Որոնել
Արխիվ
14.09.2018  21:41

Վադիմ Սկրիպչենկո. «Ոչ մի արտաքին գործոն չի կարող մեզ կանգնեցնել»

Բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հետ` ուսումնամարզական հավաքի, թիմի պատրաստվածության և առաջիկա մրցակից «Արցախ»- ի մասին:

1. Կարո՞ղ եք ամփոփել Հանքավանում անցկացրած մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքի արդյունքները:

Մենք մարզչական շտաբով պլանավորել էինք այս մարզումները և լավ է, որ հավաքականի ընդմիջումը հնարավորություն տվեց մեզ իրականացնել այն: Հիանալի պայմաններ էին ստեղծված և շատ լավ էր, որ մենք մենակ էինք այնտեղ և կարող էինք մեր ուզած գրաֆիկով պարապել և հանգստանալ: Թիմի հետ հաջող և՛ ֆիզիկական, և՛տակտիկակական մարզումներ ունեցանք: Հիմա ես զգում եմ, որ թիմը ավելի վստահ է իր ուժերին և տղաները ավելի լավ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջում մարզչական շտաբը: Եթե մինչ այդ տղաներից մի քանիսը դեռ այդքան լավ ֆիզիկական մարզավիճակում չէին, փորձեցինք դրանք էլ շտկել: Իսկ հիմա ամենակարևորը այդ ամբողջ կատարած աշխատանքը ճիշտ օգտագործելն է, որ հաջողության հասնենք:
2. Առաջիկա մրցակից «Արցախ»-ը հիանալի սկսեց պայքարը մրցաշրջանում, սակայն նախորդ հանդիպման ժամանակ ջախջախիչ պարտություն կրեց «Ալաշկերտ»-ից ՝ 0:6 հաշվով: Այս արդյունքը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ դուք թերագնահատեք հակառակորդի ուժերը:

Մենք հաշվի չենք առնում, թե ինչպես հակառակորդը հանդես եկավ նախորդ խաղում, այլ նայում ենք նրանց ցուցաբերած խաղը, ուսումնասիրում ենք և մեզ համար հետևություններ ենք անում, թե ինչպես են նրանք հանդես գալիս պաշտպանությունում կամ հարձակման ժամանակ: Ցանկացած պարագայում, այս թիմը հարգանքի արժանի է, քանի որ նրանք լավ հանդես եկան առաջնության սկզբում: Ճիշտ է, նախորդ խաղում պարտվել են, բայց անհաջողություններ միշտ էլ լինում են, և մենք դրան ուշադրություն չենք դարձնում: Մեր հիմնական նպատակը ուժեղ կողմերն օգտագործելն է՝ հաջողության հասնելու համար, իսկ այն, որ հակառակորդը նախորդ խաղում պարտություն է կրել, արտաքին գործոն է և ոչ մի արտաքին գործոն չի կարող մեզ խանգարել հաջողության հասնել:
3. Վաղը դուք խաղալու եք ձեզ համար անսովոր շուտ ժամի՝ 14:00-ին, այս հանգամանքը կարո՞ղ է ավելորդ անհարմարություններ ստեղծել, հաշվի առնելով քաղաքի շոգ եղանակը:

Խաղի ժամը, կամ շոգ եղանակը կրկին արտաքին գործոններ են, որոնք մեզ չեն կարող խանգարել: Մենք պրոֆեսիոնալ թիմ ենք, պրոֆեսիոնալ և որակավորված ֆուտբոլիստներ ունենք և գիտենք մեր նպատակը առաջնությունում: Այստեղ պետք է միայն ուժեղ կողմերը ցույց տալ և հաջողության հասնել, կկրկնվեմ, որ ոչ մի արտաքին գործոն մեզ չի կարող կանգնեցնել:
4. Ձեր թիմի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և հանդես եկավ երկու խաղերում՝ Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ: Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթները և ի՞նչ մարզավիճակով նա վերադարձավ թիմ:

Շատ հպարտ ենք, որ մեր թիմի տղաները հրավիրվում են ազգային հավաքականներում հանդես գալու, դա թիմի որակի մասին է խոսում և նշանակում է, որ մենք ճիշտ ենք աշխատում և ճիշտ ճանապարհի վրա ենք: Գոռը հանդես եկավ երկու խաղերում, և չի կարելի առանձնանցել նրա խաղը թիմի խաղից, քանի որ պետք է միշտ նայել թիմի ցուցաբերած արդյունքին: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականի սպասելիքները ավելի շատ էին այս երկու խաղերից, քան իրականում ունեցան: Շատ լավ է, որ Գոռը մասնակցեց այս երկու խաղերին և լավ մարզավիճակում է գտնվում հիմա, այժմ մեր հիմնական նպատակը նրան պատրաստելն է հաջորդ հանդիպմանը:

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000