Որոնել
Արխիվ
15.10.2018  19:15

Գեղասահք. Արթուր Դանիելյան. «Հայ հանդիսատեսը, երկրպագուները ջերմ դիմավորեցին, աջակցում էին ելույթիս ընթացքում»

2018թ-ի՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող 14-ամյա Արթուր Դանիելյանն արմատներով Էջմիածնից է: Տղան բոլորովին վերջերս է հարազատ Վոլգոգրադից տեղափոխվել Մոսկվա, որտեղ մարզվում է Ելենա Բույանովայի խմբում ու նաև սովորում հանրակրթական դպրոցում: Ամռանը ստացած վնասվածքի պատճառով Դանիելյանը ստիպված եղավ բաց թողնել մրցաշրջանի մեկնարկն ու հայտավորվել գրան-պրիի սերիայի վերջին 2 էտապներին:

Ցավոք, վնասվածքն իրենն ասաց ու պատանի գեղասահորդը Սլովենիայում գրանցեց միայն 5-րդ, իսկ Հայաստանում՝ 4-րդ արդյունքը՝ բաց թողնելով գրան-պրիի եզրափակչում հանդես գալու հնարավորությունը: Ազատ ծրագրում իր ելույթից հետո Արթուրը դժգոհ էր:

- Ազատ ծրագրի իմ այս կատարումից ես դժգոհ եմ: Սահում էի շատ զգուշավոր, կաշկանդված, բավականաչափ մանր սխալներ թույլ տվեցի, ու, բնականաբար, ընդհանուր տպավորությունը գոհացնող չէր կարող լինել:

- Ի՞նչը խանգարեց:

- Գուցե՝ մի փոքր իր դերն ունեցավ հուզմունքը, մի փոքր՝ անհամբերությունը: Չէր որ արդեն 2-րդ էտապին եմ մասնակցում, ու մեծ էր ցանկությունս՝ ավելի լավ հանդես գալու, ավելի ամբողջական տպավորություն գործելու: Իսկապես շատ են մանր-մունր թերացումներս, որոնց վերացման ուղղությամբ աշխատելու կարիք կա:

- Գրան-պրիի այս էտապի մասնակիցների կազմը կգնահատե՞ք: Ովքե՞ր էին ձեր հիմնական մրցակիցները:

- Բոլոր տղաներն էլ ուժեղ էին: Գրեթե բոլորը եռակի աքսելներ էին ցատկում, մի քանիսն՝ անգամ քառակի: Պետք էր պարզապես մաքուր կատարել ծրագիրը: Այդ դեպքում ամեն ինչ այլ ելք կունենար:Ինչ վերաբերում է երևանյան այս էտապին առհասարակ, ապա ես այն շատ հավանեցի: Հանդիսատեսը, երկրպագուները ջերմ դիմավորեցին, աջակցում էին ելույթիս ընթացքում: Ի դեպ, ես առաջին անգամ չեմ այս սահադաշտում. սահադաշտի բացմանը նույնպես մասնակցել եմ:

- Արթուր, մրցաշրջանի մեկնարկն ու գրան-պրիի առաջին 5 էտապները բաց թողեցիք վնասվածքի պատճառով: Վերականգնման ո՞ր փուլում եք այժմ:

- Կարծում եմ, դեռ ողջ մրցաշրջանի ընթացքում վերականգնման փուլում կգտնվեմ, քանի որ, ամեն ինչից բացի, այժմ ինձ մոտ ուժեղ աճի շրջան է: Աշխարհի առաջնությունից հետո ես շատ եմ հիվանդացել ու նաև հաջողացրել եմ բավականաչափ բոյովանալ: Եթե դրան գումարենք այն ծանրաբեռնվածությունը, որ գրանցվեց քառակի պտույտները սովորելու ընթացքում, ապա բացատրելի է վնասվածք ստանալն էլ, վերականգնման փուլի ձգձումն էր:

- Այժմ, երբ արդեն որոշակի հստակություն է գրանցվել՝ եզրափակչին չմասնակցելու հետ կապված, մրցաշրջանի ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հիմա առաջնային ծրագիրս վերջնականապես վերականգնվելն է՝ Ռուսաստանի առաջնությանը օպտիմալ մարզավիճակով մոտենալու համար: Նպատակս կրկին աշխարհի պատանեկան առաջնությանը որակավորվելն է:

- Աշխարհի առաջնությունից հետո հայտարարեցիք, որ ծրագրում եք սովորել քառակի պտույտացատկերը: Ո՞ր փուլում եք այժմ:

- Առայժմ մեծ առաջընթաց չեմ գրանցել: Փորձեր կատարել եմ, անգամ՝ հաջողված: Ճիշտ է՝ արդյունքը կայուն չէր, բայց ամեն դեպքում կար: Ցավոք, վնասվածքը, ապա՝ դրանից վերականգնումը, մրցաշրջանին ու գրան-պրիի կոնկրետ էտապներին նախապատրաստվելն իրենց դերն ունեցան այդ ամենում: Այնպես որ՝ հիմա սովորելու եմ:

- Մեկ ոչ սպորտային հարց։ Գիտեմ, որ սիրում եք խոհանոցը, սիրում եք պատրաստել: Ամառային որոշակի դադարի փուլում ինչ-որ նոր բան սովորե՞լ եք պատրաստել, ու ի՞նչ եք նախընտրում հայկական խոհանոցից:

- Հայկական ոչ մի ուտեստ պատրաստել չեմ կարող, ցավոք: Բայց շա՜տ եմ սիրում: Առանձնահատուկ սիրում եմ հայկական գաթան: Բնականաբար, չեմ կարող անտարբեր անցնել Նապոլեոն խմորեղենի կողքով: Իսկ այս ընթացքում սովորել եմ տարբեր պիցցաներ պատրաստել, տորթեր…Ճիշտ է՝ այդ ամենը սպորտային ռեժիմի պատճառով սահմանափակել է պետք, բայց ես շա՜տ եմ սիրում:

 

Գայանե ՆԱԶԱՐՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000