Որոնել
Արխիվ
31.12.2019  17:00

Մխիթարյանի բենեֆիսը, Դավթյանի ցատկերը. 2019-ի 10 իրադարձություններ, որոնք կուզենանք միշտ վերհիշել (PHOTO, VIDEO)

Rating

Ավարտվում է 2019թ.-ը, ու թեև  ավարտվող տարում եղան հայկական սպորտում եղան նաև ձախողումներ և տհաճ իրադարձություններ (թողնենք դրանք ավարտվող տարում), սակայն հիշարժան իրադարձությունները շատ ավելի շատ էին: ArmFootball.com-ն առանձնացրել է 10 իրադարձություն, որոնցով 2019թ.-ը հայ մարզասերների համար առանձնահատուկ է լինելու:

Հաղթանակ Աթենքում


Նախկինում Հայաստանի հավաքականը երբեք չէր հաղթել Հունաստանին, և այս հաղթանակը որքան անսպասելի, այնքան էլ հաճելի էր, հատկապես, որ այն արտագնա խաղում էր: Ճիշտ է, Հունաստանի հավաքականը լավագույն մարզավիճակում չէր, բայց մեր ընտրանին էլ երկար ժամանակ չէր ուրախացրել իր երկրպագուներին: Շատ լավ հանդիպում անցկացրեց հավաքականի հարձակման գիծը՝ Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանն ու Տիգրան Բարսեղյանը մեկական գնդակ խփեցին՝ ապահովելով հաղթանակը:

Մխիթարյանի բենեֆիսը. Հայաստան - Բոսնիա

Այս խաղին հաջորդած հաջորդ 4 խաղերը կցանկանանք ընդմիշտ մոռանալ (դժվար թե ստացվի), բայց սեպտեմբերի 9-ին Հանրապետական մարզադաշտում տարած հաղթանակը անմոռանալի հուշեր թողեց: Ֆանտաստիկ խաղ ցուցադրեց Հենրիխ Մխիթարյան՝ դուբլ+գոլային փոխանցում (կարելի է ասել նույնիսկ՝ երկու գոլային փոխանցում): Հայաստանի հավաքականի պատմության ամենաէմոցիոնալ խաղերից մեկն էր:

Արթուր Դավթյանի ցատկերը

Այն ինչ արեց Արթուր Դավթյանը Եվրոպական երկրորդ խաղերի ընթացքում, քիչ մարմնամարզիկների է հաջողվում: Արթուրի երկու ցատկերը ֆանտաստիկ էին, գրեթե իդեալական, երկու անգամ էլ վայրէջքը երկու ոտքերի վրա: Արդեն այդ պահին պարզ էր, որ ցատկերը չեմպիոնական էին: 

Եվրոպական խաղերի վերջին օրը

Մինսկում կայացած Եվրոպական խաղերի վերջին օրից առաջ հայ մարզիկները 6 (մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե) մեդալ էին նվաճել, որոնցից երեքը՝ ոչ օլիմպիական սամբո մարզաձևից: Սակայն վերջին օրը պարզապես փառահեղ էր: Նախ իրենց եզրափակիչ մենամարտերը հաղթեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը: Հետո եզրափակչում փայլուն հաղթանակ տարավ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Այնուհետև փայլեցին մարմնամարզիկները: Նախ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց օղակների վրա, իսկ չեմպիոնական օրվա չեմպիոնական ավարտը դրեց Արթուր Դավթյանը իր փայլու ցատկերով:

19-ամյա Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն


Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը փայլուն կերպով ներխուժեց մեծահասակների ասպարեզ՝ հենց առաջին փորձից նվաճելով Եվրոպաի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ Հայաստանը այս մարզաձևում Եվրոպայի չեմպիոն ունեցել էր 2013թ.-ին, երբ հաղթող էր դարձել Դավիթ Սաֆարյանը: Հարությունյանի և նրա հասակակից Վազգեն Թևանյանի ելույթները (Մ-23 Եվրոպայի չեմպիոն) հույս են ներշնչում, որ առաջիկայում ազատոճային ըմբիշները դեռ կուրախացնեն հաղթանակներով ու մեդալներով:

Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն


Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այս տարի Հայաստանը երկու չեմպիոն ունեցավ: Հակոբ Մկրտչյանը լավագույնն էր ոչ օլիմպիական 89 կգ քաշային կարգում,  իսկ Սիմոն Մարտիրոսյանը նորից ոչ մի շանս չտվեց իր մրցակիցներին: Սիմոնի հաղթանակները արդեն սովորական են դառնում, և 2020-ին երիտասարդ ծանրորդը պետք է պայքարի իր կարիերայի գլխավոր նվաճմանը՝ օլիմպիական ոսկուն հասնելու համար: Ճիշտ է, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ Սիմոնը ստանալու է նաև 2016թ.-ի խաղերի ոսկե մեդալը, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկությունը միջազգային ֆեդերացիայից դեռ չկա: Եթե դա էլ հաստատվի 2020-ի ընթացքում, Մարտիրոսյանը կարող է ծանրամարտում եզակի հաջողության հասնել՝ երկու օլիմպիական ոսկի մեկ տարում: 

Եվրագավաթային ամառ


Թերևս առաջին անգամ եվրագավաթների մասին խոսելիս նշում ենք, որ դա իրադարձություն է, որը պետք է հիշել: Հայկական 4 թիմերից ձախողվեց միայն մեկը՝ «Ուրարտուն»: «Ալաշկերտը», հաղթահարեց մեկ փուլ, հետո արժանի պայքար մղեց ռումինական «Ստյաուայի» հետ՝ հաղթելով արտագնա խաղում, բայց դուրս մնալով պայքարից: «Փյունիկը» երկու փուլ հաղթահարեց՝ պայքարից դուրս թողնելով չեխական ուժեղ ակումբին և Հայաստան «բերելով» անգլիական Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփթոնին»: Իսկ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում համառ պայքարում զիջելով շվեդական ԱԻԿ-ին, հետո Եվրոպայի լիգայում ևս երկու փուլ հաղթահարեց՝ դառնալով հայկական առաջին թիմը, որը հանդես եկավ եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆ փուլում: Ու թեև այնտեղ 11 մետրանոցներով զիջեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին», սակայն այս տարվա մեր ակումբների ելույթները հույս արթնացրին ֆուտբոլասերների մոտ, որ եվրագավաթների խմբային փուլը արդեն անհասանելի հաճույք չէ:

Օբերլիգայից Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի փառահեղ ճանապարհը

Ավարտվող տարին փառահեղ էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի համար: Մայիսին հայտնի դարձավ, որ Ադամյանը տեղափոխվում է Բունդեսլիգա՝ համալրելով «Հոֆենհայմի» շարքերը: Սեպտեմբերի վերջին նա իր նորամուտը նշեց Բունդեսլիգայում՝ դուրս գալով փոխարինման, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին, առաջին անգամ ընդգրկվելով թիմի մեկնարկային կազմում, այն էլ՝ Մյունխենում՝ «Բավարիայի» հետ խաղում, դուբլի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց իր թիմին: Դեկտեմբերին էլ գոլ+գոլային փոխանցում «Բորուսսիայի» հետ տնային խաղում: Պարզապես ֆանտաստիկ է, երբ հասկանում ես, որ ընդամենը 3 տարի առաջ Ադամյանը խաղում էր Ռեգիոնալ լիգայում, իսկ 6 տարի առաջ ընդահնրապես, օբերլիգայում...

Հենրիխ Մխիթարյանի նորամուտը Ա Սերիայում

Մխիթարյանի համար մրցաշրջանը «Արսենալում» այդքան էլ լավ չէր դասավորվում, թեև թիմի հետ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որին, հայտնի պատճառներով չմասնակցեց: Նոր մրցաշրջանում Մխիթարյանը կորցրեց տեղը մեկնարկային կազմում, և տրանսֆերային պատուհանի վերջին օրը հասցրեց վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»՝ դառնալով Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Իտալիայի առաջնությունում «Ռոմայում» Հենրիխը փայլուն նորամուտ ունեցավ՝ դառնալով գոլի հեղինակ: Հետագայում վնասվածքը մի փոքր գցեց նրա տեմպը, բայց, ապաքինվելով, Մխիթարյանը ևս երկու գոլ խփեց Ա Սերիայում և այժմ պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Եվրո-2019՝ Հայաստանում

2019թ.-ին Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլային խոշոր մրցաշար անցկացվեց: Մ-19 Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու իրավունքը Հայաստանը ձեռք էր բերել դեռևս ֆեդերացիայի նախկին նախագահի՝ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ: Իսկ արդեն ֆեդերացիայի նոր կազմը փայլուն կերպով իրականացրեց մրցաշարի անցկացումը: Հայ ֆուտբոլասերները հնարավորություն ստացան մարզադաշտից հետևել ֆուտբոլային ապագա աստղերի խաղին, չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը, ու թեև, Հայաստանի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր խաղերում՝ խոշոր հաշվով, սակայն ֆուտբոլասերների հիշողության մեջ առաջին հերթին կմնա այսպիսի իրադարձության անցկացումը Հայաստանում:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000