Որոնել
Արխիվ
21.04.2017  15:19

Ռուսաստանցին ցանկացել է «Բորուսսիայի» ավտոբուսի պայթյունով արժեղթղթային բորսայում մեծ գումարներ վաստակել

Rating

Ապրիլի 21-ին գերմանացի իրավապահները հայտարարել են, որ ձերբակալել են Դորտմունդի «Բորուսսիայի» ավտոբուսի վրա հարձակում գործած կասկածյալին: Վերջինս 28-ամյա ռուսաստանցի է, ով ըստ նախնական տեղեկությունների, ցանկացել է ակումբի բաժնետոմսերի անկման արդյունքում արժեթղթային բորսայում մեծ գումարներ վաստակել:

Ինչպես պարզել են գերմանական ԶԼՄ-ները, խոսքը 28-ամյա Սերգեյ Վ․-ի մասին է, ով միաժամանակ Գերմանիայի և ՌԴ քաղաքացի է: Ռուսաստանի դեսպանատունը ռուսաստանցու ինքնությունը դեռ չի հաստատել: Հատուկջոկատայինները ռուսաստանցուն աշխատանքի մեկնելիս ձերբակալել են Տյուբինգենում: Ոստիկանությունում հայտարարել են, որ իսլամական ահաբեկիչների ու անտիֆաշիստների հետ կապված վարկածները չեն հաստատվել

Պայթյունի օրը Սերգեյ Վ․-ն կրեդիտ է ձևակերպել և գնել «Բորուսսիայի» 15 հազար (put option) գնման օպցիոն (պայմանագրի գնորդը ստանում է իրավունք, սակայն ոչ պարտավորություն գնել կամ վաճառել պայմանավորված ակտիվը պայմանագրում նախատեսված գնով և ժամկետում՝ վճարելով պայմանավորված պարգևավճար): Bild-ի հաշվարկներով, այդ պայմանագիրը արժեցել է 78.000 եվրո: Այդպիսով կասկածյալը շուկայում խաղացել է ընդդեմ ակումբի: Ինչպես գրում է Die Welt-ը, ռուսաստանցին ցանկացել է 50 անգամ բազմապատկել իր ներդրած գումարը (Bild-ի հաշվարկով դա կազմում է մոտավորապես 3.9մլն եվրո): Հաշվի առնելով, որ ամեն օպցիոնը ձևակերպվում է 100 բաժնետոմսով, այդպիսի եկամտի համար «Բորուսսիայի» արժեքորոշումը (կալկուլյացիա) պետք է ընկներ մոտ 2.6 եվրոյով: Բայց արժեթղթերը անկում են ապրել ընդամենը 33 եվրոցենտով, այդ իսկ պատճառով եկամուտը չէր կարող գերազանցել կես միլիոն եվրոն: Հաջողվե՞լ է արդյոք ռուսաստանուն ինչ-որ բան վաստակել, դրա մասին ոչինչ չի հաղորդվում: Այդ կասկածելի գործարքը, որը տեղի է ունեցել մինչև պայթյունը, նկատել են Comdirect բանկի ներկայացուցիչները, հենց դրա շնորհիվ է ոստիկանությունը դուրս եկել Սերգեյ Վ․-ի հետքի վրա:

Արժեղթղթային օպցիոնները գնվել են Դորտմունդի LʼArrivée հյուրանոցին պատկանող IP հասցեից: Հենց այդ հյուրանոցում են ապրել ֆուտբոլիստները: Ինչպես պարզել է քննությունը, կասկածյալը մեկ ամիս առաջ ապրիլի 9-ից 13-ի և 16-ից 20-ի համար համարներ է ամրագրել, քանի որ մարտ ամսին դեռ պարզ չէր, թե երբ է «Բորուսսիան» մրցելու «Մոնակոյի» հետ: Հյուրանոցում տեղավորման ժամանակ Սերգեյ Վ․-ն խնդրել է փոխել համարը, քանի որ մինչ այդ առաջարկվող սենյակից չէր երևում այն փողոցը, որով պետք է անցներ «Բորուսսիայի» ավտոբուսը: 

Պայթյունի համար, ըստ նախաքննության, ռուսաստանցին օգտագործել է 3 ռադիողեկավարվող ռումբեր: Դրանք տեղադրվել են միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա, ճանապարհի եզրերին՝ այն մասում, որտեղով պետք է անցներ ավտոբուսը: Նշվում է, որ Սերգեյ Վ․-ն փորձառու էլեկտրոտեխնիկ է եղել, և 2015թ․-ին էլեկտրոնիկայի բնագավառում գրանցած հաջողությունների համար ԲՈՒՀ-ից հավաստագիր է ստացել: Երբ հյուրանոցի կենվորները պայթյունից հետո անհանգստացած այս ու այն կողմ են վազել, ռուսաստանցին, ականատեսների խոսքերով, լիովին հանգիստ, մտել է հյուրանոցի ռեստորան և սթեյք պատվիրել, փոխանցում է Bild-ը:

Այժմ ռուսաստանցուն կարող են մեղադրել սպանության փորձի 20 դեպքի համար, ինչպես նաև պայթուցիկ նյութեր օգտագործելով անձի առողջությանը վնաս պատճառելու հոդվածով: Հավելենք, որ պայթյունի արդյունքում տուժել է «Բորուսսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, ինչպես նաև ավտոբուսն ուղեկցող ոստիկանը:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511