Որոնել
Արխիվ
18.08.2019  13:34

Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Սահակ Հովհաննիսյանի և Շանթ Խաչատրյանի ճանապարհը դեպի եզրափակիչ (VIDEO)

Rating

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Սահակ Հովհաննիսյանը (2018թ.-ի պատանիների Եվրոպայի չեմպիոն) նախօրեին 4 հաղթանակ տարավ:

Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռասուլ Իսրապիլովի և հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ հաղթանակները բավականին հեշտ տրվեցին (միևնույն 9-0 հաշվով): Շատ գեղեցիկ ստացվեց Հովհաննիսյանը գցումներից մեկը՝ Իսրապիլովի հետ գոտեմարտում, որի համար մեր ըմբիշը 5 միավոր ստացավ:

Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանին շատ բարդ ու սկզբունքային մրցակից էր բաժին հասել: Վրացի Դիեգո Չխիկվաձեն հաղթել էր Հովհաննիսյանին այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում: Ընդ որում, Դիեգո Չխիկվաձեի ավագ եղբոր՝ Գեորգիի հետ Սահակը երկու անգամ գոտեմարտել էր 2018թ.-ին. պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթել էր, պատանիների օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում պարտվել: Կրտսեր Չխիկվաձեի հետ երկրորդ գոտեմարտը Հովհաննիսյանը գերազանց անցկացրեց՝ հաղթելով 5-0 հաշվով:

Կիսաեզրափակչում երիտասարդ ըմբիշին ևս մեկ լուրջ դիմակայություն էր սպասում. Ռուսաստանը ներկայացնող Գեորգի Տիբիլովի հետ գոտեմարտը Հովհաննիսյանը շատ ակտիվ անցկացրեց՝ ստիպելով մրցավարներին երկու անգամ ռուս ըմբիշին պասիվության համար նկատողություն տալ:

Այսօր եզրափակչում Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտելու է թուրք փորձառու ըմբիշ, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, այս տարվա Մ-23 Եվրոպայի չեմպիոն և մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Քերեմ Քամալի հետ:

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը (2016թ.-ի պատանիների Եվրոպայի չեմպիոն) ևս 4 հաղթանակ տարավ՝ մինչև եզրափակիչ հասնելը: Մեկնարկային երկու գոտեմարտերը շատ վստահ անցկացրեց, թեև թունիսցի ըմբիշի հետ գոտեմարտում 6 միրավոր տվեց մրցակցին, բայց հաղթեց տուշեով: 

Քառորդ եզրափակչում Խաչատրյանին դիմակայում էր այս տավրա երիտասարդների Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի փոխչեմպիոն մոլդովացի Վալենտին Պետիչը (Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվել էր Մալխաս Ամոյանին): Դիտարժան գոտեմարտում Խաչատրյանը կարողացավ 8-3 հաշվով հաղթանակի հասնել:

Կիսաեզրափակչում ևս Խաչատրյանի գոտեմարտն անցավ շատ հետաքրքիր պայքարում: Թուրք Աբդուլ Բաշարի հետ գոտեմարտում Շանթը կարողացավ 2-5 հաշվով պարտվելիս 13 միավոր վաստակել և ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը՝ 15-5:

Այսօր եզրափակչում Շանթ Խաչատրյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի 2016թ.-ի չեմպիոն, այս տարվա երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեի հետ:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000