Որոնել
Արխիվ
13.10.2018  15:15

Գեղասահք. Ալեքսանդրա Տրուսովա. «Երևանում քայլում ես փողոցով, իսկ քեզ ընդառաջ բոլորը ժպտում են» (VIDEO)

Գեղասահքի երիտասարդների՝ Երևանում ընթացող գրան-պրիի աղջիկների մենասաքում վստահ հաղթեց ու եզրափակչի ուղեգիր նվաճեց 14-ամյա ռուս մարզուհի Ալեքսանդրա Տրուսովան, ում մասնակցությունը երևանյան էտապին մեծ հարցականի տակ էր՝ բարձր ջերմության և հիվանդանոցում ավելին քան 1 շաբաթ անցկացնելուց հետո:

Բայց եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու՝ Տրուսովայի միակ հնարավորությունը երևանյան սառույց դուրս գալն ու լավագույն երկյակում տեղ գտնելն էր: Մրցելույթներից անմիջապես հետո մարզուհին լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով:

- Այսօր ինձ մոտ վերջապես ստացվեց քառակի լուտցը: Այն վերջապես լիապտույտ համարեցին ու հաշվեցին: Ու ուղղակի ես ուրախ եմ, որ հաղթեցի:

- Ալեքսանդրա, դեռ երեկ հայտնի չէր՝ կգնա՞ք արդյոք այօր քառակի ցատկի: Գիտենք, որ հիվանդ էիք, քաշ եք կորցրել, շատ թույլ էիք: Ինչպե՞ս վճռեցիք այդ ցատկին գնալ:

- Ես գիտեի, որ պիտի ցատկեմ, որ կցատկեմ: Ես չէի սահի առանց քառակի ցատկի: Ու ես ուզում էի ցատկել: Սառույց էի դուրս եկել՝ ծրագիրս մաքուր կատարելու, սահելու ու ցատկելու այնպես, ինչպես ես կարող եմ:

- Վանկուվերում կայանալիք գրան-պրիի եզրափակչի 6 ուղեգրերից 5-ը ռուս մարզուհիներինն են: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՛վ է դա պայմանավորված:

- Պարզապես մենք ունենք շատ լավ մարզիչներ ու գեղասահքի լավ դպրոց:

-Ինչպե՞ս եք պատրաստվելու գրան-պրիի եզրափակչին:

- Չեմ ուզում առաջ ընկնել: Պարզապես պատրաստվելու եմ:

- Մրցաշրջանի մինիմում-ծրագիրը՝ եզրափակչի ուղեգիր վաստակելը, կատարված է: Ո՞րն է մաքսիմում-ծրագիրը:

- Մաքսիմումն այս պահի դրությամբ եզրափակչում մաքուր ելույթ ունենալս է, ինչպես նաև՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը: Առաջիկա ծրագրերում վերականգնվելս է: Պիտի վերականգնեմ իմ քառակի ցատկերն ու կատարելագործեմ ծրագիրս:

- Ձեզ դուր եկա՞վ հայաստանյան էտապը:

- Ինձ այստեղ շատ է դուր եկել: Բոլորը աջակցում են, շատ բարեկամաբար են տրամադրրված ոչ միայն մարզադաշտում ներկաներն, այլև՝ բոլոր-բոլորը: Քայլում ես փողոցով, իսկ քեզ ընդառաջ բոլորը ժպտում են, մոտենում-շոյում Թինային (Թինան Ալեքսանդրայի շնիկն է՝ չիխուախուա ցեղատեսակի), խորհուրդ տալիս՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղ են տեսարժան վայրերը: Ես արդեն հասցրել եմ շատրվանները տեսնել:

Գայանե ՆԱԶԱՐՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000