կտեղափոխենք այլ թիմ: Այլ հարց է՝ կլինի տրանսֆեր, թե վարձավճար: Անատոլիին օդի ու ջրի պես խաղաժամանակ է հարկավոր:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000