Որոնել
Արխիվ
07.10.2018  21:04

Արմեն Մելիքբեկյան. «Գյուլբուդաղյանցի նշանակումն ամենաօպտիմալ տարբերակն էր»

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանի հետ, ով իր մեկնաբանություններն է տվել Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման և դրան նախորդած բանակցությունների վերաբերյալ.

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, և, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաճոին, ես ցանկանում եմ հստակ ներկայացնել, թե ինչպես է կայացվել տվյալ որոշումը և ինչպես են ընթացել բանակցությունները տարբեր մարզիչների հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նշեմ, ՀՖՖ-ն ավելի վաղ չէր մեկնաբանում գործընթացները, քանի որ դա էին պահանջում բանակցությունների մասնակից անձինք:

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին և Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաև այլ մարզիչների թեկնածություններ:

Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը:

Մեր կարծիքով Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները և ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»,- ասել է Մելիքբեկյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000