Որոնել
Արխիվ
08.11.2018  20:20

ՈւԵՖԱ-ն՝ ընդդեմ արդարության. Մշուշոտ ապագան ու ՉԼ-ի 4-րդ տուրի ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Չեմպիոնների լիգայում երեկ տեղի ունեցան 4-րդ տուրի մի շարք հանդիպումներ։

Գաղտնիք չէ, որ տեսակրկնությունների համակարգը չի գործում Չեմպիոնների լիգայում՝ չնայած այս տարի կայացած աշխարհի առաջնությանը VAR-ն ապացուցեց իր արդյունավետությունն ու արդարության ապահովումը։ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն այդ որոշումը բացատրում է նրանով, որ դեռ մի շարք հանգամանքներ կան, որոնք ճշտված չեն։ 

Անորոշ ու հանգամանքների գերի ՈւԵՖԱ-ից զգալիորեն առաջ են ընկել մի շարք առաջնություններ, որոնք ոչ միայն ճշտել են, թե ինչ է իրենից ներկայացնում տեսակրկնությունների համակարգը բոլոր մանրամասներով, այլ արդեն կիրառում են ու դաշտում փորձում ապահովել անաչառություն։ Իհարկե, լիարժեք անսխալ աշխատանք նույնիսկ VAR-ի միջոցով չի լինում ապահովել, բայց մրցավարական խայտառակ սխալներն ամենաորոշիչ պահերին զգալիորեն նվազել են։ 

Մեծ առաջնություններից միայն Անգլիայում չի կիրառվում VAR-ը, բայց հաջորդ մրցաշրջանից ԱՊԼ-ում նույնպես այն ամբողջությամբ կգործի։ Նաև ՈւԵՖԱ-ն պլանավորում է դա կիրառել գալիք ՉԼ-ում, սակայն փլեյ-օֆֆ փուլից սկսած։ Այսինքն, խմբային փուլում շարունակելու է տիրել այդ մեղմ ասած անկառավարելի վիճակը, որն այժմ տեսնում ենք։ 

Մի՞թե խմբային փուլն ՈւԵՖԱ-ն կարևոր չի համարում։ Թե որն է այդ խայտառակ որոշման պատճառը նման կարևորագույն առաջնությունում՝ ղեկավարության կողմից բազմաթիվ բացատրությունների է արժանանում, սակայն այն չի գոհացնում երկրպագուներին, ովքեր կողմնակիցն են անաչառության և արդարության։ 

Տեսակրկնությունների համակարգը վաղուց պետք է օգտագործվեր։ Տեխնիկական հնարավորությունները վաղուց թույլ էին տալիս դա անել և նախագիծը կար երկար տարիներ առաջ, սակայն այն արհեստականորեն հետաձգվում էր, որպեսզի մրցավարն ամբողջովին կառավարի խաղն ու կայացնի որոշումներ իր հայեցողությունից ելնելով։ Դրա արդյունքում ամեն առաջնությունում տեսնում էինք բազմաթիվ դեպքեր, երբ գոլ էր գրանցվում կամ չէր գրանցվում ոչ միայն մրցավարական չնչին, այլ այնպիսի խոշոր սխալների պատճառով, որոնք բնական կասկածի տեղիք էին տալիս։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ բացահայտ սխալները հետևում էին 1-2 թիմերի օգտին միայն։ Այդ թիմերը բազմաթիվ կարևոր հանիպումներ են հաղթել մրցավարների անմիջական օգնությամբ։ Դա պատահաբար է եղել, թե՝ միտումնավոր՝ թողնում ենք ձեր դատին։ Իսկ պատահակա՞ն է արդյոք այն դիմադրությունը, որն այժմ ցույց է տալիս և ցույց է տվել ՈւԵՖԱ-ն նման համակարգերի դեմ՝ դա նույնպես ակնհայտ է։ Նման պատահականությունների հավաքածու՞։ 

Վերադառնանք ՉԼ-ի 4-րդ տուրում տեղի ունեցած կարևոր խաղերից 2-ին, որտեղ մրցավարները կամ ակնոցի կարիք ունեն, կամ ՈւԵՖԱ-ն է մեղվոր, որ տարիներ շարունակ խաղերը վստահում է ոչ պրոֆեսիոնալ անձանց, որոնք բաց են թողում ակնհայտը։ Միգուցե ղեկավարությունը խմբային փուլում մրցավարների թույլ տված սխալներին մատների արանքով է նայում, բայց երկրպագուները չեն կարող նույնկերպ վերաբերվել այդ հարցին։

4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Շախտյոր» խաղում դաշտի տերերի օգտին ծիծաղելի 11 մետրանոց նշանակեց Վիկտոր Կաշային։ Մրցակիցը Սթերլինգից գրեթե կես մետր հեռու էր, իսկ անգլիացին գնդակի փոխարեն հարվածեց խոտածածկին ու ընկավ տուգանային հրապարակում։ Մրցավարը անմիջապես նշանակեց 11 մետրանոց՝ հիմնվելով սեփական ֆանտազիայի վրա, իսկ դարպասի հետևում կանգնած օգնականը, ով գոնե պետք է տեսներ, թե ինչ է կտարվում իրենից մի քանի մետր հեռավորության վրա, կարծես գոյություն չուներ։ 

Բոլորը գիտեն, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ոչ միայն կոպիտ խաղացող է, այլ երբեմն միտումնավոր վնասվածքներ է հասցնում մրցակիցներին՝ միգուցե դրանից հաճույք քաղելով։ Նման տեսակի ֆուտբոլիստները շատ չեն, սակայն քիչ էլ չեն։ Դա գիտեն գրեթե բոլորը՝ բացի մրցավարներից, որոնք շատ դեպքերում միտումնավոր կամ պրոֆեսիոնալիզմի պակասի պայմաններում բաց են թողնում ակնհայտը։

«Վիկտորիա» - «Ռեալ» խաղում հյուրերի պաշտպանն արմունկով ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ հարված հասցրեց մրցակցին, ինչը բերեց արյունահոսության։ Արմունկով հարվածները պետք է պատժվեն կարմիր քարտով․ կասեն շատերը։ Խաղը սպասարկող Դենիս Այտեկինն այլ կարծիքի է։ հետաքրքիր է․ որտե՞ղ էր նայում այդ ժամանակ մրցավարը։ Գնդակին, Ռամոսի ոտքերին, թե երկրպագուներին։ Հարվածը թաքնված չէր։ Այն ակնհայտ էր, բայց ոչ միայն քարտ չեղավ, այլ նաև կանոնների խախտում չարձանագրվեց։

Փաստորեն, այս բարձիթողի վիճակը շարունակվելու է նաև ՉԼ-ի հաջորդ խաղարկության խմբային փուլում։ Անարդարությունը վնասվում է ոչ միայն ֆուտբոլին, այլ յուրաքանչյուր բնագավառին։ Դա իր մաշկի վրա է զգում հասարակ ֆուտբոլասերը, ով իր թիմին պարտության համար քննադտելու կամ հաղթանակի համար գովելու փոխարեն միայն մեկ քննարկելու թեմա ունի․ մրցավարի որոշումն այս կամ այն դրվագի վերաբերյալ, որն ազդեց խաղի ելքի վրա։ 

Միգուցե ուկրաինական ակումբը կարողանար առաջին բաց թողած գոլից հետո ուշքի գալ, եթե մրցավարը գոլ չնվիրեր անգլիացիներին։ Այսպես մտածում է «Շախտյորի» երկրպագուների մեծամասնությունը և շատ արդարացի․․․  

Մեծամասամբ, մրցավարների անարդար որոշումներն են տարբեր թիմերի երկրպգուների միջև ստեղծում լարվածություն, որը հանգեցնում է մասսայական անկարգությունների։ Օրինակները բազմաթիվ են։ 

Եվս մեկ տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե VAR համակարգից հնարավորինս խուսափող պաշտոնյաները դա չեն հասկանում։ Կամ չեն հասկանում, կամ էլ նրանց ձեռք է տալիս, որ այս կամ այն որոշումները բացատրեն մարդկային գործոնով և անցնեն առաջ։ 

Մեկ բան պարզ է․ այս ամենի վերջն արդեն կարծես ուրվագծվում է։ Սուպերլիգայի ստեղծումն ինքնաբուխ չի եղել։ Այն բողոք է առաջին հերթին ՈւԵՖԱ-ի դեմ՝ կայացրած բազմաթիվ որոշումներով ու չարաշահումներով պայմանավորված։

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000