Որոնել
Արխիվ
01.11.2018  16:19

Ըմբշամարտ. Ստեփան Մարյանյան. «Երազանքս է Տոկիոյի օլիմպիական չեմպիոն դառնալը»

Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարյանյանը ArmFootball.com-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է աշխարհի վերջին առաջնությունում չեմպիոն դառնալու մասին։

- Շատ լավ էի պատրաստվել, առանց վնասվածքների, ցավերի, մոտեցել էի առաջնության լավագույն մարզավիճակով։ Այս պահին՝ լավագույն։ Բայց դեռ կավելացնեմ՝ մյուս տարվա վարկանիշային աշխարհի առաջնությանը և օլիմպիական խաղերին պատրաստվելու համար։

- Երկու տարի առաջ մեր կայքին տված հարցազրույցում ասում էիր, որ մեկ շրջափուլ դիմանալը շատ դժվար կլինի քո քաշային կարգում։

- Այո, փոքր քաշերում միշտ էլ մեծ մրցակցություն է, շատ քաշ ենք գցում։ Այսօրվա դրությամբ ոչ մի խնդիր չկա, այնպես որ՝ չեմ կարծում, թե խնդիր կլինի օլիմպիական քաշ իջնել ու պայքարել օլիմպիական խաղերի ուղեգրի համար։

- Եվրոպայի առաջնությունում արդեն օլիմպիական քաշու՞մ ես գոտեմարտելու։

- Երևի վարկանիշային աշխարհի առաջնության համար։ Դեռ կքննարկենք մարզիչների հետ։

- Պատրա՞ստ ես Տոկիոյին։

- Իհարկե պատրաստ եմ։ Դա իմ երազանքն է։

- Հայաստանում վերջին անգամ ե՞րբ ես եղել։

- Երկու տարի առաջ եմ եղել։ Շատ եմ սիրում Հայաստան գալ, ցավոք, այսպիսի գրաֆիկով... Աշխարհի առաջնությունը հոկտեմբերին էր, սովորաբար, դրանից հետո էի գալիս։ Եթե ստացվի, ընտանիքիս հետ այս տարի էլ կգամ։ Շատ եմ սիրում Հայաստանը, ես հայ եմ, թեև Ռուսաստանում եմ ծնվել, մեծացել: Իմ երկրորդ հայրենիքն է, այնտեղ ես տանն եմ։

- Նոր օրենքների մասին ի՞նչ կասես։

- Ինձ ավելի հարմար է պարտերով։ Բայց այս առաջնությունում բոլոր հնարքները վերևից եմ կատարել, եզրափակիչում էլ։ Պարտերից ավելի շատ միավոր եմ տվել։ Պետք է պատրաստ լինել բոլոր ձևերով գոտեմարտելու։

- Ո՞րն էր ամենաբարդ գոտեմարտը առաջնությունում։

- Իհարկե, եզրափակիչն էր ամենաբարդը։ Մրցակիցը շատ բարդ էր, աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր, օլիմպիական մրցանակակիր, Ասիայի եռակի չեմպիոն։ Պետք էր տրամադրվել, որովհետև արդեն մրցանակակիր եղել էի, այդքան էլ հետարքիր չէր։ Չեմպիոն էի ուզում դառնալ։ Մեծ անդունդ է մրցանակակրի ու չեմպիոնի միջև։

 

Հասմիկ Գրիգորյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000