Որոնել
Արխիվ
11.10.2018  14:28

Պատանեկան ՕԽ. Հայաստանի պատմական նվաճումները լողում և գեղարվեստական մարմնամարզությունում (VIDEO)

Բուենոս Այրեսում ընթանում են պատանեկան օլիմպիական խաղերը, որին Հայաստանը մասնակցում է 8 մարզիկներով:

Մեկնարկային օրերին առավել հաջող ելույթներ են ունեցել լողորդ Արթուր Բարսեղյանն ու գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովոն:

16-ամյա Բարսեղյանը հանդես է գալիս երեք մրցաձևերում՝ 50 մ ազատ ոճ, 50 մ բատերֆլյայ ու 100 մ ազատ ոճ: Պատանի մարզիկն արդեն ավարտել է իր ելույթները 50 մ ազատ ոճում և 50 մ բատերֆլյայում, ընդ որում ազատ ոճում աննախադեպ արդյունք է գրանցել:

Նախ Բարսեղյանը կարողացավ հաղթահարել որակավորումը և մտնել կիսաեզրափակիչ՝ 23.17 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակչում Բարսեղյանը փայլուն հանդես եկավ՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ (22.69) և չորրորդ արդյունքով դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում, ցավոք, բարելավել արդյունքը չհաջողվեց (23.13), 16-ամյա լողորդը զբաղեցրեց 8-րդ տեղը, ինչը, սակայն, հայկական լողի պատմության մեջ ևս աննախադեպ արդյունք է:

50 մ բատերֆլյայ ոճում Բարսեղյանը ևս կարողացավ կիսաեզրափակիչ դուրս գալ՝ 24.42 վայրկյան արդյունքով, ինչը ևս Հայաստանի նոր ռեկորդ է: Կիսաեզրափակչի արգելքը հաղթահարել չհաջողվեց, իսկ մրցահերթում Բարսեղյանը 24.44 վայրկյան արդյունքով 6-րդն էր:

Այսօր Բարսեղյանը կմեկնարկի նաև 100մ ազատ ոճ մրցաձևում, որտեղ, ի դեպ, Հայաստանի ռեկորդը նույնպես իրեն է պատկանում:

Գեղարվեստական մարմնամարզությունում որակավորման արգելքը հաղթահարեց Յուլիա Վոդոպյանովան: 15-ամյա մարզուհին առաջին երկու՝ օղակներով ու գնդակով վարժություններից հետո ընթանում էր երրորդ տեղում (գնդակով վարժությունում նա ցույց տվեց երկրորդ արդյունքը), սակայն գուրզով և ժապավենով վարժություններից հետո նահանջեց: Ի վերջո, 59.350 միավոր արդյունքով, Վոդոպյանովան որակավորման փուլն ավարտեց 7-րդ տեղում և իրավունք ստացավ մասնակցել եզրափակչին: Ուժեղագույն ութնյակը մեդալների համար կպայքարի հոկտեմբերի 16-ին:

Առայժմ անհաջող են հանդես գալիս ուժային մարզաձևերի ներկայացուցիչները: Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ) և թհեքվանդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ) պարտվեցին սկզբնական փուլերում և չկարողացան պայքարել մեդալների համար: Խաչատրյանի բախտը չբերեց վիճակահանությամբ, նրան բաժին էր հասել ապագա չեմպիոն, բելգիացի Բադր Աչաբը: Սպասելիքներ կային նաև հրաձիգ Հայկ Բաբայանից, սակայն վերջինս 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում զբաղեցրեց 14-րդ տեղը ու չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Այսօր բացի Բարսեղյանից պայքարի մեջ կմտնի մեդալի մեր ամենաիրական հավակնորդը, ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ): Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը մեդալների համար պայքարի մեջ կմտնի հոկտեմբերի 12-ին, հաջորդ օրը ելույթ կունենա ծանրորդ Լիանա Գյուրջյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000