Որոնել
Արխիվ
Загрузка...
24.01.2018  21:08

Eurosport-ի ծավալուն հոդվածը Մխիթարյանի և Սանչեսի փոխատեղման մասին

Rating

Eurosport-ը գնահատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերները, և եկել այն եզրակացության, որ ֆուտբոլիստների փոխանակումից ավելի շատ կշահի Լոնդոնի «Արսենալը»:

Սանչեսը Մոուրինյոյի սրտով է, բայց նրա ոճին չի համապատասխանում

Պորտուգալացին միշտ գնահատել է բնատուր առաջատարներին, իսկ Ալեքսիսը օժտված է այդպիսի հատկանիշներով: Մոուրինյուն նմանօրինակ տղաների հետ շատ պարզ կերպով է աշխատում․ թույլ է տալիս, որ նրանք հարձակման գծում իմպրովիզացիաներ անեն և հենվում է այդ ֆուտբոլիստների զուտ կատարողական բարձր կարգի վրա: Այդ իմաստով Սանչեսը իդեալական կերպով համապատասխանում է պորտուգալացու պատկերացրած ֆուտբոլիստին:

Առջևում ազատ գործելու հնարավորության հետ մեկտեղ Մոուրինյոն խնդրում է հետին գծում սևագործ աշխատանք կատարել: Էտօ՛Օն «Ինտեր» - «Բարսելոնա» խաղի ժամանակ հինգերորդ պաշտպան էր խաղում, Ռեշֆորդն ու Մարսիալը շատ են իջնում պաշտպանության խորխորատները, երբ մրցակիցը սկսում է եզրային գրոհներ կազմակերպել: Շատ աստղեր այդ մարտավարությունը չեն հանդուրժել: Ժոզեն այդ հողի վրա վիճել է թե՛ Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ռեալում», թե՛ Ազարի հետ՝ «Չելսիում»: Բոլոր դեպքերում խոսքը գնում է եզրային հարձակվողների մասին. հենց այդ դիրքում է Մոուրինյուն տեսնում Սանչեսին: Ալեքսիսը դեռ «Արսենալում» պաշտպանողական ֆունկցիաներին մատների արանքով էր նայում, և նրա անկարգապահության պատճառով «զինագործների» ձախ եզրը 2016-17թթ․ մրցաշրջանում ամենաթույլն էր: «Մանչեսթերում» պաշտպանության ձախ եզրում խաղում են Յանգը կամ Շոուն․ երկուսն էլ լրացուցիչ օգնության կարիք ունեն: Վերջին տարիների Սանչեսը այդ առումով երևի թե ամենավատ թեկնածուն է:

Ալեքսիսի մյուս խնդիրը «բնազդային պրեսսինգն է», այսինքն չիլիացի ֆուտբոլիստը սկսում է պրեսսինգը այն ժամանակ, երբ թիմը դեռ դրան պատրաստ չէ, ու դրա պատճառով Սանչեսը մշտապես տարաձայնություններ է ունեցել «Արսենալի» իր թիմակիցների հետ: Հարձակվողը միշտ զայրանում էր, որ թիմակիցներն իր պրեսսինգին չեն աջակցում:

«Յունայթեդում» նույնպես չեն գնահատի Ալեքսիսի բնազդային մղումները: Մոուրինյուի թիմը միշտ խաղում է միջին տեմպով կամ էլ ավտոբուս է կայանում սեփական դարպասի դիմաց: Փոխզիջման հարց է առաջանում․ կա՛մ «Յունայթեդը» հարմարվում է հարավամերիկացու պրեսսինգային մոլուցքին և դառնում Մոուրինյուի առաջին թիմը, որը բարձր պրեսինգ է կիրառում, կա՛մ էլ Սանչեսը գլուխը կախ սկսում է բոլորի պես աշխատել պաշտպանությունում: Երկու տարբերակներն էլ քիչ հավանական են:

«Զինագործներն» ուրախ են, որ Սանչեսը հեռացավ

Դա արդեն ենթադրություն չէ, այլ կայացած փաստ: Չնայած՝ Սանչեսի հետ լոնդոնցիները հաղթել են խաղերի 58%-ում, իսկ առանց նրա՝ 41%-ում (2017/18 մրցաշրջանում), հարավամերիկացին բոլորին հասցրել է իր դեմ տրամադրել ու դա ընդհանրապես կապված չէ Ալեքսիսի պայմանագրի հետ: Նա դեռ նախորդ մրցաշրջանում շատերի հետ տարաձայնություններ ուներ, երբ թիմից հեռանալու վերաբերյալ ոչ մի խոսք չէր գնում:

Սանչեսը լուրջ բախում է ունեցել Լորան Կոսյելնիի հետ, դրա մասին 2017թ․-ի մարտին խոսել է Ռոբեր Պիրեսը: Թիմի ավագ Կոսյելնին Ալեքսիսին նկատողություն է արել, երբ չիլիացին վաղաժամ լքել է մարզումը: Այդ մրցաշրջանում այդպիսի մի քանի դեպք է եղել, երբ Կոսյելնին տեղն է դրել Ալեքսիսին խաղադաշտում իր չափազանց եսասեր վարքի համար և «Քրիսթալ Փելեսի» դեմ խաղում չի շնորհավորել խփած գոլի առթիվ, ֆրանսիացուն են միացել թիմի մի քանի ֆուտբոլիստներ:

Մարտավարական առումով Սանչեսը ավելի շատ վնաս է պատճառել: Ալեքսիսն անընդհատ միտված է գնդակին և փոխանցում է պահանջում անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե այն կորցնելու հնարավորությունը շատ մեծ է: Թիմակցի՝ գնդակ պահելու գործոնին չիլիացին շատ բուռն է արձագանքում․ օրինակ խաղի ժամանակ Սանչեսը իր բողոքն է հայտնել Աարոն Ռեմզիին, ով էլ չի լռել:

Մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ Վենգերն ասել է, որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ ուրախությամբ են ընդունել Սանչեսի հեռանալը, նրանք նույնիսկ խնդրել են մարզչին ավելի արագ կազմակերպել չիլիացու տեղափոխության հարցը:

«Մանչեսթեր Սիթին» Սանչեսի հետ բանակցություններից դուրս եկավ այն ժամանակ, երբ թիմին նոր պահանջներ ներկայացրեց գործակալ Ֆեռնանդո Ֆելիսևիչը: Ալեքսիսի ներկայացուցիչը իմացել էր, որ «Յունայթեդը» պատրաստ է ավելի լավ միջնորդագումար տալ, իսկ իր հաճախորդին էլ ավելի լավ պայմանագիր առաջարկել: «Սիթին» հրաժարվեց այդպիսի գործարքից: The Independent պարբերականի մարզական բաժնի ղեկավար Միգել Դիլեյնին վստահ է, որ Գվարդիոլան սկզբունքային որոշում է կայացրել:

Եվս մեկ պատճառ Սանչեսից հրաժարվելու․ «Սիթին» չի ուզել, որ Ալեքսիսն ավելի շատ վարձատրվի, քանի Դե Բրյույնեն: Բելգիացին թիմի հետ նոր պայմանագիր է կնքել շաբաթական 296 հազար եվրո աշխատավարձով, իսկ Սանչեսին առաջարկում էին շաբաթական 340 հազար, բայց «Յունայթեդն» ավելի շատ է առաջարկել՝ շաբաթական 350հզ ֆունտ: Այդպիսի աշխատավարձը համար խնդիր չէ, քանի որ «Յունայթեդը», Deloitte-ի վարկածով, գլխավորում է աշխարհի ամենահարուստ ակումբների ցուցակը: Հարցը հանդերձարանն է. իմանալով Ալեքսիսի աշխատավարձի վերաբերյալ Պոգբան պահանջել է կրկնապատկել իր շաբաթական հոնորարը՝ հասցնելով այն մինչև 400հզ-ի: Ժամանակին Ֆերգյուսոնի օգնական Սթիվ Մաքլարենը նշել է, որ ֆուտբոլիստները միշտ խանդով են վերաբերվում թիմակիցների աշխատավարձերին և ամեն կերպ փորձում են դիմացինից պոկել այդ տեղեկությունը:

Այդ իրավիճակից կարող է օգտվել նաև դե Խեան: Մոուրինյուն արդեն հանձնարարել է երկարաձգել Դավիդի հետ պայմանագիրը, ում ծառայություններով նախկինի պես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Զգալով իր կարևորությունը իսպանացին կարող է դարպասապահի համար ֆանտաստիկ հոնորարներ պահանջել՝ հիմնվելով երկու փաստի վրա․ Սանչեսի շաբաթական աշխատավարձն ու մադրիդյան թիմի հետաքրքրությունը: Դրանից «ՄՅՈՒ»-ի աշխատավարձային մասով բյուջեն լուրջ կորուստներ չի կրի, բայց դե Խեայի օրինակը կարող է վարակել մյուս «կարմիր սատանաներին»:

Մխիթարյանն իր համար իդեալական մարզիչ է գտել

The Guardian-ի վերլուծաբան Ջոնաթան Ուիլսոնը նկատել է, որ Հենրիխի ցուցանիշը պաշտպանողական գործողություններում ընկել է: «Բորուսսիայի» կազմում, վերջին մրցաշրջանում Հենրիխը ամեն խաղում իրականացրել է միջինում 3.2 գնդակի խլում, իսկ այս մրցաշրջանում «մանկունիացիների» կազմում այդ ցուցանիշը նվազել է մինչև 1.5-ի: Ուիլսոնը այդպիսի հետընթացը կապում է թիմերի խաղաոճի հետ: Եթե դորտմունդցիները ավելի բարձր պրեսսինգ են կիրառում, իսկ դա Մխիթարյանին ավելի է ձեռնտու (քիչ վազել, բայց ավելի շատ խլել), «Յունայթեդն» ավելի խորն է պաշտպանվում և մրցակցին չի ճնշում, իսկ փլեյքմեյքերը ստիպված է լինում իսկապես քրտնաջան աշխատանք տանել պաշտպանությունում:

Հենրիխի խնդիրներից մեկն էլ Մոուրինյուի կողմից հստակ հանձնարարությունների բացակայությունն է: Նախորդ մրցաշրջանում «Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանը նույնիսկ դիմեց մարզչական նստարանին, քանի որ չէր հասկանում, ինքը պետք է պրեսսինգ կիրառի, թե՝ ոչ: Այդ պատկերը լրացնում է նաև երեք ամիս անց Անդեր Հերրերայի ցուցումը, երբ բասկը արդեն ձեռքերով ցույց էր տալիս Հենրիխին, թե որ մրցակցի վրա պետք է պրեսսինգ կիրառի «Տոտտենհեմի» դեմ խաղում:

Յուրգեն Կլոպպը ժամանակին նշել է, որ Մխիթարյանը չափազանց շատ է կենտրոնանում իր թերությունների վրա, դա ապացուցում է այն փաստը, որ հայ ֆուտբոլիստն անտարբեր չէ խաղից առաջ տարվող աշխատանքներին: Համապատասխանաբար, այդ խաղերում Հենրիխը խաղադաշտ էր դուրս գալիս մարզչական շտաբի կողմից չնախապատրաստված:

Մխիթարյանի ու Մոուրինյուի փոխըմբռնման բացակայության մասին խոսում է երկու դրվագ: Manchester Evening News-ը հայտնում է, որ Հենրիխը մեղադրել է Ժոզեին թիմի պաշտպանողական մարտավարության ձախողման, իր վրա չափազանց շատ պաշտպանողական բնույթի գործառույթներ դնելու համար: «Բրայթոնի» դեմ խաղից հետո այդ կոնֆլիկտը ավելի է թեժացել: ESPN-ի տվյալներով Մխիթարյանը չի համաձայնվել մարզչի (տեսագրությունը դիտելուց հետո) ընդհանուր վերլուծության հետ: Հետաքրքրական է, որ նույն պատմությունը կրկնվել է «Չելսիում». Մոուրինյոյի հոտ վիճել է դե Բրյույնեն:

Ի դեմս Վենգերի՝ Մխիթարյանը գտել է մի մարզչի, ով ավելի լավ է բացում ֆուտբոլիստների որակները: Արսենի խաղաոճը դրան նպաստում է: «Արսենալն» իր լավագույն հանդիպումներն անցկացնում է պաշտպանողական բարձր գծի և պրեսսինգի առկայության դեպքում: Understat-ի տվյալներով «զինագործները» ԱՊԼ-ում երրորդ պրեսսինգն ունեն: Իսկ այդպիսի խաղաոճի Հենրիխն արդեն սովոր էր դեռ «Բորուսսիայում», երբ բարձր ճնշումն օգտագործում էին և՛ Կլոպպը, և՛ Տուխելը:

«Արսենալը» թույլ կտա Մխիթարյանին ստեղծագործել

Առաջին հերթին Հենրիխը Վենգերի հետ տարաձայնություններ չի ունենա: Ֆրանսիացու մարտավարությունը նրան հարմար է, խաղադաշտից դուրս սկանդալներ չեն նշմարվում, երկուսն էլ միմյանց գործարքից դեռ 5 օր առաջ կոմպլիմենտներ են արել: Հենրիխը դեռ 2009թ․-ին է հիացել «Արսենալի» խաղով, երբ իր մակարդակը դեռ հեռու էր թոփ-ակումբներից: Դեռ այն ժամանակ Մխիթարյանը հասկացել էր, որ վենգերբոլը իրեն հաճույք է պատճառում:

Նոր թիմակիցների խաղային որակները շատ խոստումնալից են: Եթե «Յունայթեդում» Մխիթարյանը Լուկակուի հետ էր խաղում, բելգիացին շատ էր իջնում կիսապաշտպանություն, դրանով զրկում Հենրիխին գնդակից, ապա «Արսենալում» խաղում է Լյակազետը, ով շատ լավ է բացվում մրցակցի պաշտպանությունում և սպասում է սուր փոխանցման, իսկ Հենրիխի ֆիրմային փոխանցումները «Էմիրեյթսում» ավելի շատ պետք կգան:

3-4-3 սխեմայում Մխիթարյանը կզբաղեցնի երկրորդ 10-րդ համարի կամ Սանչեսի դիրքը, բայց դժվար թե խանգարի առաջին ջութակ Օզիլին: Երկուսն էլ տեղաշարժվելով կապահովեն թիմին անհրաժեշտ բալանսը: Եթե Հենրիխը շարժվի եզրից կենտրոն, ապա Մեսութը՝ ընդհակառակը: Իսկ եթե Օզիլն այդպես էլ նոր պայմանագիր չկնքի, ապա խաղի թելը կանցնի հենց Մխիթարյանի ձեռքը: Եթե Մեսութը որոշի մնալ, ապա կարող է նոր դուետ կազմվել, ինչպես «Սիթիում» դե Բրյույնեն ու Սիլվան: Վենգերի գլխավորությամբ այդպիսի հնարավորություն հաստատ կա:

ArmFootball.com


Загрузка...
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511