Որոնել
Արխիվ
30.11.2018  15:45

«Ալաշկերտը» խզել է Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը. պատճառը բանակցությունն է այլ ակումբի հետ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Նման որոշման պատճառների մասին պատմել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով:

«Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը:

Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով, դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Եկեք չմոռանանք, թե ինչ ծախսեր են անում ակումբներն իրենց ֆուտբոլիստների հետ կապված և ոչ ոք չի ցանկանա հենց այնպես բաժանվել իր խաղացողից: Սակայն, «ինկոգնիտո» բանակցությունների օգնությամբ և «ոսկե սարեր» խոստանալով որոշ մարդիկ պարզապես հեղաշրջում են ֆուտբոլիստին և մեծապես ազդում նրա որոշման վրա: Բայց երբ խոսք է գնում նույնիսկ չնչին գումարային կոմպենսացիայի մասին, այդ ակումբների հետաքրքրվածությունը ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես անհետանում է:

Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ ավելի ուժեղ առաջնություններում հանդես եկող արտասահմանյան ակումբներից հրավերի դեպքում ես չեմ խոչընդոտում մեր ֆուտբոլիստների տեղափոխությանը: Օրինակ` Կամո Հովհաննիսյանի պարագայում, ում թույլատրեցի տեղափոխվել Ղազախստան` չնայած, որ նա պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտի» հետ:

Բայց կոնկրետ հայկական ակումբների միջև փոխհարաբերությունները և գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակով ևս մեկ անգամ կոչ եմ անում ակումբի սեփականատերերին, ղեկավարներին և մարզիչներին մեծ ուշադրություն դարձնել վերոնշյալ արատավոր պրակտիկային և համապատասխան քայլեր ձեռնարկել` այն վերացնելու համար»,-  Բագրատ Նավոյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000