Որոնել
Արխիվ
06.10.2018  19:29

Մխիթարյանի՝ կազմից դուրս մղվելը, միջակների և լավագույնների շեմին գտնվող «Արսենալը»

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 2 տուրերը ծանր ստացվեցին Ունաի Էմերիի համար։ Հիմնական պատճառն այն էր, որ Անգլիայի առաջնության սկզբում խաղացանկն այնքան էլ բարեհաճ չէր գտնվել լոնդոնյան ակումբի համար։ Թիմն ուժերը չափեց «Մանչեսթեր Սիթիի», ապա՝ «Չելսիի» հետ ու երկու խաղերում էլ պարտություն կրեց։ Եթե «քաղաքայիններից» կրած պարտությունը կարելի է բացատրել նոր մարզչով, նոր խաղաոճին հարմարվելով ու տակտիկական գործողությունների ռեալիզացման հետ կապված խնդիրներով, ապա լոնդոնյան դերբիում այդ փաստարկներն առնվազն տարօրինակ կհնչեն, որովհետև «ազնվականները» նույն իրավիճակում էին։ Ընդ որում, Անտոնիո Կոնտեն, ով հեռացավ պաշտոնից նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, լիովին խաղային փիլիսոփայությամբ տարբերվում է նորանշանակ մարզչից՝ Մաուրիցիո Սարիից։ Ավելին, տարբեր բևեռներում են գտնվում, որովհետև սառնասիրտ ու հաշվարկված ֆուտբոլը փոխարինվեց կրակով, ռիսկերով ու արագությամբ։ Նման իրավիճակներում թիմերը շատ դժվար են հարմարվում նոր մարզչին, և խաղային ճգնաժամը կարող է ամիսներ տևել։ Իսկ Էմերին այնքան էլ հեռու չէ Վենգերի մարտավարական մտահղացումներից։ Կարելի է ենթադրել, որ «Արսենալին» ավելի հեշտ էր հարմարվել նոր իրավիճակին։ Այսինքն, այս գործոնը չեզոքանում է, և լոնդոնյան դերբիում «Արսենալի» պարտությունը շատերին հիասթափեցրեց ու նրանց աչքերում մշուշոտեց ակումբի ապագան։ Թվում էր, թե դրան հաջորդելու են ոչ-ոքիները կամ պարտությունները, բայց Էմերիին այնուամենայնիվ հաջողվեց կայունություն մտցնել՝ կատարելով մեկնարկային կազմի որոշակի փոփոխություններ։ Դրան  հաջորդող 5 հանդիպումներն ԱՊԼ-ում ավարտվեցին «զինագործների» հաղթանակով՝ գնալով ավելի վստահ տպավորություն թողնելով։ Չնայած, պետք է նշել, որ մրցակիցների մեջ չկար թոփ ակումբ, որը պայքարում է չեմպիոնության, կամ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար։ Հետաքրքիր կլինի հետևել թիմի գործողություններին ավելի բարձրակարգ ակումբների դեմ պայքարում, որովհետև աճն ու ինքնակազմակերպվածությունն առաջին տուրերի համեմատ նոր մակարդակի է հասել։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որին մեկնարկային կազմից փորձեց դուրս մղել Էմերին՝ թիմի խաղամակարդակն ավելի բարձրացնելու համար ու ստացվեց։ Առաջին խաղերում նա հայտնվում էր մեկնարկային կազմում ու ոչ կայուն ֆուտբոլ էր ցուցադրում։ Երբեմն ժամանակից շուտ էր ազատվում գնակից, երբեմն էլ միկրոդրվագներում կայացնում էր ոչ ճիշտ որոշումներ։ Իհարկե, մեր ֆուտբոլիստի խաղամակարդակը մեկնարկային կազմում հայտնվող ֆուտբոլիստների մի մասից բարձր է, բայց մեկ անգամ չէ, որ նա կայունության հետ խնդիրների է բախվել։ Փոխարենը, մարզիչը սկսեց Հենրիխին փոխարինման դուրս բերել՝ այդ կերպ սրելով հանդիպումն ու օգտագործելով վերջինիս թարմությունը։ Հայազգի կիսապաշտպանը պիտի նորից աշխատի խաղն իր վրա չվերցնելու հոգեբանական բարդույթը հաղթահարելու ուղղությամբ ու վերականգնի առանցքային ֆուտբոլիստի կարգավիճակը։ Սա մեծ մարտահրավեր է նրա համար, բայց մեկ անգամ չէ, որ կարողացել է հաղթահարել հենց այդ խնդիրը։ Իհարկե, ամբողջությամբ հաղթահարել չի ստացվել, այլապես այն նորից ու նորից ի հայտ չէր գա, բայց Հենրիխի կամային հատկանիշներն ու աշխատասիրությունը չեն կարող անտեսվել Էմերիի կողմից։

Ստացում է, որ «Արսենալը» բարելավել է խաղն ու ադապտացիոն դժվարությունները թողել անցյալում, իսկ Մխիթարյանն ընդհակառակը՝ կանգնել է նոր խնդրի առջև, որը հաղթահարելու համար հսկայական ջանքեր են պետք։

Նաև հատկանշական է, որ մրցաշրջանի սկզբում պահեստայինների նստարանից հաճախ էր խաղին հետևում թիմի հարձակվողներից մեկը՝ Ալեքսանդր Լակազետը, բայց կարծես ֆրանսիացին աստիճանաբար ոչ միայն ամրապնդվում է մեկնարկային կազմում, այլ դառնում է թիմի առաջատարներից մեկը։ Տպավորում է նաև երիտասարդ Գենդուզին, ում ամռանը ձեռք բերեց Էմերին ու ֆուտբոլային աշխարհին բացահայտեց հեռանկարային և բարձրակարգ կիսապաշտպանի։ Երիտասարդ ֆուտբոլիստը լավ հնարավորություններ ունի դառնալ առաջնության հայտնություններից մեկը։

Թվում է, թե ամեն ինչ կարգավորվել է «Արսենալի» համար, բայց դա շատ հարաբերական է։ Վենգերի գլխավորությամբ նույնպես ակումբը պայքարում էր լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար և հիմնականում դա հաջողվում էր։ Տարիներով ֆրանսիացի մասնագետն «Արսենալին» կայուն տեղ է ապահովել Չեմպիոնների լիգայում։ Ճիշտ է, վերջին տարիներին դա բարդ էր տրվում կամ ընդհանրապես չէր հաջողվում, բայց չկար ոչ մի հիմնավոր փաստարկ, որ Վենգերը չի կարող դա կարգավորել ու նորից թիմին բարձրացնել լավագույն քառյակ։ Երկրպագուները բոյկոտում էին խաղերը՝ ստադիոն չգնալով ու Վենգերի հեռացումը պահանջելով։ Նույնիսկ մասնագետից դժգոհ էին այն ժամանակ, երբ ամեն տարի լավագույն քառյակն ակումբի գրպանում էր։ Նրանք պահանջում էին ավելին ու այդպիսի հեղինակավոր ակումբի համար դա նորմալ է։ Վենգերն «Արսենալին» դարձրեց թոփ ակումբ, իսկ թոփ լինել նշանակում է տիտղոսներ նվաճել։ Արդյունքում, մարզիչը հեռացվեց ու եկավ Էմերին, որը նորից պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, ընդ որում, առայժմ 5-րդն է։ Այս իրավիճակում հարց է առաջանում․ ինչու՞ էին բողոքում երկրպագուներն անգամ այն ժամանակ, երբ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ լավագույն քառյակում էր հայտնվում։ Մի՞թե ավելին պահանջելու մոլուցքը կվերանա ու Էմերին մոտ ապագայում չի կանգնի նման խնդրի առաջ։

Երբ միջին մակարդակի թիմը ցատկում է գլխից վեր ու պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, դա մարզչի հսկայական աշխատանքի ու ֆուտբոլիստներին մոտիվացնելու մասին է խոսում, բայց, երբ կազմում ունեցած ֆուտբոլիստների մակարդակը միջինից բարձր է, քառյակում հայտնվելը չի խոսում մարզչի հերոսության կամ շատ բարձր կարգի մասին, այլ կայունության ու կազմակերպչական ունակությունների, որով օժտված են մեծ թվով մասնագետներ։ Օրինակ, ՊՍԺ-ն շատ հանգիստ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, բայց Էմերին հեռացվեց, որովհետև ֆուտբոլիստների մակարդակն ավելի քան թույլ էր տալիս «աչքերը փակ» հասնել այդ ցուցանիշին, բայց նույն մակարդակի թիմերին հաղթելը խնդիր էր Էմերիի ՊՍԺ-ի համար։ Սպասվում է, որ Էմերին կկանգնի նույն խնդրի առաջ, անգամ եթե ապահովի թիմի ելույթները Չեմպիոնների լիգայում։ «Արսենալի» ղեկավարության ցածրորակ ջանքերը, որոնք ուղղված են ակումբի հեղինակությունը գցելու, հետևաբար, երկրպագուների կողմից մրցաշրջանի կտրվածքով պահանջի նշաձողը ցածրացնելու ջանքերն, առայժմ ապարդյուն են անցնում։ Դեռ կա պահանջարկ, որը ղեկավարության կողմից արհամարհվում է։ Եթե երկրպագուները սովորեն նման իրավիճակին՝ ակումբի հեղինակությունը կընկնի, որը ղեկավարությանը չի ստիպի մեծ ներդրումներ անել, ինչին փորձում են հասնել։

Նման իրավիճակում սովորական կլինի այս մրցաշջանի ավարտին թիմին լավագույն քառյակում տեսնելը, բայց երբեք դա չի գոհացնի բազմաթիվ համակիրների, ինչպես չգոհացրեց ու չի գոհացնելու ՊՍԺ-ի երկրպագուներին՝ Ֆրանսիայի առաջնությունում հաղթելուց հետո։

Մխիթարյանի՝ «Արսենալում» հայտնվելուց հետո, մենք՝ հայերս, հիմնականում դարձել ենք այդ ակումբի երկրպագուն։ Այնպես որ, եթե բավարարված լինեք «Արսենալի» միայն Չեմպիոնների լիգայում հայտնվելով, ապա ղեկավարությանն այնուամենայնիվ հաջովել է փոխել համակիրների մի մասի հոգեբանությունը, նրանց դարձնելով գոհ, բայց, միևնույն ժամանակ՝ հեռանկարային նախագծեր չպատրաստելով ու մեծ ներդրումներ չանելով։

 

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000