Որոնել
Արխիվ
10.10.2018  19:16

Վանեցյան. «Արտասահմանցի մարզիչները չէին ցանկանում պատասխանատվություն ստանձնել»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում խոսելով Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագրերի ու խնդիրների մասին։

-Պարոն Վանեցյան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը, մինչդեռ բանակցություններ էին վարվում իտալացի մարզիչներ Ջիանի դե Բիազիի ու Դելլիո Ռոսսիի  հետ։ Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գյուղլբուդաղյանցի վրա։

-Սկսենք նրանից, որ ոչ թե երկու, այլ շատ ավելի մարզիչների հետ ենք բանակցություններ վարել, բայց ինչ-ինչ պատճառներով, հաշվի առնելով, որ մրցաշրջանը սկսվել է, այդ մարզիչները ի վերջո չհամաձայնեցին ճանապարհի կեսին գլխավորել հավաքականը։ Գալիս էին, տեսնում մեր ոգևորվածությունը, պահանջները, կարծում էին, որ կարող է՝ ինչ-որ տեղ չհաջողեին ու չէին ուզում պատասխանատվություն ստանձնել։ Փառք Աստծո, ունենք Գյուլբուդաղյանցի նման մարզիչ, որն իր որակական ու անձնական հատկանիշներով կկարողանա հավաքականը բերել հաղթանակների։ Իհարկե չենք կարող մշտապես հաղթանակներ պահանջել, բայց կարծում եմ առնվազն արժանապատիվ ֆուտբոլ մեր հավաքականը ցույց է տալու, ու եթե լինեն պարտություններ, դրանց համար չենք ամաչելու։

-Ազգերի լիգայում Մակեդոնիայի հետ խաղում պարտությունից հետո ինչպե՞ս եք այդ մրցաշարում գնահատում մեր շանսերը։

-Չեմ ուզում նախկինին գնահական տալ, բայց ապագան տեսնում եմ պայծառ ու արևոտ, ես լավատես եմ, ու դա իմ մեջ չի պակասում երբեք։

-Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու։

-Այն հիմքերը, որ այսօր իրավիճակ է փոխվել ողջ երկրում, ողջ ազգի մեջ և «դուխով» բառը, որ ակտուալ է դարձել, մտել է մեր հավաքականի մեջ, և ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները իրականացնելու են բոլոր քայլերը, որ ունենանք հաղթանակներ։ Ես հանդիպում եմ ունեցել ֆուտբոլիստների, մարզչական շտաբի հետ ու միակ հարցը, որ ես բարձրացրել եմ, խնդրել եմ, հորդորել եմ այն է, որ հավաքվեն ու իրենց ողջ ներուժն օգտագործեն, բայց էլի եմ կրկնում՝ չի կարելի մեր ֆուտբոլի վիճակը ու ֆուտբոլը գնահատել միայն հաղթանակներով։ Պետք է ճիշտ հիմքեր դնենք մեր ֆուտբոլում, որ կարճ ժամանակ անց՝ մի քանի տարի անց ունենանք հավաքականի արժանի թեկնածուներ։

-Պարոն Վանեցյան, հավաքական հրավիրվելո՞ւ են Ռուսաստանում հանդես եկող Խորեն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն։ Եթե նրանք հավաքականում ելույթներ ունենան, հնարավո՞ր է Ռուսաստանի իրենց ակումբներում համարվեն լեգեոներ։

-Պետք է քննարկենք, հասկանանք․․. Եթե գլխավոր մարզիչը կգնահատի, դրանից հետո մենք որոշում կկայացնենք։ Մենք որևէ ուղղորդում չենք անելու ֆուտբոլիստներ ընդգրկելու հարցում։ Լեգեոներ դառնալու մասով կարող եմ աել, որ մենք առաջիկայում ռուս մեր գործընկերների հետ կունենանք քննարկումներ, չեմ ուզում առաջ ընկնել, բայց կարծում եմ կհասնենք հաջողության։ Կա համապատասխան որոշում ԵԱՏՄ երկրների մասով, որը վերաբերում է լեգեոներներին, բայց ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դա չի պահպանում։

-Եթե առանձնացնելու լինեք հայկական ֆուտբոլի երեք խոշոր խնդիրները, որո՞նք կնշեք։

-Առաջինը՝ ֆուտբոլի զանգվածայնությունն ապահովելը, որ Հայաստանում հնարավորին շատ մարդ զբաղվի ֆուտբոլով, շատ մարդիկ խաղան ֆուտբոլ։ Երկրորդը՝ սիրողական թիմերի զարգացումն ու ստեղծումը, դա էլ է բերում, որ մարդիկ ավելի շատ խաղան ֆուտբոլ, ու որ մարզերում ֆուտբոլի զարգացում լինի։ Մարզերում կան շատ երեխաներ, որ ցանկանում են խաղալ ֆուտբոլ, բայց ելնելով ինչ-ինչ պատճառներից՝ չեն կարողանում գալ, հասնել Երևան կամ ընդգրկվել ակումբներում, ակադեմիայում։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ֆուտբոլը Երևանից դուրս տեղափոխելը, ի՞նչ եք անելու ֆուտբոլի ապակենտրոնացման համար։

-Ապակենտրոնացումը պատկերացնում եմ հետևյալ կերպ. ունենք ծրագիր, որ մարզերում նախնական հաշվարկով առաջիկա 3-5 տարում կառուցենք 700 դաշտ։ Այդ ծրագիրը մենք մեր թիմով արդեն նախանշել ենք, տարածքները կբաշխվեն, կլինի հետազոտություն, թե որտեղ պետք է լինեն այդ դաշտերը։ Պետք է դաշտերի վայրերը նշել, որ չտանենք դաշտ կառուցենք մի վայրում, որտեղ հետո գյուղի կովերը կամ ոչխարները կարածեն։

-Չե՞ք կարծում, որ միայն մարզադաշտի առկայությունը բավարար չէ, այլ պայմաններ ևս պիտի ապահովվեն։

-Այլ ենթակառուցվածքները շատ չեն։ Մեզ պետք է դաշտ, դաշտերը կհանձնվեն համայնքապետերի հսկողությանը, որ իրենք պատասխան տան դաշտի վիճակի համար։ Դրանք պետք է ծառայեն միայն ֆուտբոլ խաղալուն ու չպիտի օգտագործվեն այլ նպատակներով։ Վանաձորում, Գյումրիում ակադեմիաներ ունենք, սկսում ենք ակադեմիաներ Սևանում ու Սիսիանում։

-Բայց օրինակ Վայոց ձորի մարզը ոչ մի մանկապատանեկան թիմ չունի։

-Վայոց ձորում մի շատ հետաքրքիր բան ենք պարզել, որ Եղեգնաձորում կա մի հրաշալի դաշտ, որը անտերության է մատնված երկար տարիներ։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ փորձում ենք Եղեգնաձոր ու Աբովյան քաղաքների մարզադաշտերը վերցնել, վերանորոգել։ Իմ ամենամեծ նպատակն այն է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կարողանանք դարձնել Հայաստանի առաջնություն։ Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարզ ներկայանա իր թիմով, դա իմ երազանքներից մեկն է։

-Ֆուտբոլային ակումբների սեփականատերերը, մանկապատանեկան թիմերի ղեկավարները հաճախ բարձրացնում են այն հարցը, որ ֆուտբոլիստներ պատրաստելով՝ նրանց հասցնում են բանակային տարիքի, բայց հետո վերջիններս զորակոչվում են՝  չշարունակելով կարիերան։ Հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Շատ հանգիստ։ Պաշտպանության նախարարին հրավիրում ենք սուրճ խմելու ու քննարկում ենք։ Եթե լուծումը գտնում ենք, սկսում ենք արդեն աշխատել։ Մենք ամեն դեպքում չմոռանանք, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է գտնվում ու ցանկացած նորակոչիկ շատ կարևոր է երկրի անվտանգության ապահովման համար, բայց չենք էլ մոռանում, որ ֆուտբոլը շատ կարևոր է, և այդ հարցը քննարկել ենք, որ կարողանանք ՊՆ կազմում ստեղծել թիմ, որը հանդես կգա ըստ խաղացողների որակական հատկանիշների՝ Հայաստանի առաջին կամ բարձրագույն խմբում հանդես գալու համար։ Մենք անգամ մարզադաշտն ենք որոշել, թե որտեղ պետք է խաղան՝ Իջևանում։ Դեռ չունենք վերջնական պայմանավորվածություններ, ունենք զրույցներ, ինչը կարող է ունենալ դրական հանգուցալուծում։

-Ֆուտբոլային հանրությունը վերջերս նոր թափով սկսել է քննարկել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների սահմանափակման հարցը։ Կա՞ նման անհրաժեշտություն։

-Տարբեր են կարծիքները, ես գտնում եմ, որ լեգեոներները շատ կարևոր են, պետք է լինեն, լեգեոներները ապահովում են նաև մեր տեղացի ֆուտբոլիստների հետ մրցակցությունը, որը բերում է մեր ֆուտբոլիստների վարպետության բարձրացմանը, ու եթե չլինեն լեգեոներները, մեր տեղացի ֆուտբոլիստները չեն փորձի աճել ու գնալ առաջ։ Այդ հարցով արագ որոշում կայացնելը սխալ է, պետք է անցնի որոշ ժամանակ, ու մենք բոլոր դրական-բացասական բաները դնենք իրար կողք ու համեմատենք։ Ամեն դեպքում՝ այս պահին չեմ ուզում կոնկրետ ասել, բայց այդ հարցը լինելու է մեր առաջիկա քննարկումների առանցքու, և որոշում է կայացվելու։ Ամեն դեպքում, ես գոհ եմ լեգեոներների մասնակցությունից, սահմանափակում կարող է լինել, կարող է չլինել, պետք է մասնագետները ծանրութեթև անեն։

-Երբեմն-երբեմն հայկական ֆուտբոլային ակումբների ղեկավարները շեշտում են, որ ֆուտբոլը Հայաստանում եկամտաբեր չէ։

-Ֆուտբոլի եկամտաբերությունը լավ խաղալու մեջ է։ Եթե լավ են խաղում, դառնում են չեմպիոն, ստանում են գումար, դրսում խաղալով ու հաղթելով՝ ստանում են գումար ու այդ գումարներն այնքան մեծ են, որ հնարավոր է ակումբները պահպանել։ Թող մրցակցեն իրար հետ, հաղթեն։ Այո, ֆեդերացիան ինչ-որ չափով փորձելու է օգնել ակումբներին, բայց չի կարող ֆեդերացիան ողջ ծախսերը վերցնել իր վրա։ Ֆեդերացիան կօգնի, մարզադաշտերի, կահավորանքի հարցում, բայց Ֆեդերացիան չի կարող ակումբ պահել։

-Երբ Ձեր անունը նոր էր սկսել քննարկվել ՀՖՖ նախագահի պաշտոնում, Դուք խոսեցիք պայմանավորված խաղերը բացառելու մասին։ Հայաստանյան ֆուտբոլում կոռուպցիան ի՞նչ մասշտաբի է։

-Հայաստանի ֆուտբոլում ու առհասարակ Հայաստանում կոռուպցիան իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը, բայց վտանգը չի անցնելու։ Մնալու են ջրի հատակում, հենց գլուխները բարձրացրին, հավատացեք՝ շատ խիստ արձագանք է լինելու։

-Ո՞ր դեպքում կհեռանաք ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

-Եթե հանրային պահանջ լինի, ասեն՝ ձախողեց աշխատանքները։

 


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000