Որոնել
Արխիվ
08.10.2018  00:55

Արմեն Մելիքբեկյան. «Ոչ մի տագնապ կապված ազգային հավաքականի հետ չկա»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը երկրպագուների կողմից ոչ այնքան միանշանակ ընդունվեց՝ հատկապես հաշվի առնելով, որ մամուլում վերջին օրերին շրջանառվում էին արտասահմանցի մարզիչների անուններ, որոնց թվում կային նաև անվանի մարզիչներ: ArmFootball.com-ը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ՝ ավելի մանրամասն բանակցային գործընթացների և Արմեն Գյուլբուդայանցի ընտրության մասին:

- Մամուլում մի որոշակի ժամանակահատված քննարկվում էին տարբերակներ, որոնց մեջ բավականին հայտնի անուններ կային: Մասնավորապես, նշվում էր հոլանդացի Բերտ վան Մարվեյկի ազգանունը: Իսկապե՞ս ֆեդերացիան բանակցել է վան Մարվեյկի հետ:

- Ֆեդերացիան կարճ ժամկետում մեծ ծավալի աշխատանք է տարել ու քննարկել բազմաթիվ անուններ: Բնականաբար, բանակացությունը գծային պրոցես չէ: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր գործակալը, կապվում ես նրա հետ, ճշտում հետաքրքրվածությունը: Այդ շարքում եղել են հայտնի անուններ շատ են եղել, վան Մարվեյկը նրանց թվում չի եղել: Բայց եղել են շատ հայտնի անուններ: Նշել ենք միայն երկուսի անունը, քանի որ միայն այդ երկու մարզիչներն են, ովքեր ցանկություն են հայտնել մտնել բանակցությունների եզրափակիչ փուլ: Այսպիսով, եղել է երեք թեկնածու, այդ թվում՝ Արմեն Գյուլբուդաղյանցը: Լայն դաշտում շատ աշխատանք է տարվել, շատ մարդկանց հետ է կապ հաստատվել՝ իմանալու նրանց հետաքրքրվածությունը, և հետո նոր գործընթացը գնացել է:

- Արդյո՞ք ֆեդերացիան ֆինանսապես պատրաստ էր բավարարել նույն դե Բիազիի, Դելիո Ռոսսիի կամ այլ հայտնի մասնագետների ֆինանսական պահանջները, թե՞ կան բյուջեի սահմանափակումներ, և որոշակի գումարի դեպքում ՀՖՖ-ն չէր շարունակի բանակցությունները:

- Նման նկատողությունները մի փոքր վիրավորական կարող են լինել հայ մարզիչների համար, որովհետև նրանք էլ են գումար ստանում, և բնականաբար, այդ գումարը 500 դոլար չէ: Բայց նշեմ, որ մեր հիմնական երեք թեկնածուների պարագայում բանակցությունների վերջին փուլում ֆինանսական պահերը ընդհանրապես չեն քննարկվել: Նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, նոր մտել ենք վերջին փուլ: Ոչ մի թեկնածու մեզ հետ վերջին փուլում ֆինանսական պահեր չի քննարկել, քննարկվել են միայն աշխատանքային գործոններ: Ինչ նրանք ցանկացել են, ինչ պայմանավորել ենք, մենք պատրաստ ենք եղել տալ: Վստահեցնում եմ, որ ֆինանսական բոլոր հարցերը լուծվել են ավելի վաղ փուլում, նոր բանակցությունները շարունակվել են:

- Իսկ մերժելու պատճառն այն է, որ նրանք գտնում էին՝ այս թիմով չեն կարող հաջողությունների հասնե՞լ:

- Իհարկե, մենք ունենք կարճաժամկետ նպատակ՝ հաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը, առաջինը լինել, բայց բոլոր թեկնածուներին ասվել է, որ մեզ պետք է երկարաժամկետ ծրագիր, որպեսզի պատկերացնել տեսլականը՝ ինչ է լինելու հավաքականի հետ առաջիկա երկու-երեք տարիներին: Բացարձակապես խնդիր չի եղել, որ եթե խմբից դուրս չգան՝ հեռացվելու են: Խոսել ենք պրոֆեսիոնալ ձևով, ու նրանք այդ առումով խնդիր չի եղել: Մենք տեսլական ենք քննարկել, քննարկել ենք հեռանկարները:

- Իսկ այդ դեպքում, որն էր մերժելու պատճառը:

- Իրենք էլ հասկանում են, որ տեղացի մարզիչն այսօր ավելի օպտիմալ տարբերակ է, ավելի շատ օգուտ կարող է տալ: Իրենց շատ-շատ ավելի գիտելիք է պետք, որպեսզի այս կարճ ժամանակում հասկանան, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Ճիշտ է, դե Բյազին ավելի շատ գիտելիք ուներ մեր մասին Դելիո Ռոսսիի համեմատ, ավելի լավ էր ճանաչում Հայաստանը, բայց իրականում, իրենք նշում են, որ այս պահին պատրաստ չեն առանց լավ պատկերացնելու իրավիճակը ստանձնեն հավաքականի մարզչի ղեկը: Բայց զարգացման պատկերացումները մոտ են նրան, ինչ մենք ենք տեսնում՝ ստեղծել հավաքականների նույն կերպ աշխատող համակարգ: Դելիո Ռոսսին կարգով ավելի բարձր էր, նույնիսկ նրա հետ բանակցելիս տեսանք, որ նրա ասածները համապատասխանում են նաև Արմեն Գյուլբուդաղյանցի ծրագրերին:

- Լավ, հայկական ֆուտբոլը հիմա այնպիսի վիճակում է, որ այդ մարզիչները չեն ուզում աշխատե՞լ այստեղ:

- Պարզապես պատկերացնենք, որ մարզիչը գալիս է՝ առանց ճանաչելու, ու միանգամից սկսում է աշխատել, կարճ ժամանակում: Ինչքան էլ խոսենք երկարաժամկետ ծրագրերից, բայց առաջիկա չորս ամիսը նույնպես կարևոր են, և իրոք, իրենք չեն պատկերացնում ինչպես պետք է աշխատեն՝ նույն գիտելիքի պակասի պատճառով: Արմեն Գյուլբուդաղյանցը շատ լավ ճանաչում է ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, աշխատել է ազգային հավաքականի տարբեր ֆուտբոլիստների՝ Գևորգ Ղազարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Կառլեն Մկրտչյանի, մյուսների հետ: Այդ առումով նա շատ ավելի հստակ պատկերացնում ունի իրավիճակի մասին, և մեր կարծիքով ունի բավարար ներուժ կատարելու աշխատանքը: Մյուսները, իրենք են ասում, որ ժամանակ է պետք ամբողջ համակարգը հասկանալու համար: Այո, շատ անհարմար ժամանակ եղավ այս ամեն ինչը, բայց ոչ մի տագնապ կապված ազգային հավաքականի հետ չկա, մենք ամեն կերպ աջակցելու ենք հավաքականի հաջողություններին և շուտով քայլեր կձեռնարկենք ամրացնելու մարզչական շտաբը՝ դրսից մասնագետներ կհրավիրենք, ովքեր կաշխատեն մարզչական շտաբերում, բացի այդ պետք է կառուցենք համակարգ՝ հրավիրելով մասնագետներ, ովքեր սերտորեն կաշխատեն Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, որպեսզի ունենանք համակարգ, որը անխափան կաշխատի անկախ նրանից, թե ով կլինի մարզիչը:

- Այսինքն, Գյուլբուդաղյանցը նշանակվել է հենց երկարաժամկե՞տ հեռանկարով:

- Այս պահին ոչ մի խոչընդոտ չենք տեսնում: Անկեղծ ասեմ՝ նրա հետ խոսելու առաջին պահից հավատում ենք, որ կարող ենք շատ դրական արդյունքներ ունենալ: Բնականաբար, հասկանում ենք, թե ինչ ունենք այս պահին: Այո, այս պահին երկարաժամկետ ծրագրեր ենք կապում, որովհետև ինքն էլ համաձայն է մեր տեսլականին, որ պետք է ամուր համակարգ կառուցենք ու սկսենք ամենաներքևից:

- Եվս մեկ անուն, որը շատ էր քննարկում հայկական մամուլում, արդեն հայ մարզիչների շրջանակներից՝ Աբրահամ Խաշմանյանը: Նրա թեկնածությունը ՀՖՖ-ն քննարե՞լ է:

- Աբրահամ Խաշմանյանի հետ, որին շատ հարգում ու սիրում եմ, առարկայական չենք զրուցել այդ մասին: Շատ առարկայան զրուցել ենք այն երեք մարզիչների հետ, որոնց անունները տվեցի, և դա արել ենք շատ թափանցիկ: Չեմ հիշում՝ երբևիցե նման դեպք եղել է, որ բանակցությունների ընթացքի մասին այսքան մանրամասն պատմվի:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000